"ԻՆՁ ՔՑՈՂՆԵՐՆ ԱԶԱՏ ՄԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ"
Արխիվ 12-16"ԻՆՁ ՔՑՈՂՆԵՐՆ ԱԶԱՏ ՄԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ"
Շուրջ երկու տարի ընթացող օֆշորի սկանդալային գործով նախաքննությունն ավարտվել է: Թեեւ այս պատմության տուժող, դրա արդյունքում ունեզրկման շեմին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը քանիցս մեղադրանքներ է հնչեցրելª ուղղված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին, սակայն գործով միակ մեղադրյալը մնում է տուժող Հայրապետյանին եւ Հայաստանին աֆրիկյան ադամանդի լեռներ խոստացած Աշոտ Սուքիասյանը: Թե ինչպե՞ս է գնահատում այս փաստը տուժողը, որքանո՞վ է օբյեկտիվ համարում այս աղմկահարույց գործի նախաքննությունը հարցերով դիմեցինք ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում ասաց.
-Եսչեմ կարծում, որ քննությունը պետք է ավարտվեր, քանի որ չի հարցաքննվել նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Նա պետք է պարզաբանում տար, թեª 7 միլիոն եւ 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, ի՞նչ գումարներ են, ի՞նչ են արել դրանք, ինչո՞ւ չի նստել մեկ ուրիշի հաշվի վրա, այլ` հենց իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերից մեկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան է: Փաստաթղթով գրանցված է` 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց նախաքննությունը չի ուզում այդ հարցի պատասխանը ստանալ:
Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին: Ես էլ ոչ մի բանի հույս չունեմ, էսքան ժամանակ քննություն ընթացավ, ի՞նչ եղավ. մենակ իմ ունեցվածքներն էին հատ-հատ վաճառքի հանում: Նույնն էլ դատարանում է լինելու: Հա, ասենք Աշոտին դատապարտեցին, բայց ինձ դա ոչ մի բան չի տալու. Աշոտը, ես ասել ու էլի կասեմ, մենակ գործիք է եղել, ես իրանից ի՞նչ ուզեմ: Ի՞նչ նախաքննության ավարտ, երբ ինձ քցողները ազատ ման են գալիս, ունեցվածքս խարդախ ճանապարհով իրենցով անողները նախկին վարչապետն ու իր գործերի իրականացնող "Ամերիաբանկն" է: Բայց ո՞ւր է, գործում իրենց անուններն էլ չկան:
- Մեկնաբանվում է, թե նախկին վարչապետի անունը չկա, քանի որ Ա. Սուքիասյանը պնդում է, որ նա է կեղծել ստորագրությունները:
- Թող ուրիշինը կեղծեր, ինչի՞ հենց իրենը: Այª հենց էդտեղ է թաղված շան գլուխը:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ,
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ, ՀԱՐԿԵՐԻՑ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ
Մենք փորձեցինք զրուցել նաեւ օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ: Նա էլ, բնականաբար, միանգամայն հակառակ կարծիքին է.
- Աշոտ Սուքիասյանի` խարդախության մեջ մեղադրանքը լիովին անհիմն է: Այո, նախաքննությունն ավարտվել է, ես ստացել եմ քրեական գործի նյութերը, սակայն դրանք 32 հատոր են եւ դեռ չեմ հասցրել ամբողջությամբ դրանք ուսումնասիրել: Աշոտին մեղադրում են խարդախության, փողերի լվացման եւ 80 մլն դրամի չափով հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու մեջ, այնինչª այս պատմությունը պետք է քննվեր զուտ քաղաքացիական գործի շրջանակներում: Խարդախության մեղադրանքի հետ մենք բացարձակապես համաձայն չենք, քանի որ եղել է բիզնեսի հետ կապված համաձայնություն, որը պաշտպանյալս չի կարողացել ավարտել: Իսկ հարկերից խուսափելու հետ կապված խնդիրը Աշոտ Սուքիասյանին պատկանող "Ձորագյուղ" կազմակերպության մասին է: 2012-ից նա բացակայել է երկրից, սակայն իր վրա դրվել են այդ հարկերը: Գերմանահայ Կուլինո ամուսինների պարտքի մասն անջատվել է գործից. Աշոտը պարտքի մեծ մասը վերադարձրած է եղել ամուսիններին, եւ հնարավոր է, որ հետագայում ամուսինների նկատմամբ քրեական գործ հարուցվի:
- Դուք նշեցիք, որ այս գործը պետք է քննվեր քաղաքացիական գործի շրջանակներում: Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր պաշտպանյալը ավելի շուտ չէր ներկայանում հայաստանյան իրավապահներին:
- Ինքը Աֆրիկայում է եղել` դատական գործերի մեջ: Դատի է տվել այն մարդկանց, ովքեր պետք է իր անվամբ ձեւակերպեին հանքերի 66 տոկոսը: Դրանից հետո նոր ուզում էր Հայաստան գալ, եւ եթե նույնիսկ իրեն չձերբակալեին Թբիլիսիում, մեկ էª նա գալու էր ու ներկայանար իրավապահներին:
- Տուժող Փ. Հայրապետյանը շարունակում է պնդել, որ իրական մեղավորը նախկին վարչապետն է, սակայն գործում նրա հետ կապված ոչինչ չկա:
- Նրա վերաբերյալ իմ պաշտպանյալը ի սկզբանե ասել է, որ նմանակել է ստորագրությունը, ինչը հիմնավորվել է: Համենայնդեպսª գործում որեւէ հանգամանք չկա, որ նշված անձն անօրինակություն է կատարել: Հակառակը. քննությամբ պարզվեց, որ իրականում հենց Աշոտ Սուքիասյանն է նմանակել ստորագրությունները եւ հակառակն ապացուցող այլ փաստեր քննությամբ չեն հայտնաբերվել:
- Փաստորենª ստորագրություն կեղծելու վերաբերյալ մեղադրանք է՞լ կա Սուքիասյանի նկատմամբ:
- Այս պահինª ոչ ¥դա արդեն իսկ տարօրինակ է: Եթե հիմնավորված է, որ Ա. Սուքիասյանը ստորագրություն է կեղծել, այն էլª վարչապետի, ապա դա արդեն ծանր հանցագործություն է, ընդ որումª տրամաբանական կլիներ, որ Տիգրան Սարգսյանն էլ տուժողի դերում պահանջեր հարցին տալ դատական լուծում- Հեղ.¤, հավանաբար, դրան դատաքննության ընթացքում կանդրադառնան: Ընդհանրապեսª այս գործով, կարծում եմ, դատարանում դեռ շատ բաներ կբացահայտվեն, քանի որ կան որոշ փաստաթղթեր, որոնք քննիչը թեեւ կցել է գործին, սակայն դրանք ապացույց չի ճանաչել: Ըստ երեւույթին կարծելով, որ այդ կերպ մեղադրանքը կթուլացներ, իսկ դա մեղադրող կողմին ձեռք չէր տա: Այդ իսկ պատճառով հիմա ավելի օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու մեծ ակնկալիքներ ունենք դատարանից:
- Ուզում եք ասել, որ այդ փաստաթղթերը դատաքննության ընթացքում կարող են հերքե՞լ Ա. Սուքիասյանի մեղավորությունը:
- Եթե հաշվի առնվենª այո, հնարավոր է, որ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքների մասով գործը կարճվի եւ նրան արդարացնեն: Բայց առաջ չընկնենք` տեսնենք, թե ինչ կարգով կընթանա դատաքննությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
