«ԱՅԴ ՏԱՐԻՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԵԿԵԼ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԻՄ ԻՄԻՋԻ ՎՐԱ ԱՇԽԱՏԵՄ»
Արխիվ 12-16«ԱՅԴ ՏԱՐԻՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԵԿԵԼ,
ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԻՄ ԻՄԻՋԻ ՎՐԱ ԱՇԽԱՏԵՄ»
Երեկ խորհրդարանում կայացավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստում քննարկվում էր «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` ՀՀ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին տրված ֆինանսական հատկացումներն ու դոտացիաները: Ուշագրավ էր այն, որ նիստին ներկա էին բոլոր մարզպետները, բացի Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Այս հարցից էլ սկսեցինք զրուցել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ հետ, ով ի տարբերություն մարզպետի, Ազգային ժողով ներկայացել էր անձամբ:
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷՐ
ՎԱՏԱՑԵԼ
–Պարոն նախարար, որպես ոլորտի պատասխանատու, ինչպե՞ս կգնահատեք այն, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը չի ներկայանում ԱԺª բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը` իր փոխարեն խորհրդարան ուղարկելով փոխմարզպետին:
– Ինչպես գիտեք, առավոտյան ինձ մոտ խորհրդակցություն էր, եւ բոլոր մարզպետները ներկա են եղել: Այնտեղ ես զգացի, որ Սուրեն Խաչատրյանը վատ է զգում: Հետո ինքն էլ մոտեցավ եւ ասաց, որ լավ չի զգում, դրա համար էլ թույլ տվեցի, որ տեղակալը գա: Իսկապես, ասում եմ այն, ինչ տեղի է ունեցել:
– Եվ ամեն անգամ նույն պատմությո՞ւնն է կրկնվում:
– Անցած տարի ես միայն արտակարգ իրավիճակների նախարարն էի (ժպտում է նախարարը - Հ.Ս.): Կարող է լինի եւ պատահական: Օրինակ, ես էլ երեկ չկարողացա գալ խորհրդարան, որովհետեւ ՀՀ նախագահի հետ գնացել էի մարզեր: Դա կարեւոր էր, որովհետեւ ես պատասխանատուն եմ եւ պետք է ներկա լինեի, որպեսզի տեսնեմ` ինչն է վատ, ինչը` լավ: Ճիշտ է, այստեղ էլ կարեւոր է ներկայանալը, բայց կարող է ինչ-որ բան է եղել, ու չի կարողացել գալ:
– Ըստ Ձեզ, Սյունիքի մարզպետի շուրջ պտտվող սկանդալները ե՞ւս պատահական են:
– Կան այդ սկանդալները, ես բան չունեմ ասելու, բայց պետք է տեսնենք, թե ինչ կլինի: Ամեն ինչ պարզ կլինի քրեական գործի շրջանակներում: Տեղի է ունեցել հանցագործության դեպք, եւ իրավապահ մարմինները զբաղվում են դրանով: Կարծում եմ, որ կբացահայտվի այն, իսկ բացահայտվելուց հետո ամեն ինչ կընկնի իր տեղը:
– Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը կապում եք Սուրեն Խաչատրյանի անվա՞ն հետ, թե՞ հենց Սյունիքի, քանի որ մեկ նրա ընտանիքի անդամներն են մահափորձ կատարում, մեկ նրա դեմ է կատարվում ինչ-որ մահափորձ:
– Կոնկրետ մահափորձը կատարվել է իր դեմ: Կարծում եմ` դա այնպիսի մի մահափորձ է, որ պետք է բացահայտվի, եւ գտնում եմ, որ այս ուղղությամբ բոլոր իրավապահ մարմինները պետք է լուրջ աշխատանք տանեն: Իհարկե, մենք էլ, եթե որեւէ տեղեկատվություն ունենանք, պիտի օգնենք այդ գործի բացահայտմանը: Այնպես որ, կապ չունի հանցագործության դեպքը ում նկատմամբ է կատարվում: Յուրաքանաչյուր հանցագործություն, որ կատարվել է, պետք է բացահայտվի, ճիշտը դա է:
– Բայց մյուս քրեական գործի շրջանակներում Սուրեն Խաչատրյանի անունը ամենեւին էլ որպես տուժող կողմ չի շրջանառվում: Հնարավո՞ր է, որ առաջիկայում պահանջ դրվի մարզպետի պաշտոնից նրան հեռացնելու մասին:
– Ե՛վ այս, ե՛ւ մյուս դեպքերով էլ հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն է կատարվում: Կարծում եմ, որ պետք է թույլ տանք, որ հետաքննությունը, նախաքննությունը իր առջեւ դրված խնդիրները կատարի, դա ավելի ճիշտ կլինի:
«ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»
–Անդրադառնանք նաեւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին: Երեք մարզերում անցկացվեց հանրաքվե այս հարցի շուրջ, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
– Հաջորդ քայլով արդեն պետք է ապահովենք օրենսդրական դաշտը: Այսինքն` օրենքը կմտնի Ազգային ժողով, որոշակի փոփոխություններ կանենք ՏԻՄ օրենքում եւ կգնանք առաջ: Ես եղել եմ բոլոր 22 համայնքներում եւ, ընդհանրապես, աշխատում եմ բոլոր համայնքներում լինել ու տեղյակ եմ առկա խնդիրներից: Կարծում եմ, որ ինչ-որ փոփոխություն պետք է արվի, սա պիլոտային ծրագիր է, եւ պետք է գնալ դրանով առաջ ու տեսնելª ինչ կարելի է անել: Սրանից վատ չեմ պատկերացնում, երբ որեւէ համայնքում տեսնում եմ 16 տարեկան երեխան դույլերը ձեռքին ջուր է տանում: Այդ երեխայի վրա հետագայում ամեն ինչն էլ կարող է ազդել: Ու հենց դրա համար պետք է այնպես անենք, որ գոնե պարզունակ միջոցներով (խմելու ջուր, ոռոգման ջուր, աշխատատեղ, դպրոց, մանկապարտեզ) համայնքներին ապահովենք:
– Մի՞թե հավատում եք, որ համայնքների խոշորացմամբ կարելի է ջրի խնդիր լուծել:
– Ավելին` վստահ եմ: Եթե վստահ չլինեի, չէի գնա գյուղեր: Գիտեք, ես այն տարիքից դուրս եմ եկել, որ ինչ-որ իմ իմիջի վրա աշխատեմ: Հիմա մենք այն տարիքում ենք, որ պետք է այնպես անենք, որ վաղը-մյուս օր մեր թոռների աչքերի մեջ կարողանանք նայել, երբ հարց տա` դու ի՞նչ ես արել այս երկրի համար, ինչպես հիմա մեր երեխաներն են հարցնում: Իսկ մեր թոռներն արդեն 5 տարեկանից կարող են այդպիսի հարց տալ, որովհետեւ այսօր շատ են զարգացած երեխաները: Մենք պետք է կարողանանք պատասխան տալ, եւ գտնում եմ, որ պրակտիկ աշխատանքով ապացուցելու ենք, որ գյուղացու կողքին ենք, ու դա լոկ խոսքերով չպետք է լինի:
– Արդյո՞ք արդեն ժամանակն է մյուս մարզերի համայնքներում էլ խոշորացման ծրագրի մասին խոսելու:
– Կարծում եմ, որ այնպես պետք է անենք, այնպես աշխատենք հանրաքվե անցկացված այս երեք մարզերում, որ մյուսներն էլ հերթ կանգնեն ու ասեն` մենք էլ ենք ուզում: Իմ նպատակը դա է:
– Փաստորեն, հանրաքվեի անցկացումը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն կունենա՞ գործընթացի վրա:
– ՀՀ սահմանադրության 110-րդ հոդվածում կոնկրետ նշված է, որ հանրաքվեն ունի խորհրդատվական նշանակություն: Բայց ՀՀ նախագահի դիրքորոշումն այդպիսին չէ: Նա ասում է` դուք պետք է ապացուցեք ձեր աշխատանքով ու ցույց տաք դա, որ գյուղացիներն իրենք ասեն` այո:
– Բայց հանրության համար ամենեւին էլ ակնառու չէ այդ աշխատանքը: Ե՞րբ «սայլը տեղից կշարժվի»:
– Խոստանում եմ, որ պետք է այնպես անենք, որ լավ լինի: Հիշում եմ, երբ ոստիկանությունից հետո նշանակվեցի արտակարգ իրավիճակների նախարար, շատ ծանր վիճակ էր տիրում ոլորտում, բայց այսօր ունենք հզորագույն նախարարություն: Եվ ուզում եմ, որ նույնը լինի այստեղ: Դեռ չգիտեմ ինչպես, բայց անելու ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
