"ՆՄԱՆ ԱՆՈՄԱԼ ՇՈԳԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ"
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ"
Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով վերջին 10 օրվա ընթացքում մահացել է առնվազն 1200 մարդ: Շոգից ամենաշատը տուժել են Հնդկաստանի հարավ-արեւլյան նահանգները, օդի ջերմաստիճանը հասել է 48.8 աստիճանի: Սրան զուգահեռ, լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ մեզ ավելի մոտ գտնվող երկրների եղանակային նման անոմալիաների մասին: Հյուսիսում, Մոսկվայում եւս այս պահին բողոքում են նորմայից դուրս շոգից: Հնարավոր է արդյոք, որ այդ տաք եղանակները նաեւ Հայաստան ներթափանցեն. հարցի պատասխանը փորձեցինք պարզել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով վստահեցրեց.
- Ո՛չ, նման անոմալ շոգեր Հայաստանին չեն սպառնում, դա հաստատ:
- Իսկ ինչպիսի՞ն կլինի ամառվա առաջին ամիսը:
- Մայիսի 30-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, եւ հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ: Մայիսի 30-ից հունիսի 1-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով` մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում հասնելով մինչեւ 30-34, Սյունիքի հովիտներում` 36 աստիճանի:
Սակայն այս տարի հանրապետությունում հունիսին օդի ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով ցածր կլինի, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի: Հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը, իսկ երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը համեմատաբար կնվազի: Հունիսի առաջին տասնօրյակում եւս սպասվում են տեղումներ, որոնք, սակայն, կկրեն լոկալ բնույթ: Այնպես որ, սպասվում է զով եւ խոնավ հունիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
