ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴԸ
Արխիվ 12-16ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴԸ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում մի ինքնատիպ
ցուցահանդես բացվեց «Գեղանկարիչ Արմեն Աթայանը եւ իր աշակերտների աշխատանքները» թեմայով: Տվյալ պարագայում ուսուցիչը 93-ամյա գեղանկարիչն է, որի ծննդյան օրվան էր նվիրված այս հետաքրքիր ու ինքնատիպ ցուցադրությունը: Բարեմաղթանքները ընդունում էր ինքը` գործող, ստեղծագործող նկարիչը, ով իր վերջին բնանկարը հենց նախորդ օրն էր ավարտել, բայց չէր հասցրել ցուցահանդես բերել:
«Բարեբախտաբար, իմ ստեղծագործական կյանքում դադարներ չեմ ունեցել, թերեւս չհաշված Մեծ հայրենական պատերազմը, որի հաղթանակած զինվորն եմ ես,- ասում է Ա. Աթայանը,- հենց ստեղծագործությունն է ինձ լիցքեր տալիս, մղում անընդհատ որոնումների, միշտ գեղեցիկի հետ լինելու իրողություն: Եվ երբ սրանից 6 տարի առաջ դարձա «Հայկական ներկապնակ» ծրագրի մասնակից, հասկացա, որ այլեւս իմ տարիքը խոչընդոտ չի լինելու ստեղծագործելու համար: Ինձ համար տարին բոլոր բնության գրկում ստեղծագործելը սովորական ու անհրաժեշտ դարձավ: Այդ ծրագրի շրջանակներում եղել ենք Արցախում, Հայաստանի բոլոր գործող շրջաններում ու կտավին հանձնել մեր երկրի հրաշալի բնապատկերները` նաեւ տարբեր երկրներից եկած նկարիչների հետ»:
Անկասկած, նման ցուցահանդեսների ժամանակ նախ եւ առաջ գնահատանքի խոսքեր են հնչում` տվյալ դեպքում իսկապես արժանավոր արվեստագետի հասցեին, ով լինելով Սարյանի աշակերտը եւ այդ դպրոցի ցայտուն ներկայացուցիչը, պարզ ու մաքուր, ազգային նկարչության ոգին ու էությունը փոխանցեց իր աշակերտներին:
Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի բնութագրմամբ` Արմեն Աթայանը մեր կերպարվեստի առնվազն վերջին 7-7.5 տասնամյակի ավանդույթներն իր շալակին կրող, մեր կողքին քայլող տարեգրությունն է:
ՀՀ մշակույթի նախարարի անունից հանդես գալով ու Ա. Աթայանին «Գրիգոր Նարեկացի» մեդալով պարգեւատրելով` նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանն ընդգծեց, որ նման ցուցահանդեսները շատ կարեւոր են, որովհետեւ դրանք ինչ-որ տեղ առիթ են անցյալը հիշելու, վաստակաշատ մարդուն գնահատելու եւ նաեւ հաջորդ սերունդներին ի ցույց դնելու մի ամբողջ դարաշրջան կազմող արվեստագետի ստեղծագործությունը:
Այստեղ ներկայացած Արմեն Աթայանի աշակերտները արդեն 5-6 տասնամյակ ունեն ապրած իրենց ուսերին, ինչպես Գագիկ Ավետիսյանը:
Վերջինիս համոզմամբ` Արմեն Աթայանը դարձել է «Հայկական ներկապնակի» նահապետը, ով ոչ միայն իր գեղագիտական արժեհամակարգն է ձգտում փոխանցել իրենից տարիքով կրտսերներին, այլեւ` ինչպես պետք է սիրել հայրենի բնությունը, հող հայրենին, ու եթե ինքնատիպ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է լեռն ի վեր մագլցել. դա պատրաստ է անել 93 տարի ապրած Ա. Աթայանը:
- Արմեն Աթայանը բազմաժանր ստեղծագործող է,- ասում է Գագիկ Ավետիսյանը,- բայց նա` հայրենի բնության նվիրյալը, իր վրձնահարվածներով, լինի դա Դեբեդ գետի հովիտը, թե Նորավանքի քարափները կամ պարզապես հրաշալի ծաղիկներ` ինքնատիպ գույներով ու հայոց խնձորներ` իրենց նմանը չունեցող համուհոտով:
Հրաշալի է նրա գույնի եւ երանգի զգացողությունը: Երբեմն զարմանում ես, թե որքան դիպուկ են նրա վրձնահարվածները: Այս ամենը նրան սովորեցրել են իր ուսուցիչները: Եվ նա շատ հուզվեց, երբ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի թոռնուհին հանձնեց Կոմիտասի պատկերով մեդալիոնը` իր պապի կողմից պատրաստված: Հատկանշական էր նաեւ այն իրողությունը, որ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնի շենքում է գտնվել Երեւանի գեղարվեստի ինստիտուտը, որը հիմնադրել է Արա Սարգսյանը, եւ այստեղ էլ նրան աշակերտել է Արմեն Աթայանը:
Օրվա հերոսը, անկասկած, շատ հիշողություններ ունի` ե՛ւ իր ուսումնասիրության, ե՛ւ իր դասախոսական աշխատանքի մասին, մանավանդ, երբ քո ցանած սերմը ծիլեր է արձակում: Նա ուրախ է, որ միշտ շրջապատված է իր աշակերտներով` Գագիկ Ավետիսյան, Վոլոդյա Սիմոնյան, Վահագն Գալստյան, Արմեն Վահրամյան. որ մեկին ասես, որ մեկին թողնես:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, ով ղեկավարում է
նաեւ «Հայկական ներկապնակը», ասում է, որ Արմեն Աթայանը յուրօրինակ խորհրդանիշ է դարձել փառատոնային եւ ցուցահանդեսային ծրագրերի համար: «Նա մասնակցել է մեր բոլոր միջազգային եւ ներհայաստանյան փառատոներին եւ ցուցահանդեսներին,- ասում է Սերգո Երիցյանը,- արդյունավետ աշխատել, հետաքրքրիր ու ինքնատիպ աշխատանքներ ստեղծել»:
Միշտ նրա կողքին է կինը` Էդան, մասնագիտությամբ` բժշկուհի, ով հարկ եղած դեպքում միշտ եղել է նկարիչների կողքին: Նման մարդկանց շնորհիվ է, որ «Հայկական ներկապնակը» մի կուռ եւ ամբողջական ստեղծագործական ընտանիք է դարձել:
Տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ եկել էին վայելելու մեծ վարպետի եւ նրա աշակերտների արվեստը: Իսկ նրանց ներկայացրած աշխատանքները գրավիչ գույներ ու երանգներ ունեն:
«Մեր առջեւ գունապատկերային հետաքրքիր աշխարհ է բացում մեծ վարպետը` Ա. Աթայանը,- ասում է ուսանողուհի Մերի Աղաջանյանը,- զարմանում ես` տեսնելով, թե որքան մեծ հույս ու լույս կա նրա կտավներում»:
Իսկապես, բարձր ու ինքնատիպ ցուցադրության ներկա եղանք, երբ աչքիդ առջեւ է կերպարվեստի կենդանի լեգենդը` անցած-գնացած տասնամյակների ստեղծագործական նկարագրով ու արվեստագետների տարբեր սերունդների հետ հասուն փոխկանչով:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
