«ՔԻՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՔԻՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Մայիսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
«Գործերի ընդունման առաջին փուլը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը», - տեղեկացրեց նա:
Զրուցակիցը փաստեց, որ երեկ եւ այսօր դիմորդների հոսքը փոքր-ինչ պասիվ է եղել: Պատճառը, հավանաբար, Վերջին զանգն է: «Մենք ակնկալում ենք դիմորդների ակտիվ հոսք վաղվանից»:
Վ. Գալստյանի խոսքերով` 53 մասնագիտությունների գծով այսօրվա դրությամբ Երեւանի պետական համալսարան դիմել է 1970 դիմորդ: «Այս տարի դիմորդներն պայքարելու են 344 անվճար եւ 3046 վճարովի տեղերի համար»,- ընդգծեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:
Զրուցակիցը ցավով արձանագրեց, որ այս տարի քիչ պահանջարկ ունեն բնագիտական մասնագիտությունները, ինչը, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս. «Օրինակ, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա մասնագիտություններով սակավ քանակությամբ դիմում-հայտ է լրացվել»:
Ի դեպ, Վ. Գալստյանի փոխանցմամբ՝ չպանջարկվածների թվում են նաեւ ռուսաց լեզու եւ գրականություն, իրանագիտություն, աստվածաբանություն մասնագիտությունները: Հուսադրող վիճակում են գտնվում սոցիալական աշխատանք, օտար լեզուներ, լրագրություն, կառավարում, իրանագիտություն, հանրային կառավարում, կենսաբանություն մասնագիտությունները:
Վ. Գալստյանը նկատեց, որ դիմորդների մոտ 30 տոկոսը ներկայանում են, այսպես ասած, չկողմնորոշված՝ սեփական մասնագիտության ընտրության հարցում. «Այս դեպքում նրանք դիմում են խորհրդատուների օգնությանը»:
Նշենք, որ գործերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
