«ԻՆՉ-ՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՍԿՍԵՑԻՆՔ, ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԵՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ»
Արխիվ 12-16«ԻՆՉ-ՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՍԿՍԵՑԻՆՔ,
ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԵՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ»
Եվ կրկին մեծ շուքով նշեցինք մայիսի 28-ը, որը լինելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը, նախեւառաջ մայիսյան հաղթանակներն ամփոփող տոն է` Սարդարապատի հերոսամարտի գլխավորությամբ: 1918 թվականին հենց այդ օրը Հայաստանն ապացուցեց իր ուժն ու անկախ լինելու բացարձակ իրավունքը, միեւնույն ժամանակ, ունենալով նոր հաջողություններ ու ցավալի ձախողումներ: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
«ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ, ԱՅՍՕՐ ՉԷԻՆՔ ՈՒՆԵՆԱ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՑԱԽ»
–Պարոն Մինասյան, անդրադառնալով տոնին` նախեւառաջ խոսենք Հայաստանի առաջին հանրապետության ձեռքբերումների մասին:
– Ձեռքբերումներից ամենախոշորն այն էր, որ 6 դար շարունակ օտարի տիրապետությունից հետո վերջապես անկախություն նվաճեցինք եւ հայոց անկախ պետականություն վերստեղծեցինք: Երկրորդ ձեռքբերումը մեր միասնության հաղթանակն էր, երբ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ դասային տարբերություններից եւ այլն, մի բռունցք դարձած` հաղթանակ տարանք: Երրորդ ձեռքբերումն էլ համարում եմ սրբազան պատգամի կատարումը, ազատության եւ անկախության մեր հերոսների այդ երազանքի իրականացումը: Նրանց սրբազան պատգամն էր, որ միշտ հաղթանակով ավարտենք մեր պատերազմը, իսկ դա մենք ավարտեցինք Արցախյան գոյապայքարում: Եվ եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը, այսօր չէինք ունենա ազատագրված Արցախ: Ձեռքբերում էր նաեւ պետականության կայացումն ու պետական կառույցների ստեղծումը, կանոնավոր բանակի եւ աշխարհազորային ուժերի միավորումը: Եթե մենք առաջին հանրապետության տարիներին չունենայինք պետական կառույցներ` իր ներքին եւ արտաքին ֆունկցիաներով, չէինք կարող նաեւ Խորհրդային Հայաստանի հանրապետություն ունենալ: ՀԽՍՀ-ն, ըստ էության, առաջին հանրապետության ժառանգորդն էր, եւ դրա արդյունքում էր, որ մենք` որպես առանձին հանրապետություն, մտանք ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Հետագայում էլ, այդ հիմքի վրա առաջացավ Երրորդ հանրապետությունը, որը նույնպես առաջին հանրապետության ժառանգորդն էր, նաեւ իրավահաջորդը:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՄԵՆՔ ՇԱՏ ՀԵՏ ՄՆԱՑԻՆՔ»
–Իսկ որո՞նք էին ընդամենը 2,5 տարի գոյատեւած առաջին հանրապետության թույլ տված քաղաքական թերությունները, որոնք գոնե այսօր ցանկալի չէ կրկնել:
– Առաջին հերթին քաղաքական հեռատեսության պակասը` միջազգային քաղաքական իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու հարցում: Իհարկե, աշխարհաքաղաքական բարդ իրադրությունն իր հերթին որոշ պայմաններ ստեղծեց, բայց նաեւ առկա էր քաղաքական անհեռատեսությունը: Հիշեք, որ այդ շրջանում մենք անընդհատ Եվրոպայի վրա էինք հույս դնում` Սեւրի պայմանագիր եւ այլն:
– Բայց չէ՞ որ կային նաեւ որոշակի հարաբերություններ նաեւ Ռուսաստանի հետ:
– Ռուսաստանի հետ համագործակցության փորձ, իհարկե, եղավ, բայց այն ակտիվությամբ չարվեց: Հետագայում` 1920 թվականի օգոստոսի 10-ին` նոր պայմանագիր ստորագրվեց, որը բավական ուշացած էր: Դրա համար մենք պետք է ավելի շուտ այդ համագործակցության պայմանները ստեղծեինք: Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, այստեղ նույնպես անհետեւողականություն թույլ տվեցին: Օրինակ, Մայիսյան ապստամբությունը չպիտի լիներ: Այդ ապստամբության ճնշումից հետո խորհրդային պետությունն իր վերաբերմունքը փոխեց եւ էլ ավելի կոշտ դիրքորոշում ձեռք բերեց: Իհարկե, պիտի կարողանայինք այն ժամանակ ավելի վճռական լինել ու թույլ չտալ առաջին շրջանում մյուս կուսակցությունների ակտիվությունը: Ինչեւէ, երկուսուկես տարի տեւած մեր պետականությունն ուսանելի դասեր տվեց: Եվ այն առաջին հերթին քեմալաբոլշեւիկյան դաշինքի արդյունքում կործանվեց: Քեմալը կարողացավ, հատկապես եվրոպական երկրների շնորհիվ եւ շատ դեպքերում հենց իրենց դիվանագիտական խաղերի միջոցով ոտքի կանգնել: Իսկ մենք չկարողացանք այդ դիվանագիտությունը կիրառել: Ավելին` դիվանագիտական ճակատում մենք շատ հետ մնացինք, եւ արդյունքում կնքվեց` սկզբում Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, հետո` Մոսկվայում Ռուսաստանը մեր բոլոր նվաճումներն ի չիք հայտարարեց: Ինչպես գիտեք, 24 հազար քառ. կմ տարածք կորցրեցինք Մոսկվայի պայմանագրով: Առաջին հանրապետության տարիներին նաեւ մեր ռազմական գործիչները որոշակի սխալներ թույլ տվեցին` չհամագործակցելով քաղաքացիական իշխանության հետ: Ըստ էության, արդյունքում տանուլ տվեցինք` կորցնելով տարածքներ:
«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՀՈԽՈՐՏԱՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԷԼ ՉԻ ՀԱՍՆԻ»
–Իսկ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա` արդեն 24-ամյա Հայաստանի երրորդ հանրապետության վարած դիվանագիտական քաղաքականությունը:
– Փառք Աստծո, երրորդ հանրապետության տարիներին կարողացանք որոշ ձեռքբերումներ ունենալ` հանձին Արցախի ազատագրման: Առաջին հանրապետության տված կարեւոր դասը, իհարկե, միասնությունն էր, որը կարողացանք քաղել եւ շահել Արցախյան ազատագրական պայքարի տարիներին:
Այսօր էլ կան որոշակի թերություններ` արտագաղթ եւ այլն, բայց պետք է հզորացնենք մեր երկիրը: Եվ հիմա էլ պիտի հույսներս դնենք մեր ուժերի վրա, ոչ թե օտարի: Իմ կարծիքով` մենք այսօր այդքան էլ մեծ, փայլուն հաջողություններ չունենք արտաքին քաղաքականության մեջ, բայց առայժմ հավասարակշռված է այն ու, ըստ իս, պետք է շարունակել այդպես: Այժմ նորից այդ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն է, եւ մենք նորից Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Ճիշտ է, զինադադար է, բայց ժամանակավոր է, եւ, միեւնույն ժամանակ, այսօր էլ սահմանային շրջաններում զոհեր ունենք: Սա նշանակում է` դեռ պատերազմի մեջ ենք ու պետք է աչալուրջ լինենք` մեր քաղաքական քայլերի մեջ: Պետք է գոհունակությամբ նշեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումը մեծ արձագանք ունեցավ, եւ սա կարելի է դրական ձեռքբերում համարել: Այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատանքը նաեւ պահանջատիրության հարցում: Չպիտի վախենալ, եւ անհրաժեշտ է ինչ-որ տեղեր պահանջատիրության խնդիրներ առաջ քաշել, քանի որ դրանով նաեւ հարցը օրակարգի մեջ պահելու նպատակ ունենք: Եվ, տա Աստված, որ մի օր հասնենք մեր վերջնական նպատակին: Այն, ինչ որ մայիսյան հաղթանակներով սկեցինք, պետք է ավարտենք Արեւմտյան Հայաստանի ազատագրմամբ: Ես որոշակի հույսեր ունեմ եւ եթե ոչ այսօր կամ մի տասը տարի հետո, ուրեմն` ապագա սերունդը կհասնի դրան:
– Ի՞նչ կասեք Ադրբեջանի այսօրվա հնարավորությունների ու Արցախյան հիմնախնդրի վրա մեծ պետությունների ունեցածազդեցության մասին:
– Ադրբեջանն իր հոխորտանքի քաղաքականությամբ ոչ մի բանի չի հասնի: Համոզված եմ, որ եթե նա վստահ լիներ, որ հաջողություն կունենա, անպայման կպատերազմեր: Դա այսօրվա վիճակով հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ազդեցությանը, մենք այսօր երկկողմանի ճիշտ քաղաքականություն ենք վարում` Եվրասիա եւ Եվրոպա կապերը ամրապնդելու ուղղությամբ: Անշուշտ, պիտի ամրապնդենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իբրեւ ռազմական դաշնակից, բայց առաջնահերթություն տանք մեր շահերին: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է հաշվի առնենք մեծ տերություններին ու հավասարակշռված դիվանագիտական քաղաքականություն վարենք: Եվ այդ հավասարակշռված քաղաքականության վառ ապացույցը Ռիգայի գագաթաժողովն էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
