''ՄԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ''. ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
Արխիվ 12-16''ՄԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆՔ
ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ''. ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն այսօրվա հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ իրենք կատեգորիկ դեմ են, որ հոսանքը թեկուզ 1 դրամով թանկանա: Դեռ ավելին, հանձնաժողովից պահանջում են, որ հայտի վերանայումից հետո այն թանկացնելու փոխարեն էժանացվի, քանի որ դրա ռեալ նախադրյալներն ավելի շատ են: Սադոյանի հանձնաժողովի ուսումնասիրությունների ընթացում պարզվել է նաև, որ տարեց-տարի գնալով աճում է նաև բաշխիչ ցանցի ծառայողների թիվը՝ 240 հազար միջին աշխատավարձով, այն դեպքում, երբ իրեն ծանոթ էլ.ցանցի աշխատակցի աշխատավարձը 100-ից 140 հազար դրամ է կազմում:
Խոսելով ՀԷՑ-ի ներկայացված փաստաթղթում ներառված կորուստների մասին, ապա ըստ Սադոյանի, այն անցյալ տարվա համեմատ 2 տոկոսով աճել է. «Այն էլ տեխնոլոգիական վերելքի այս ժամանակահատվածում, երբ ողջ աշխարհում գնալով նվազում են կորուստնները: Ասվում է՝ «անհուսալի պարտքեր», հետաքրքիր է, դա ասելով ինչ են հասկանում ՀԷՑ-ում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, քանի որ ժողովուրդը 1 դրամ անգամ պարտք չի կարող ունենալ, քանի որ բնակիչ-բաժանորդների հոսանքն անմիջապես անջատում են»,- ասում է Սադոյանը:
Ամենազավեշտալին, սակայն այն է, որ ՀԷՑ-ի ենթակայանները կառուցվում են ոչ թե սեփական ներդրումների հաշվին, այլ պետության կողմից վերցրած վարկերի, իսկ ՀԵՑ-ը չգիտես ինչու շարունակում է ավելի ու ավելի շատ կորուստներով աշխատել: «Բոլորը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Ռոբերտ Նազարյանի և նրա անդամների պատճառով: Մի անգամ ես իրենց հանձնաժողովի նիստի ժամանակ ասեցի՝ գողը որ տնից չլինի, եզը երթիկից չեն հանի: Հո գերի չենք ընկել նրանց ձեռքը: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս տնտեսությունը պրակտիկորեն չի գործում, ձեռնարկատերը շահագրգռված չէ, որպեսզի էժան ու լավ արտադրանք տա: Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովի անունից պետք է պահանջենք, որ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա»,- ասում է Ա.Սադոյան:
Նա նաև դիմեց հանրությանը և լրագրողներին կոչ անելով, որ քայլեր ձեռնարկվի, որ երկիրը հենց այնպես չթալանվի, քանի որ ինչքան շատ թալանեն, այնքան երկիրն ավելի կգահավիժի դեպի անդունդ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
