ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ. «ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ`ԱՆԳԱՄ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԸ, ԲԱՑ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՃԱՌԵԼ»
Արխիվ 12-16ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ. «ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ`ԱՆԳԱՄ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԸ, ԲԱՑ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՃԱՌԵԼ»
Հայաստանում առեւտրային գործունեություն ծավալող կառույցներից գրեթե բոլորում կարելի է տեսնել «Գնված ապրանքը ետ չի ընդունվում ու վերադարձվում» պաստառը, որը, բնականաբար, անօրինական է: Վերջերս հագուստի խանութներից մեկում մի հետաքրքրիր ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Հաճախորդը գնել է ներքնազգեստ նվերի նպատակով, սակայն հաջորդ օրն այն մեծ դժվարությամբ ետ է վերադարձրել` պատճառաբանելով, որ նվիրառուն անկեղծորեն ասել է, թե դա իրեն դուր չի գալիս: Որքան էլ զարմանալի թվա, հագուստի խանութը բացառության կարգով ներքնազգեստը ետ է ընդունել: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ անձնական հիգիենայի պարագաները կառավարության 77-n որոշման համաձայն հետ` չեն վերադարձվում: Ավելին` անգամ անձնական հիգիենայի պարագաները պետք է փաթեթավորված վաճառվեն, չնայած առեւտրային գործունեությունն իրականացնող կառույցների մի մասում հակառակ պատկերն է:
Խնդրի մասին գլոբալ խոսելով` սպառողների իրավունքների պաշտպանը հիշեցրեց սպառողների պաշտպանության մասին օրենքի 23-րդ հոդվածը, որի համաձայն` եթե գնման պահին նմանօրինակ ապրանքը բացակայում է, սպառողը հնարավորություն չունի փոխանակելու, այն ենթակա է վերադարձի: Դա տեղի է ունենում 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը չի օգտավործվել: Եթե, ըստ էության, ապրանքի հետ վերադարձը չի իրականանում ոչ թե ապրանքի որակական հատկանիշների, այլ ինչ-ինչ պատճառնչով հարմար չէր օգտագործման համար: «Օրենքը, սակայն, խախտում են մի շարք ընկերություններ: Նախորդ տարի` մոտավորապես այս նույն ժամանակահատվածում, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ը մեծածավալ ուսումնասիրություն կատարեց այս բնագավառում: Եռամսյակի կտրվածքով երեսուն-քառասուն ահազանգ ստացանք: Ինը ահազանգ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը բավարարեց: Մի բողոքն էլ քննվեց դատարանում»,- մանրամասնեց ՀԿ-ի ղեկավարը:
Մեր սպառողները հաճախ պայքարում են իրենց իրավունքի վերականգման համար, սակայն, ըստ Պիպոյանի, խնդիրը չի լուծվում, քանի որ առեւտրային գործունեություն ծավալող կառույցները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության: «Մենք այս առաջարկը ներկայացրել ենք էկոնոմիկայի նախարարություն, նաեւ` կառավարություն: Գործադիրից մեզ պատասխանեցին, որ ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված տեղի են ունենալու օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն: Այս տարվա վեց ամսվա կտրվածքով որոշակի իրավական ակտեր փոփոխության ենթարկվելու են: Դրանից հետո միայն կհասկանանք` սպառողների մասին օրենքում փոփոխություն արվել է, թե ոչ: Եթե փոփոխություն չլինի, ապա առաջարկով կդիմենք երկրորդ անգամ»,-եզրափակեց Պիպոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
