"ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԵՑ"
Արխիվ 12-16
Ռիգայում մայիսի 22-ին ավարտվեց Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԵՄ-ն համաձայնության է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների շրջանակի շուրջ եւ համատեղ հռչակագիր է ընդունվել: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով գագաթաժողովի արդյունքներին, ասաց, որ Հայաստանը Ռիգայում ռեալ առաջընթաց կարող էր ունենալ եւ ունեցավ` վիզային ռեժիմի հարցում: "
Վիզաների ռեժիմի հեշտացման գործընթացը բավական հաջող է ընթանում Հայաստանում: Շատ ու շատ տեխնիկական հարցեր լուծեց մեր երկիրը",- ասաց քաղաքագետը:Ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների, ՀՀ կառավարությունը, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, վիզային ռեժիմի դյուրացման հարցում որոշակի առաջընթաց արձանագրել է:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելուն, որը "Horizon 2020" ծրագրի տեսքով ամրագրվել է հռչակագրում, քաղաքագետն այդ ծրագիրը համարեց Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների համագործակցության սկիզբ. "Քանի որ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիրը, պետք է հիմա սպասենք Հայաստանին տրվելիք Եվրահանձնաժողովի մանդատին: Հիմա աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի ԵՄ-ի 28 երկրներ իրենց համաձայնությունը տան Եվրամիությանը` Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար",- վերլուծում է քաղաքագետը:
Եթե Հայաստան-ԵՄ հարաբերություններն այս տեմպերով շարունակվեն, կարող ենք հասնել "եւ-եւ"-ի քաղաքականությանը: Այդ քաղաքականությանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, շուտ չենք հասնի, թեեւ Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնել: "Գործով պետք է ցույց տրվի` որքան ենք պատրաստ",- կարծում է քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի` Ռիգայի գագաթաժողովին մինչեւ վերջ չմնալու եւ Արցախի խնդրին առնչվող դրույթներին առարկելու փաստին` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահը կարծում է, որ Ադրբեջանն ամեն ինչ փչացրեց եւ իրեն մեկուսացրեց այս գործընթացից` նախագահ Ալիեւի չմասնակցությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
