ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ ՆԵՆԳՈՏ ԲԱՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ ՆԵՆԳՈՏ ԲԱՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ»
Երեւանի «Միկա» մարզահամալիրում կայացավ Դուքենդո Հայաստանի ֆեդերացիայի ամփոփիչ մրցաշարը` այս տարեվերջին կայանալիք Հայաստանի առաջնությունից առաջ: Մրցաշարը կրում էր Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անունը: Նշենք, որ միջացառման պաշտոնական բացման ժամանակ տեղի ունեցավ պարգեւատրման արարողակարգ` Միջազգային Դուքենդո ֆեդերացիայի նախագահ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ֆեդերացիայի անունից զորավարին շնորհեց Սեւ գոտի վարպետական երրորդ աստիճանի պատվավոր որակավորում եւ առ այն
հավաստագիր: Գոռ Վարդանյանն իր խոսքում ընդգծեց. «Մինչեւ այսօր, թշնամին լսելով զորավարի անունը վախից սարսափում է: Դա մեծ հպարտություն եւ առաջնորդվելու ուժ է պարգեւում նոր սերունդներին: Նրա անունը կրող այս մրցաշարն էլ նպատակ ունի մատաղ սերնդին ներկայացնելու գեներալի թողած պատմությանն ու սերմանելու նույնքան հայրենասիրություն, հոգու կամք եւ ուժ, որքան ունի հենց ինքը` գեներալը, որ հետագայում կարողանան պատվով դուրս գալ ամեն տեսակ պատերազմական եւ կենսական դժվարանցանելի դրություններից»: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանը եւս դատարկաձեռն չեր եկել, նա էլ իր հերթին պարգեւատրեց Միջազգային Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին,
Դուքենդո Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին ԵԿՄ հուշամեդալով: Միջացառումը բավականին տպավորել էր գեներալին. «Ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս երկրի, պետության ակունքներում է կանգնած ու լավ դաստիարակություն է տալիս մեր սերունդներին: Մանավանդ հայոց բանակին ֆիզիկապես ամուր զինվորներ է տալու: Հպարտություն եմ ապրում` տեսնելով, որ այս սերունդն ավելի ուժեղ է, ավելի խելոք է, ավելի պատրաստակամ այս անկախությանը տեր կանգնելու, քան թե ժամանակին, երբ մենք նոր սկսեցինք: Մաշտոցի այբուբենից հետո ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունն է կարեւոր, այն մեծ նշանակություն
ունի բանակին ծառայելու առումով, բացի դա ուժեղ մարդը նենգոտ բաներ չի անում, դուզ-դուզ մարդ է, ճիշտ խոսում է»:
Մրցաշարի բացման շրջանակներում նաեւ կատարվեց Սեւ գոտիների հանձնման արարողություն: Օրեր առաջ Դուքենդո Հայաստանի ֆեդերացիայի 35 մարզիկ հանձնելով քննությունը՝ ստացան հնարավորություն ստանալու վարպետական որակավորման առաջին աստիճանի սեւ գոտիներ, եւ ահա զորավարը անձամբ հանձնեց գոտիները: Մրցաշարի բուն մեկնարկից առաջ ցուցադրական շքեղ համարով ներկայացան նաեւ Ավանի մասնաճյուղի սաները: Նշենք, որ առաջնությունն անցկացվեց
երկու մրցաձեւում` ուղեգրային եւ ոչ ուղեգրային: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւան քաղաքի մասնաճյուղերի շուրջ 260 մարզիկ, որոնցից 130-ը կանգնել են պատվո հարթակի տարբեր աստիճաններին. 35 մարզիկ կանգնեցին առաջին, 35-ը` երկրորդ եւ 60-ը` երրորդ պատվո հարթակներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
