ՀԱԿ-Ի ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ "ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ" ԵՆ ՁԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16"ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ" ԵՆ ՁԵՎԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է, մի քանի ակտիվիստներ մայիսի 27-ի երեկոյան նախաձեռնել էին հանրահավաք Ազատության հրապարակում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Հաշվի առնելով, որ այդ ակտիվիստները որեւէ կուսակցության չեն պատկանում եւ հանրահավաքն էլ նախաձեռնում են զուտ որպես անհատ քաղաքացիներ, նման միջոցառումը միանշանակ դրական է գնահատվում շատ-շատերի կողմից, որովհետեւ այն արտահայտում է ժողովրդի շահերը, եւ իհարկե, դժվար թե, երկրում գտնվի մի ողջամիտ մարդ, ով կողմ կլինի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Եթե ամեն ինչ իսկապես շարժվեր այս սցենարով` իդեալական կլիներ, բայց, ցավոք, պետք է նշել, որ այդպես չէ, ավելի շուտ` չեն թողնում, որ այդպես լինի: Իսկ չթողնողներն արդեն վաղուց հեղինակությունից, վարկանիշից զրկված ու քաղաքական դիակների վերածված, սակայն ընդդիմության մենաշնորհը ատամներով պահող նախկինում իշխանություն եղած եւ երկիրը թալանած ՀՀՇ-ի` ՀԱԿ կոչվող շարունակությունը, որոնք այսօր կրկին ինքնահաստատվելու եւ այլոց պայքարն ու հաջողություններն իրենցով անելու, դրանք իրենց վերագրելու առիթներ են փնտրում:
Եվ ահա կա առիթը` սոցիալական դժգոհություն, որը բերում է ինքնաբուխ հանրահավաքի, եւ այդ մարդիկ կգան հանուն իրենց իրավունքների պաշտպանության, այլ ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական ուժի, որն իրականում միայն նեղ խմբակային խնդիրներ է փորձում լուծել: Կարծես թե, պատրաստի զանգված է, որին ընդամենը կարելի է փորձել մի փոքր խաբել, շեղել ուշադրությունը եւ սեփական նպատակների ու ծրագրերի համար օգտագործել մարդկանց արդարացի դժգոհությունը: ՀԱԿ-ն անցել էր գործի` առայժմ ոչ բացահայտ: Վերջին օրերին ՀԱԿ-ի ակտիվիստները քաղաքացիական ակտիվիստների հետ միասին թռուցիկներ էին բաժանում` մայիսի 27-ի հանրահավաքի մասին: Բացի այդ, Երեւանի հանրահավաքին զուգահեռ` մի քանի քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Սիսիան, Մեծամոր եւ այլն, նույնպես նախատեսված են հանրահավաքներ, որոնց կազմակերպիչներն արդեն ՀԱԿ-ից են, բայց նրանք նույնպես դա բացահայտ չեն ասում, այլ "տակից" են գործում:
Ընդհանրապես, ՀԱԿ-ը դեռ ամեն ինչ տակից է անում եւ նպատակ ունի այս շարժումն իրենով անել` դրանով իսկ իրենց հետագա գոյությունն ապահովելու, իրենց փիառը անելու եւ այդպիսով 2017թ. ընտրություններին նախապատրաստվելու համար:
Հետադարձ հայացք նետելով ՀԱԿ-ի անցած քաղաքական կենսագրությանը եւ լավ իմանալով նրանց որդեգրած մարտավարությունը` կարելի է վստահ ասել, որ ՀԱԿ-ը դեռ կլինի դիտորդի դերում եւ հարմար պահին ետնաբեմից դուրս կթռնի հրապարակ:
Այստեղ իհարկե կա մի վտանգ` հենց քաղաքացիական ակտիվիստների համար. եթե բողոքին միացած ժողովուրդը իմանա, որ այս ամենի հետեւում կա նաեւ ՀԱԿ-ը, ապա շատերը կհիասթափվեն եւ հետ կկանգնեն: Այդպիսով, ՀԱԿ-ը կարող է փչացնել եւ վիժեցնել հերթական` իսկապես առողջ գաղափարը: Ուստի հանրահավաքը նախաձեռնող քաղաքացիական ակտիվիստներին կոչ ենք անում զգոն լինել եւ հնարավորինս թույլ չտալ, որպեսզի ՀԱԿ-ը փորձի իրենց օգտագործել: Հորդորում ենք հիշել, որ ՀԱԿ-ը ցանկացած պրոցեսի մեջ երբեւէ մտնելով` տապալել է այն: Բավական է հիշել ընդդիմադիր եռյակի տխուր վերջաբանը, որը միգուցե այլ ճակատագիր ունենար, եթե նրանց շարքում չլիներ տխրահռչակ ՀԱԿ-ը:
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
