ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ
Մայիսի 28-31-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է «Հիշում եմ և պահանջում…» խորագրի ներքո և նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԸ՝ հավելելով, որ մանկապատանեկան արվեստի ոլորտում Հայաստանում մեծ վերելք կա:
«Այսօրվա երեխաները մեր մշակույթի վաղվա օրն են: Աշխարհին ներկայանալու և հանրահռչակվելու լավագույն միջոցը արվեստն է: Այս համատեքստում, «Նոր անուններ» փառատոնը տաղանդների բացահայտման լավագույն հարթակներից է»:
Պատանի երաժիշտ կատարողների 5-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից և Վրաստանից:
Մասնակից երաժիշտ-կատարողներից շատերը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
Նշենեք, որ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ օրը պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Մայիսի 29-ին և 30-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, պատանի երաժիշտները հանդես կգան մենանվագ կատարումներով:Փառատոնի հանդիսավոր փակումը, պատանի մենակատարների և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ ելույթը` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, տեղի կունենա մայիսի 31-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնն անցեկացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
