"ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՉԷՐ"
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` օրերս Մոսկվայում կայացած քննարկումները բավականին լավատեսական երանգներ ստացան: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը, մինչեւիսկ, հիմնահարցի կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից համարեց: Դա ի՞նչ է հուշում, Հայաստանը ինչի՞ կարող է սպասել: "Իրավունքը" այդ հարցերի պատասխանը փորձեց ստանալ հայաստանյան մի շարք վերլուծաբաններից:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` այս իրավիճակից լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ, քանի որ դիվանագիտական տեսակետից` Ադրբեջանը շարունակում է հանդես գալ բանակցային գործընթացը տապալելու դիրքերից. "Սրա լավագույն օրինակին ականատես եղանք մի քանի օր առաջª Ռիգայում, երբ Ադրբեջանի պատվիրակությունն ընդդիմանում էր պարզ մի ձեւակերպման համար, որն արտահայտում էր բանակցային գործընթացն այն տրամաբանությամբ, որ մշակվել էր եռանախագահող երկրների կողմիցª բանակցող կողմերի մասնակցությամբ: Ադրբեջանը փորձում է քաղաքական աջակցություն ստանալ կամ քաղաքական ընդդիմությունը հնարավորինս չեզոքացնել եւ այդ ակնկալիքով գնում է տարբեր երկրներ: Մամեդյարովի այցը Ռուսաստան հաջողված չէր, նա գնացել էր Ռուսաստան` ոչ թե խաղաղություն որոնելու, այլ քաղաքական ընդդիմությանը հնարավորինս չեզոքացնելու համար":
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ փաստեց, որ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն ընկալվում են լավատեսորեն, սակայն այդ լավատեսությունը պետք է ունենա կոնկրետ բովանդակություն. "Այս պահին ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը չունեն դիրքորոշումների փոփոխություն: Այս հանգամանքը հաշվի առնելով, դժվար է ասել, թե ինչքան է հույսը, որ հակամարտության շրջանակներում կարող է տեղի ունենալ նկատելի առաջընթաց: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ քննարկվող հարցը, որը վերաբերում է նախագահների հանդիպումներին, լրացնում կամ պահպանում է այն ձեւաչափը, որն առկա է բանակցությունների շրջանակում":
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ նշեց, որ ինչքան էլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկուստեք հայտարարություններ անեն եւ հանդիպումներ ունենան, միեւնույնն է` առանց Հայաստանի եւ Արցախի, հարցը չի կարող առաջընթաց ունենալ. "Նման հանդիպումներ միշտ էլ եղել են, տարբեր ձեւաչափով քննարկվել է ԼՂ հիմնահարցը, ինչը նորմալ է: Սա էլ հերթական հանդիպումն է, որը չի կարող որեւէ բան փոխել: Ռուսաստանը խնդրի կարգավորման հարցում միշտ էլ ակտիվ ու պատրաստակամ է եղել: Իսկ Ադրբեջանն էլ իր սեփական շահերից ելնելով` ձգտում է գործընթացն արագացնել: Այս հանդիպումների եւ հայտարարությունների մեջ ես իրավիճակի փոփոխություն չեմ տեսնում":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
