ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻՈՎ
Արխիվ 12-16Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված Մոսկվայում կայացած "Մենք խաղաղության կողմնակից ենք" խորագրով երգի միջազգային մրցույթին մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրները` Բելառուսը, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, ինչպես նաեւ եղել են մասնակիցներ Բուլղարիայից եւ Իսպանիայից: Ուշագրավ է այն, որ մրցույթին չի մասնակցել եւ ոչ մի ադրբեջանցի: Երգի տոնի վերածված այս մրցույթին մասնակցելու համար սկզբում հայտ են ներկայացրել 20 հազար մասնակից եւ ժյուրիի որոշմամբ ընտրված 700 հոգի մրցել են` 6 անվանակարգի համար: Հայաստանն այս մրցույթում ներկայացրել է ժողովրդական երգիչ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ վերադարձել հաղթանակով: Այս մասին նա "Իրավունքի" հետ զրույցում պատմեց. "Մրցույթի առաջին փուլն անցել եմ համացանցային լսումների արդյունքում, իսկ երկրորդ փուլը կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Առաջին փուլում մեկ միավորով զիջում էի Ռուսաստանի ներկայացուցչին, բայց երկրորդ փուլում գերազանցեցի մրցակցիս ու հաղթեցի էստրադային վոկալ ժանրում` Հայաստան բերելով Գրան պրին":
Նշենք, որ Ա. Խաչատրյանը մրցույթին երկու երգ է կատարել` "Մարտիկի երգը" եւ Հայրենական մեծ պատերազմի հիմնը դարձած "Դեն պաբեդի" երգը եւ, ըստ էության, հաղթական երգերն էլ հաղթանակ են բերել մեր մասնակցին: Իսկ ըստ երգչի, հաղթանակը պայմանավորված էր մեծ ցանկությամբ, հավատով եւ սեփական ուժերին ապավինելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
