ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. "ԵԹԵ ՈՒԶՈՒՄ Է "LEXUS" ՔՇԵԼ, ԹՈՂ ՔՇԻ, ՄԻԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ"
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
"ԵԹԵ ՈՒԶՈՒՄ Է "LEXUS" ՔՇԵԼ, ԹՈՂ ՔՇԻ, ՄԻԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ"
ԻՍԿ ԵԹԵ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ՞Ն ԵՆ "LEXUS" ՔՇՈՒՄ...
Էլեկտրաէներգիայի թանկացման մասին երեկ բավականին հեռու տանող մտքեր առաջացնող հայտարարություններով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Այսպես, պատասխանելով այն չարաբաստիկ հարցին, թե, ի վերջո, ինչու պետք է հոսանքը թանկանա ՀԷՑ-ի հայտնի պարտքերի, այսինքն` անարդյունավետ աշխատանքի կամ գողությունների պատճառով, պարոն Հարությունյանը նկատեց. "Եթե անջուր տարի է, ունենք քիչ էլեկտրաէներգիա, ապա սպառողը պետք է ստիպված վճարի: Մյուս դեպքում` ոչ...":
Միանգամայն ընդունելի տեսակետ է: Բայց նաեւ փաստենք. անջուր տարի ասվածը վերաբերում է նախանցած տարվան, որից հետո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախ պատճառ բերելով, թե Որոտանի եւ Հրազդանի հէկ-երի համակարգը ջրի սակավության պատճառով քիչ հոսանք են արտադրել, ու դա էլ գումարվել է ատոմակայանի նախատեսվածից երկար կանգառին, ու արդյունքում ՀԷՑ-ը պարտքեր է կուտակել: Բայց այդ պակաս ջրի ու ատոմակայանի պարապուրդի թեմաները ոչ մի կերպ չեն կարող նորից գալ օրակարգ. անցած տարի այդ նպատակով հոսանքն արդեն իսկ մոտ 4 դրամով թանկացրել են, որը, դժվար չէ հաշվել, որ լիուլի բավարար էր այդ ֆինանսական պակասորդը փակելու համար:
Սակայն ՀԷՑ-ի պարտքերի թեման նորից օրակարգում է, ու, համենայնդեպս, այս պահին չկա որեւէ փաստարկ, որ դրա պատճառը սակավաջրությունը կամ նման այլ օբյեկտիվ գործոններ են: Եթե նման պատճառաբանություններ առաջիկայում կհնչեն, այլ բան: Իսկ քանի դեռ չկան, մնում է առաջնորդվել պարոն Հարությունյանի "Մյուս դեպքում` ոչ..." տրամաբանությամբ: Ընդ որում, այդ "մյուս դեպքեր" ասվածը վերաբերում է նաեւ ՀԷՑ-ից գողությունների մասին խոսակցություններին, որին եւս Դ. Հարությունյանը տվեց ոչ պակաս հետաքրքիր բացատրություն. "Եկեք բացենք փակագծերը եւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Յուրաքանչյուր նման ընկերություն ունենում է առեւտրային կորուստներ, որը որոշ տեղերում կարող է լինել գողություն, որը մենք հաշվարկել չենք կարող: Բայց սա սեփականատիրոջ գրպանից կատարվող գողություն է: Թող առաջին հերթին սեփականատերը մտածի": Միգուցե, առավել եւս, որ խոսք գնաց նաեւ այդ գողությունների արտացոլում համարվող ՀԷՑ-ի բարձրաստիճան (եւ ոչ միայն) ղեկավարների շքեղությունների թեմային, որն այս հարցուպատասխանի ժամանակ կենտրոնացավ թանկարժեք "Lexus"-ների տեսքով, ինչի հետ կապված` կրկին Դ. Հարությունյանի ասածն ընդունելի է. "Եթե ուզում է "Lexus" քշել, թող քշի, միայն ընկերության շահույթի հաշվին": Բայց ցանկացած անձ, որ գոնե մի անգամ անցել է ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակի, ասենք նաեւ` մասնաճյուղերի կողքով, հաստատ տեսել է այն թանկարժեք մեքենաների շարանները, որոնց ցանկում "Lexus"-ը նույնիսկ էժանագին ապրանք կարելի է համարել: Այսինքն` գողանում են, ու դա, եթե նույնիսկ ՀԷՑ-ի սեփականատերերին հետաքրքրում է, ապա որոշիչ քայլեր նրանք չեն ձեռնարկում: Բայց նաեւ այդ նույն գողության արդյունքում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ցանցերը հայտնվել են նման խայտառակ վիճակում: Վաղը-մյուս օրը սույն գողերը հաստատ կարող են հանգիստ վեր կենալ ու փախչել Հայաստանից, ու մենք կմնանք դեմ առ դեմ մեր ավերված ցանցերի հետ: Ու նորից նույն հարցն է առաջ գալու. եթե ուզում ենք տներում գոնե լույս ունենալ, ուրեմն պետք է հոսանքը թանկացնել:
Ուզում ենք ասել, որ հենց այս պահին պետք է գողերի ձեռքը բռնել, անկախ այն բանից, որ ՀԷՑ-ի տերերն այդ "Lexus"-ները միգուցեեւ չեն էլ տեսնում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
