"ԱՄՊՐՈՊԱՅԻՆ" ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16"ԱՄՊՐՈՊԱՅԻՆ" ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Բյուջեի կատարողականի խորհրդարանական քննարկումներին ամբողջ տարին բյուջեի վատնումներից եւ գողություններից գոռգոռացող եւ խորհրդարանական խոսափողերը պայթեցնող ընդդիմադիր խմբակցություններից ընդամենը 7-7,5 պատգամավոր են ներկայանում: Պատճառը բավականին պարզ է` կատարողականի քննարկումներին խոսափող եւ հեռարձակում չկա, խոսեն, հարցեր տան որ ի՞նչ անեն: Սակայն ընդդիմադիրների մեջ կա եւ բացառություն` ի դեմս ընդամենը 10 օր առաջ կուսակցապետ օծված Տիգրան Ուրիխանյանի:
"ԷԼԵԿՏՐԱԿԱՆ" ԿՐՔԵՐԸ
"Ալյանս" կուսակցությունը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը բավականին ակտիվ է իրեն ներկայացնում` կատարողականի քննարկումներին ակտիվորեն հարցեր է տալիս նախարարներին եւ փոխնախարարներին, իսկ նրա խոսնակից լրագրողները հաճախ են ստանում ասուլիսի հրավեր, պարզաբանում, պաշտոնական տեսակետ եւ այլն: Դե պարզ է` ԱԺ ընտրությունները յոթ սարի հետեւում չեն:
Իսկ ՀԱԿ եւ "Ժառանգություն" խմբակցություններում տիրում են տարաձայնություններ, եռում են պառակտիչ կրքեր, եւ շուտով հնչելու են փոխադարձ ահավոր մեղադրանքներ: Ավելի ծանրակշիռ է իրեն պահում ԲՀԿ-ն, որն ունենալով որոշակի ռեսուրսային բազա, ձգտում է գտնել ընտրազանգվածի վրա բարենպաստ տպավորություն թողնելու եղանակները:
Դե, իսկ որ թեմայի շուրջ խոսում են անխտիր բոլորը` դա էլեկտրաէներգիայի թանկացման հայտն է: Բոլորի շուրթերին թեւավոր խոսք է դարձել այն իրողությունը, որ ՀԷՑ-ի ղեկավար կազմը իր շքեղ ավտոմեքենաներն է մտցրել սակագնի հայտի մեջ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների ելույթներին` անգամ վաղուց մոռացված Արշակ Սադոյանն արթնացավ, որ արդեն առանց իր սիրելի 4-րդ խոսափողի, խրոխտ պահանջի Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:
ԱԺ-ից դուրս էլ "էլեկտրական" կրքերի պակաս չկա: Այսօր ծրագրված է մեծ հանրահավաքը, որը, եթե դատենք համապատասխան իրադարձության շուրջ ֆեյսբուքյան քննարկումներից, բացարձակապես ապակուսակցական եւ նույնիսկ ապաքաղաքական մի երեւույթ է... Զուտ քաղաքացիական, եվրոպական չափանիշներին դրանց ոչ կոնչիտայական իմաստով լրիվ համապատասխանող: Սակայն, երբ ավելի ուշադիր զննում ես այդ ամենը, մի տեսակ թեթեւակի սրտխառնոց ես ապրում: Քանզի նորմալ մարդկանց կողքին այդ միջոցառման մեջ մոբիլիզացված են բոլոր տեսակի թափթփուկները` սկսած իր դարն ապրած ՀԱԿ-ի արտադրական քաղաքական թափոններից` բոլոր տեսակի կալիբրի եւ ճաշակի, վերջացրած գրանտածիծ ամբողջ հանրույթով:
Նույնիակ հայտնաբերում ենք, որ համասեռամոլության պաշտպան ՀԿ-ներն ու ակտիվիստներն իրենց բուն գործը մոռացած, շատ եռանդուն քննարկում են հենց հոսանքի թանկացման դեմ բոլոր տեսակի հնարավոր եւ անհնարին ակցիաները: Ուրեմն ինչ, նաեւ արեւմտյան կենտրոնացված հրահա՞նգ կա մեր "նարնջագույններին" ու "գույնզգույններին"... Ահա այդպես ՀԱԿմեջ եղավ արդար եւ ողջունելի գաղափարը: Հիմա այդ ալիքի վրա կփորձեն դիվիդենտներ շահել ովքեր ասես, ում համար ժողովուրդն ընդամենը գլխաքանակ է եւ ուրիշ ոչինչ:
ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
Եթե ԼՏՊ-ի քարոզչամիջոցները համեմատաբար զուսպ են, ապա ամենազազրելի, բառիս բուն իմաստով, պետքարանային բառապաշարի են վերադարձել քոչարյանական քարոզիչները: Թե արդյոք Ռոբերտ Սեդրակիչը ռեալ շանսեր է տեսնում` հանրային դժգոհություններ հրահրելու միջոցով հրաժեշտ տալու "ամենաերիտասարդ թոշակառուի" կարգավիճակին, դժվար է ասել: Սակայն, եթե դրսի խոշոր խաղացողների միջավայրում ինչ-որ շարժ չլիներ, ապա նա դժվար թե ռեսուրսների ծախս աներ, չէ՞ որ սուպերօլիգարխները ինչքան ավելի սուպեր են, այնքան ավելի ժլատ եւ քծիբ...
Ու հետաքրքիրն ուրիշ է` ակնհայտորեն փորձ է արվում ե՛ւ քոչարյանականների, ե՛ւ որոշ արեւմտամետների կողմից քաղաքական խաղագումար դնել "Հիմնադիր խորհրդարանի" վրա: Երեւի թե համարում են, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ "Ժառանգության", հանրությունը դեռեւս չի հասցրել նրանցից զզվել, ու նրանք կկարողանան հրապարակներում քաղաքական ռոբինհուդների պարտիաներ խաղարկել: Սակայն այդտեղ էլ նույն "Հիմնադիր խորհրդարանի" տղաները խաղում են ռիսկի գոտում:
Ճիշտ է, նախկին նախագահից հնարավոր է ռեսուրսներ ստանալ, եւ դա չի կարող իրենց չոգեւորել: Բայց... Նույն Ժիրայր Սէֆիլյանի թիվ մեկ թեզն այն է, որ "ռեժիմի դեմ" պետք է համախմբվեն բոլոր նրանք, ում ձեռքերի վրա չկա մարտիմեկյան ողբերգության արյունը... Բայց չէ՞ որ նույն Ռոբերտ Սեդրակիչին շատերը համարում են հենց մարտի 1-ի կենդանի եւ չարագուշակ խորհրդանիշ, հետեւաբար կվարկաբեկվի ցանկացած ընդդիմադիր, ում վերաբերյալ հանրությանն ապացույցներ ներկայացվեն, որ ստվերային շփումներ ունի Քոչարյանի հետ: Իսկ կարծում ենք, որ ոչ ոք չի կասկածում, այսպես ասած, "ռեժիմի" կարողության վրա` հայթայթելու այդ ապացույցները...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
