ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ԻՐ "ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ" ՔԱՆԴԱԿՈՎ "ԱՌԵՎԱՆԳԵՑ" ԳՐԱՆ ՊՐԻՆ
Արխիվ 12-16ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ԻՐ "ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ" ՔԱՆԴԱԿՈՎ "ԱՌԵՎԱՆԳԵՑ" ԳՐԱՆ ՊՐԻՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ Իսպանիայի Սալամանկա քաղաքում անցկացվող փառատոնից Հայաստան է վերադարձել Գրան պրի մրցանակով` "Եվրոպայի առեւանգումը" քանդակի համար: Այդ մասին երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում ասաց քանդակագործն ու հավելեց, որ մինչ մեկնելը այլ աշխատանք է նախատեսել նախօրոք ուղարկված էսքիզով, բայց Իսպանիա հասնելուն պես մտքափոխվել է."Անկեղծ ասած, եղեռնի թեմայով էի ուղարկել էսքիզը, բայց երբ գնացի, տեղում տեսա բոլոր քարերը պատրաստ` հորիզոնական դիրքով, հրաժարվեցի իմ նախնական գաղափարից: Տեսա, որ նրանց կոմպոզիցիաները ուղղահայաց էին, ես էլ հորիզոնական լուծում գտա` ամբողջ գիշեր նստեցի ու աշխատեցի էսքիզների վրա, մտաբերեցի հորիզոնական կոմպոզիցիայով քանդակներս ու որոշեցի ցուլը քանդակել եւ անակնկալ` պարզվեց, որ ցուլի գլուխը Սալամանկա քաղաքի խորհրդանիշն է, որը կա նաեւ իրենց դրոշի վրա: Եղեռնի թեմայով այդ կոմպոզիցիան` "Տագնապը", Պեմզա քաղաքում արդեն արել էի` կինը երեխային օրորոցից վերցնում է ու փախչում: Հետո չուզեցի, որ եղեռնի թեման այդտեղ նորից ծանրանա մարդկանց վրա, չէի ուզում խղճահարության պահեր լինեին, ասացի` ընդհակառակը, մի զորեղ բան անեմ: Այդպես փոխեցի էսքիզը` վախենալով, որ փառատոնի կանոնները խախտում եմ, բայց երբ տեսան ու ցուլը նկատեցին, արդեն համաձայնեցին":
ՔԱՆԴԱԿԻ ՀԱՄԱՐ ԳՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ
Քանդակի համար Լ. Թոքմաջյանը նույնիսկ ստիպված է եղել գնալ Սալամանկա քաղաքի քաղաքապետի մոտ. "Քանի որ ցուլն իրենց խորհրդանիշն է, երբ արդեն քարի վրա տեսանելի էր ցլի պոզերը, քաղաքապետն ինձ կանչեց իր մոտ, պարզելու, թե արդյոք նախօրոք գիտե՞ի, որ ցուլն իրենց պաշտամունքն է: Ես ասացի, որ տեղյակ չեմ եղել, բայց նաեւ ասացի` եթե ձեր պաշտամունքն է, ինչո՞ւ եք տանջում այդ կենդանուն ու այդպես դաժանաբար սպանում... Ես նույնիսկ ներկա եղա ցլամարտի, չեք պատկերացնի, թե ինչ մեծ տարածք են տրամադրում, նույնիսկ հռոմեական կոլիզեյը այդքան մեծ տարածք չուներ...",- զարմացած ասաց բանախոսը:
ՔԱՆԴԱԿԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ
Այնուամենայնիվ, հայ քանդակագործի անակնկալի համար փառատոնի կազմակերպիչները մեկ շաբաթ անց որոշում են փառատոնը դարձնել մրցութային. "Զարմանալին այն էր, որ մեկ շաբաթ անց փառատոնը դարձավ մրցութային` մեծ ազդագիր փակցրին` քանդակագործության միջազգային մրցույթ: Ճիշտ է, այն մի քիչ լարվածություն մտցրեց քանդակագործների մեջ, բոլորն զգացին, որ հետաքրքրություն կա դեպի իմ կողմը, բայց իմ այլազգի գործընկերները ըմբռնումով մոտեցան եւ ընդունեցին` իրոք իմ աշխատանքը տարբերվում էր: Եվ երբ վերջում բոլորին դիպլոմներ հանձնեցին, իսկ ինձ` Գրան պրին, ես հասկացա, որ կազմակերպիչներն իրենց այդ քայլով ցանկացան իմ աշխատանքն ինչ-որ կերպ առանձնացնել":
"ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՔԱՐԻ ՎՐԱ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ"
Լ. Թոքմաջյանը նկատել է, որ Եվրոպայում քանդակագործությունը հիմնված է կոնստրուկցիայի վրա. "Իրենք մտածում են` ինչպես անենք, որ հեշտ լինի ու ժամկետի մեջ տեղավորվենք, ու քարը կտրատում են քառակուսի, մի հատ էլ անցք են անում, փայլեցնում` վերջ: Իմ նպատակը դա չէր, իրենց ասացի, որ ես չեմ փայլեցնելու, ուզում եմ ներքին մի ընդվզում ունենալ",- պատմեց բանախոսն ու հայ երիտասարդներին խորհուրդ տվեց չընկնել ժամանակակից ձեւերի հետեւից. "Մեր երիտասարդությունն այսօր քարի վրա չի աշխատում, ավելի հեշտ է` փոքր բաներ անել բրոնզից, հասկանալի է, մետաղն էլ իր տեղն ունի, բայց քարը հետաքրքիր բան է, պիտի մի քիչ խորն ուսումնասիրեն, ես այդ լրջությունը ժամանակակից քանդակագործության մեջ չեմ տեսնում":
ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԻ ՎՐԱ
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լ. Թոքմաջյանը նախընտրեց չխոսել առաջիկա ծրագրերից, բայց եւ այնպես ասաց, որ մեծ գործ է նախաձեռնել. "Հիմա աշխատում եմ Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա, իր 60-ամյակին ուզում ենք տեղադրել Աջափնյակի այգիներից մեկում: Ինձ համար Ավոն ոչ միայն ղարաբաղյան զինվոր է, այլեւ լեգենդ, ուզում եմ Ավոյի կերպարում խտացնել մեր ժամանակի իսկական հայրենասերներին, որոնք իրենց կյանքը տալիս են հայրենիքն, դրա սիմվոլը հենց Ավոն է",- եզրափակեց բանախոսը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
