ՄԵԿ Է, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ
Արխիվ 12-16Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության մի քանի գյուղերում եւ երեք քաղաքներում` Աբովյանում, Արտաշատում եւ Ալավերդիում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Գաղտնիք չէ, սակայն, որ հանրությունը դեռեւս կասկածամտորեն է մոտենում ցանկացած ընտրությունների: Ոմանց թվում է, որ եթե ընտրություն է, ապա ընտրակեղծիքն անպակաս է: Թե ինչո՞վ է պայմանավորված հանրության այդպես էլ չփոխվող անվստահությունը` ընտրական համակարգի նկատմամբ, եւ ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՑ:
-Պարոն Մուկուչյան, ցանկացած ընտրության, հանրաքվեի արդյունքներ հանրությունը կասկածի տակ է դնում: Թեկուզ հենց վերջին օրինակը` համայնքների խոշորացման հետ կապված` հանրաքվեի արդյունքները:
- Հանրության կողմից ընտրական համակարգի նկատմամբ անվստահության գործոնները կարող են տարբեր լինել: Համենայնդեպսª ցանկացած դատողություն անելու համար անհրաժեշտ է նայել, թե ինչ փաստական հիմքեր կան: Վերջին հանրաքվեի ընթացքում մենք ունեցել ենք դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր եղել են գրեթե բոլոր համայնքներում, եւ նույնիսկ քվեարկության օրվա ընթացքում որեւէ հրապարակում որեւէ լրատվամիջոցում չի եղել: Քվեարկության օրվա ընթացքում որեւէ դիմում-բողոք չի եղել: Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են կուսակցությունների ներկայացուցիչներից, որեւէ հատուկ կարծիք չեն ներկայացրել: Այսինքնª որեւէ բողոք` գրավոր, թե բանավոր, չի ստացվել: Դատողությունների համար սա պետք է հիմք ծառայի: Համենայնդեպս, ըստ իս, անվստահություն հայտնելու վերաբերյալ ցանկացած կարծիք պետք է փաստվի, որ ասենք` եղել է սա, սա, դրա համար ենք համարում, որ եղել են օրինախախտումներ: Եթե չկան այդ փաստերը, ինչի՞ մասին է խոսքը:
Իսկ ընդհանուր առմամբª ընտրությունների նկատմամբ հասարակական վստահության տեսանկյունից բազմաշերտ խնդիրներ կան: Մենք առիթ ունեցել ենք բազմիցս այս մասին խոսելու: Մեր Ընտրական օրենսգիրքը, նկատի ունենալով հասարակական վերահսկողության կարեւորությունը, ինչպես նաեւ հասարակության կողմից ընտրական գործընթացի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, նախատեսել է բազմաթիվ հնարավորություններ, առանձին հարցերում նույնիսկ առավելագույն լայն իրավազորություններ է տվել ընտրական գործընթացի մասնակիցներին` հետեւելու ցանկացած գործընթացի: Սակայն, չգիտեմ ինչու, երբեմն նույնիսկ ընտրական գործընթացը չսկսած, առաջադրումներ դեռ տեղի չունեցած, սկսում են տրվել գնահատականներ անգամª դեռ տեղի չունեցած քվեարկության մասին: Այոª մենք ունեցել ենք դեպքեր, երբ քվեարկությունը դեռ տեղի չունեցած` քվեարկության օրվանից մի քանի օր առաջ հանձնաժողովի անդամներից կամ վստահված անձանցից վերցվում էին դիմումներ` վերահաշվարկ կատարելու վերաբերյալ: Երբ անգամ որեւէ իրավախախտում տեղի չի ունենում, բայց խոսվում է հնարավոր իրավախախտման մասին, դա նույնպես խնդիր է:
- Իսկ ի՞նչ է արվում հենց այդ խնդիրը քիչ թե շատ մեղմելու համար:
- Կա լիարժեք ընտրությունները վերահսկելու հնարավորություն, եւ եթե որեւէ մեկի ընտրական իրավունքը խախտվում է, կա իրավունքների պահպանման լիարժեք մեխանիզմներ: Ընտրական գործընթացը երբեք չի կարելի դիտարկել այնպիսի տեսանկյունից, երբ, այսպես ասեմ, իդալականից տարբերվող ցանկացած քայլ բերում է անվերադարձելի իրավիճակի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
