"ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԵՏՔ Է ՑԱՎՈՏ ՉԼԻՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16ՑԱՎՈՏ ՉԼԻՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"
Մայիսի 27-ին Ազատության հրապարակում կայացավ բողոքի մեծ ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, որին հաջորդեց բողոքի երթը դեպի կառավարության շենք: Երթին, ի զարմանս մեզ, անձամբ հետեւում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ էլ "Իրավունքը" զրուցեց բողոքի ակցիայի մասին:–Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած բողոքի ակցիան:
– Ակցիայի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց էլեկտրաէներգիայի թանկացման մասին իմ վերաբերմունքն արդեն հայտնել եմ մամուլում: Իմ կարծիքով` ցանկացած լուծում չպետք է ցավոտ չլինի բնակչության համար:
– Այնուամենայնիվ, ցուցարարների պահանջը, ըստ Ձեզ, չափազանցվա՞ծ էր, թե՞ չափի մեջ էր:
– Ես անձամբ ներկա չեմ եղել: Բայց պահանջն այն էր, որ էլեկտրաէներգիան չթանկացնեն: Իսկ եթե առանձին քաղաքական ուժեր բողոքող մարդկանց այդ հավաքը կօգտագործեն քաղաքական նպատակներով, դա արդեն իրենց խնդիրն է: Մարդիկ դժգոհ են, ամբողջ բնակչությունն է դժգոհում, եւ դա միանշանակ է: Անպայման չէ այդ ակցիային մասնակցելը, բայց սա ցավոտ հարց է մեր բնակչության համար եւ, իհարկե, բողոքների ակցիա լինելու է:
– Բայց երթին Ձեզ էլ նկատեցինք քաղաքի կենտրոնում, դա պարզապես զուգադիպությո՞ւն էր, թե՞ հետաքրքրվում էիք ակցիայի ընթացքով:
– Ուղղակի, հետաքրքիր էր: Շատ անսպասելի էր, չգիտեի, ուղղակի, անցնում էի: Դա խաղաղ երթ էր, եւ նմանատիպ ակցիաները ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Թեպետ, ընդհանրապես, այդպիսի երթերը փողոցային երթեւեկությանը խանգարում են, առանց այն էլ, մեր շատ նեղ փողոցներում: Կարելի էր, ուղղակի, այդ երթը չանել, այլ հավաք անել, բարձրացնել հուզող հարցերը եւ վերջ: Իսկ այդ փողոցային երթերն ընդհանրապես շատ ծանր են ազդում տրանսպորտի աշխատանքի վրա ու այդքան էլ իմ սրտով չեն:
– Այնուամենայնիվ, հանրության բարձրացրած խնդրին ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
– Շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Իհարկե, մենք բոլորս` ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ոչ իշխանական ուժերը, ե՛ւ ամբողջ հանրությունն ուզում է, որ, ընդհանրապես, ոչ մի բանի թանկացում չլինի: Բայց Հանրային ծառայությունների խորհուրդը, համապատասխան լսումները դրա պատասխանը կտան: Եթե կարողանան մոնիթորինգի արդյունքում ապացուցել, որ այդ թանկացումն անհիմն է, ուրեմն` չեն թանկացնի: Իսկ եթե նշեն, որ թանկացնում են մեկ-երկու կամ երեք դրամի սահմաններում եւ այսինչ հիմնավոր պատճառով, գոնե ցավոտ չի լինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
