ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԲՀԿ-ԻՆ. «ՁԵԶ ԿՆԿԱՐԵՆ, ՑՈՒՅՑ ԿՏԱՆ. ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵՔ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ԲՀԿ-ԻՆ. «ՁԵԶ ԿՆԿԱՐԵՆ, ՑՈՒՅՑ ԿՏԱՆ. ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵՔ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարց ուղեց` ինչու են փակվել կաթ արտադրող ընկերությունները: Սամվել Գալստյանի պարզաբանմամբ փակվել են ոչ թե կաթ արտադրող ընկերությունները, այլ վերամշակող որոշ ընկերություններ:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց ԲՀԿ առաջնորդին հարց ուղղել բյուջեի կատարողականի մասին:
«Բայց դա կարեւոր հարց է»,- արձագանքեց տիկին Զոհրաբյանը:
«Հասկանում եմ, տիկին Զոհրաբյան, էնքա՜ն կարեւոր հարցեր կան: Երբ Դուք խորհրդարանական լսումներ կանցկացնեք, ես հաճույքով կգամ կմասնակցեմ»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը:
Փոխնախարարը հայտարարեց, որ գյուղացիներից 150 դրամից պակաս կաթ չի մթերվելու, եւ նախարարությունն անում է ամեն ինչ`դա վերահսկելու համար: Սամվել Գալստյանը նաեւ ցավով ասաց, որ որոշ կաթ վերամշակող ընկերություններ անձամբ գյուղացուց կաթը չեն մթերում, այլ միջնորդներ են պահում, որոնք փորձում են տասը-քսան դրամ աշխատել:
ԲՀԿ պատգամավորները հակադարձեցին, որ կան տարածաշրջաններ, օրինակ, Տաշիրի տարածաշրջանը, որտեղից կաթ չեն մթերում: Գյուղոլորտի պաշտոնյան խոստացավ խնդրին հետամուտ լինել:
Ի դեպ, ԲՀԿ պատգամավորների այս ակտիվությունը կարծես դուր չեկավ Գագիկ Մինասյանին, ով ասաց`տպավորությունն այնպիսին է, որ պատգամավորները չեն հասկանում, թե որտեղ են գտնվում: «Եթե մենք դա չենք հասկանում, ուրիշներից ի՞նչ պետք է պահանջենք: Հիմա ձեզ կնկարեն, ցույց կտան»,- ասաց ՀՀԿ պատգամավորը, ապա հորդորց եւս մեկ անգամ բյուջեի կատարողականի մասին հարցեր ուղղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
