Կամո Արեյան. «ԿՈՆՅԱԿՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅ ԲԱԼԱ»
Արխիվ 12-16Կամո Արեյան. «ԿՈՆՅԱԿՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅ ԲԱԼԱ»
Ազգային ժողովում երեկ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց հաշվետու տարում Երեւանին հատկացված ֆինանսական միջոցներն ու իրականացված ծրագրերը: Ըստ այդմ` ընդհանուր առմամբ հատկացվել է 49 մլրդ 214 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս: Հաշվետվությունից հետո ուշագրավ հարց ու պատասխան տեղի ունեցավ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ եւ լրագրողներիս միջեւ, ինչը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
- Պարոն Արեյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս տարի էլ անձամբ չներկայացավ խորհրդարան, որպեսզի ներկայացներ քաղաքապետարանի հաշվետվությունը:
- Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից նամակ է հղվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` տեղեկացնելով, որ պարոն Մարգարյանին կփոխարինի քաղաքապետի առաջին տեղեկալը: Իսկ ինչ վերաբերում է նախորդ քննարկմանը, ապա հիշեցնեմ, որ պարոն Մարգարյանը ՀՀ նախագահի հետ պատվիրակությամբ գտնվում էր Օմանի հանրապետությունում:
- Չե՞ք կարծում, որ դրանք, պարզապես պատճառներ են` ԱԺ-ից խուսափելու համար:
- Ո՛չ-ո՛չ-ո՛չ, տասնյակ անգամ ասել եմ ու էլի նույն բանն եմ ասելու: Պարոն Մարգարյանը խորը հարգանքով է վերաբերում օրենսդիր մարմնի հանդեպ եւ խորը հարգանքով է վերաբերում իր աշխատանքի հանդեպ: Այստեղ որեւէ պատճառ մի՛ փնտրեք, որեւէ երեւակայության մի՛ տրվեք, մի՛ սկսեք չարչարվել, ձեզ տանջել, ասելով` թե պարոն Մարգարյանը չի գալիս Ազգային ժողով: Ի՞նչ եք ընկել սար ու ձոր:
- Ինչպե՞ս կբացատրեք այն, որ Երեւանի քաղաքապետարանը մի քանի միլիոն դրամի կոնյակ է գնել:
- Երեւում է կոնյակի հետ հավես չունեք, հա՞: Քաղաքապետարանի բոլոր ծախսերը ծրագրավորելուց, բյուջերում ներառելուց առաջ կա տնտեսական հիմնավորում: Դրանց անհրաժեշտությունն էլ է հիմնավորված, ծավալն էլ: Այնպես որ, մի՛ մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմում են աչքաչափով: Քաղաքապետարանում նստած են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք այդ բյուջեն կազմում են բյուջետային գործընթացին, դասակարգմանը համապատասխան:
- Իսկ ի՞նչ եղավ մոտ 20 միլիոն դրամի գնված կոնյակը:
- Ծախսվեց, կոնյակն ի՞նչ են անում, այ բալա:
- Բայց, ո՞վ խմեց:
- Այդպես կրկնակոխ չեմ հետեւել, թե կոնյակն ով է խմել:
- Ի դեպ, վերջերս քաղաքապետարանը նաեւ թանկարժեք արծաթե բաժակներ է ձեռք բերել: Այս մասին ի՞նչ կասեք:
- Դրանք պատվավոր հյուրերին նվեր տալու համար է: Երեւան քաղաքը պակաս չէ աշխարհի ոչ մի քաղաքից: Երեւան քաղաքը գավառական հոգեբանությամբ չի տառապում, իր եկած հյուրին քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել եւ պատվով ուղարկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
