ԹԵԺ ՇԱԲԱԹ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ԹԵԺ ՇԱԲԱԹ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Անցած շաբաթը թեժ էր կառավարությունում ոչ միայն վարչապետի եւ կառավարության նիստի հագեցած օրակարգով, այլեւ հասարակական հնչեղություն ունեցող մի շարք որոշումներով ու դրանց մեկնաբանություններով: Շաբաթվա ընթացքում վարչապետը հանդիպումներ ունեցավ Լեհաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի պետության դեսպանների, Մեքսիկայի սենատի հանձնաժողովի նախագահի, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ, քննարկելով տնտեսական կապերի զարգացմանն ու ներդրումներին վերաբերող բազմաբնույթ հարցեր, ապա հանդիպեց հայ գինեգործների հետ, քննարկելով ոլորտի խնդիրներն ու կառավարության հնարավոր աջակցության ուղիները:
Այնուհետեւ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ընդունվեցին մի շարք կարեւոր, այդ թվում` աննախադեպ որոշումներ, ինչպես օրինակ` զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողի բուժումն արտերկրում կազմակերպելու հնարավորությունն էր: Կառավարությունը, փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, պայմաններ ստեղծեց Հայաստանում "Մայքրոսոֆթ" ընկերության գործունեության համար, մեկ այլ որոշումով "Ալյանս" ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տվեց հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտ վերամշակող "Լակուզեր-Հայաստան" ՍՊԸ-ին, այնուհետեւ վարչապետը հանձնարարեց համապատասխան նախարարություններին` համակարգված աջակցություն ցուցաբերել Սիրիայի մեր հայրենակիցներին, հատկապես Հալեպում ստեղծված իրադրության կապակցությամբ: Չանտեսվեցին նաեւ գյուղի խնդիրները. կառավարությունը գումար հատկացրեց Արմավիրի մարզի Բագարան համայնքում չորս հակակարկտային կայանքի ձեռքբերման եւ տեղակայման համար: Երկու հարցի շուրջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ եւ կտրուկ անդրադարձ կատարեց, որոնց հետ դժվար է չհամաձայնել: Առաջինը վերաբերում է հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներին: Փաստորեն, կառավարությունը որոշել է աջակցել քաղաքացիներին, նորակառույցում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոթեքի տոկոսները սոցիալական վճարների գումարով մարելու միջոցով, բայց գործընթացը բարդ է, մեխանիզմները` անհասկանալի: Վարչապետի հանձնարարականը, սակայն, Ֆինանսների նախարարությանը պարզ էր ու հասկանալի. կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության հարցադրումները, հստակեցնել մեխանիզմները եւ այդ մասին պատշաճ իրազեկել հանրությանը: Հաջորդ հարցը, որի մասին խոսել է վարչապետը, վերաբերել է երկրի տնտեսության ներկա վիճակին եւ տնտեսական աճի խնդիրներին: Որքան էլ տարօրինակ է, բայց եւ գաղտնիք չէ, որ կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ, ում քիմքին ավելի դուրեկան են հնչում տնտեսական անկման մասին կանխատեսումները: Վարչապետը, հիմնվելով իրական հաշվարկների եւ իրականացվող ծրագրերի ու սպասվող արդյունքների վրա, ասել է, որ ի հեճուկս մռայլ կանխատեսումների, 2015 թվականին տնտեսական աճը նվազագույնը լինելու է 2-3 տոկոս, իսկ պլանավորված աշխատանքներն իրականացնելու դեպքում` հնարավոր է նաեւ 4.1 տոկոս տնտեսական աճ:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հ.Գ. Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, սակայն, կարծիք է հայտնել, որ որքան էլ վարչապետը իրատեսական կանխատեսում է ներկայացրել, 4.1 տոկոսը կարող է լինել ոչ թե առավելագույն, այլ նվազագույն սահմանը, եթե առկա ռեսուրսները ճիշտ օգտագործվեն: Տնտեսագետը համաձայն չէ նաեւ այն մարդկանց հետ, ովքեր Հայաստանի տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորում են Ռուսաստանի գործոնով, որովհետեւ, ըստ նրա "ՌԴ շուկան մեզ համար կարեւոր է, սակայն որոշիչ չի կարող լինել. Հայաստանն իր դեմքն ու առանձնահատկություններն ունի":
