Ս. ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ
Արխիվ 12-16Ս. ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ
Օրերս իրավապահների կողմից հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու` 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով 2006թ. հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը: Նա, ըստ սույն գործի քննության, համարվում է Ս. Զատիկյանի սպանության պատվիրատուներից մեկը: Եվ մինչ Ն. Խաչատրյանը թաքնվում էր, տեղի ունեցավ երկարատեւ դատական գործընթաց, որի արդյունքում, որպես սպանության պատվիրատու, Ստեփան Հակոբյանը (ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին) դեռ անցած տարի դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
Ընդ որում, սա սպանության այս բավականին տարօրինակ եւ հակասական գործով երկրորդ դատավարությունն էր:Առաջինը տեղի էր ունեցել սպանությունից մեկ-երկու տարի անց, եւ հանցագործության իրականացման համար ցմահ դատապարտվեց Արսեն Առուշանյանը, որպես նրա աջակիցª Արթուր Հովհաննիսյանը` 10, իսկ Լուսինե Ղեւոնդյանը` 8 տարվա ազատազրկման: Ընդ որում, եթե սպանության պահին հիմնական վարկած էր համարվում Զատիկյանների եւ Հակոբյանների հին թշնամության պատմությունը, ապա Արսենի դատավճիռը այլ բացատրություն էր տալիս. Ա. Առուշանյանը, 2001-ին կալանավայրում թղթախաղով մեծ գումար է տանուլ տվել, եւ ազատվելուց հետո սպանված Ս. Զատիկյանը պահանջել է այդ պարտքը մարել իրեն: Արդյունքումª Սեդրակն իր խմբով դաժան ծեծի է ենթարկել Արսենին ¥որոշ լուրերովª "փչացրել"¤, եւ Արսենն էլ վրեժ է լուծել: Միայն թե դատարանում դրան ավելացավ այն պատմությունը, թե Նարեկ Խաչատրյանը եւ նրա ընկեր Ստեփան Հակոբյանը օգնել ու ֆինանսավորել են Արսենինª Հակոբյանների եւ Զատիկյանների լարված հարաբերությունների պատճառով: Ընդ որում, նախաքննությունը դա հիմնավորում էր միայն որոշ ցուցմունքներից ելնելով, թեեւ հետագայում բոլորն էլ միաբերան պնդում էին, թե իրենց նման ցուցմունքներ վերցրել են պատժաքննության մեթոդներով:
Մոտավորապես այս սխեմայով էլ ընթացավ Ս. Հակոբյանի դատավարությունը, թեեւ նա այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց, իսկ նախաքննությունը, մեղմ ասած, "քար ծակող" ապացույցներ չկարողացավ ներկայացնելª հիմնականում շեշտը դնելով Արսեն Առուշանյանի դատավարության նյութերի վրա: Եվ հիմա, եթե որպես պատվիրատու, այս ամենին գումարվում է նաեւ Նարեկ Խաչատրյանը ¥մի կողմ թողնենք, թե Երեւանում հայտնաբերված Նարեկն այդ ինչ հրաշքով է ութ տարի շարունակ թաքնվել մեր "գերաչալուրջ" իրավապահներից¤, ապա ստացվում է, որ նախª այս ողջ պատմությունը եւս մեկ անգամ "ոտից-գլուխ" քննվելու է. ինչը կարող է նախկինում դիտմամբ, թե պատահմամբ աչքաթող արված շատ դրվագներ նորից օրակարգ բերել: Եվ երկրորդը. այս կերպ կարող է տրվել նաեւ այն չարաբաստիկ հարցի պատասխանը, որ եթե սպանության հիմնական պատճառը եւ պատվերը "Հակոբյանների եւ Զատիկյանների լարված հարաբերությունների" տակ է թաղված, ապա Ն. Խաչատրյանը, որ ոչ Հակոբյան է, ոչ էլª Զատիկյան, ինչո՞ւ պետք է պատվիրեր Ս. Զատիկյանի սպանությունը: Ասում են, թե Ս. Հակոբյանի ընկերն է: Բայց այդ դեպքում անգամ նա կարող էր գործով անցնել որպես դատարանով պատվիրատու հռչակված Հակոբյանին օժանդակող եւ ոչ թե պատվիրատու:
Ինչեւէ. Նարեկ Խաչատրյանի հայտնաբերումը որեւէ կերպ կանդրադառնա՞ այս բազմաչարչար գործի եւ դատապարտված Ստեփան Հակոբյանի վրա: Այս մասին Ս. Հակոբյանի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
- Այս պահին դժվար է ասել` Նարեկ Խաչատրյանի հայտնաբերումը որեւէ կերպ կանդրադառնա՞ Ստեփան Հակոբյանի արդեն կայացրած վճռի վրա, թե` ոչ: Նախª սույն գործով կրկին նախաքննություն պետք է ընթանա, ապա` դատաքննություն:
- Խոսում են նաեւ, որ Ձեր պաշտպանյալը եւ Նարեկ Խաչատրյանը մտերիմ ընկերն են եղել: Դա ճի՞շտ է:
- Թույլ տվեք այս պահին նման մեկնաբանություններ չտամ, քանի որ քննություն է ընթանում:
Վերոնշյալ հարցերի շուրջ փորձեցինք տեսակետ ստանալ նաեւ Զատիկյանների ընտանիքի փաստաբան ՎԱՂԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց.
- Այն, որ Նարեկ Խաչատրյանը Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրողներից մեկն է, այդ փաստը քրեական գործով հաստատված հանգամանք է: Բայց թե ինչպես այն կարող է ազդել կամ կազդի՞ առհասարակ դա Ս. Զատիկյանի սպանության հետ կապված դատապարտվածների վրա, դա կերեւա միայն դատաքննության փուլում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
