ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԶԻԿ ԱՐԴԵՆ ՀԵՐՈՍ Է, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԱԼ ԲԱՔՈՒ»
Արխիվ 12-16
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԶԻԿ ԱՐԴԵՆ ՀԵՐՈՍ Է, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԱԼ ԲԱՔՈՒ»
Այսօր՝ մայիսի 26-ին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ, որի ընթացքում ներկայացվեցին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասներն ու պատճառները:
«Թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական բոլոր խնդիրները լուծված են: Մեր պատվիրակության առաջին խումբը մեկնելու է հունիսի 10-ին: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ես եմ եւ առաջինը կմեկնեմ»,- ասաց Ռոստոմյանը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այսօր առնվազն անմեղսունակ լինես, որ ինչ-որ խոսքով առաջնորդվես: Բոլոր նախադրյալները եւ անվտանգության երաշխիքները ստացել ենք երեք կողմից՝ Ադրբեջանի, ՄՕԿ-ի ու ԵՕԿ-ի: Առանց այդ նախադրյալներն ունենալու ՀԱՕԿ-ը որոշում չէր կայացնի, մենք չէինք մեկնի Բաքու: ՀԱՕԿ-ը եզակի կազմակերպություններից մեկն է, որտեղ որոշումները կայացնելիս հաշվի են առնում բոլորի կարծիքները: Նույն կերպ կազմակերպվել է նաեւ Բաքվի խաղերի մասնակցության հարցը: Բոլոր քննարկումները տեղի են ունեցել ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում: Գործկոմը կազմված է 15 անդամից, բայց քանի որ սա շատ կարեւոր հարց էր, մենք քննարկման հրավիրեցինք նաեւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին եւ գլխավոր մարզիչներին: Մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, բայց մարզիկների ցանկությամբ: Խնդիր ենք դրել, որ պետք է բոլոր մարզիկները պատվով հանդես գան»,-նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
ՀԱՕԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՒՏ ՄԱՐԶԱԿԱՆ Է
«ՀԱՕԿ-ի որոշումը զուտ մարզական է: Ունենք Եվրոպական խաղեր, որը չի պատկանում Ադրբեջանին, այլ դա ԵՕԿ-ինն է: ՀԱՕԿ-ը որոշեց չմեկուսանալ այս կարեւորագույն մարզական իրադարձությունից: Գնում ենք հաջող մասնակցելու համար: Յուրաքանչյուր մեդալ մեծ հաղթանակ է լինելու մեզ համար: Ամեն մարզիկ արդեն հերոս է, որ ցանկանում է գնալ Բաքու: Բացման արարողությանը Հայաստանը մասնակցելու է, եւ ես եմ լինելու մեր դրոշակակիրը: Գուցե միայնակ լինեմ, գուցե կազմով լինենք: Դեռ պարզ չէ»,- ասաց Ռոստոմյանը:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հաստատեց, որ Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը կմասնակցի 25 մարզիկներով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
