21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Արխիվ 12-1621-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Իրաքում իրենց Իսլամիստական պետություն հռչակած ահաբեկիչները շարունակում են կրկնել նույնը եզդի եւ քրիստոնյա ազգերի նկատմամբ, ինչ 100 տարի առաջ, "Մեծ Թուրան" ստեղծելու անհագ հույսով, իրագործեց բարբարոս թուրքը` ցեղասպանության ենթարկելով 1,5 միլիոն հայերի: Մեզ հաջողվեց եզդի կանանց շուրջ ստեղծված իրավիճակի մասին որոշ տվյալներ պարզել ազգությամբ եզդի լրագրող ԶՈՒԶԱՆ ԽԱԲՈՅԱՆԻՑ: Նրա տվյալներով` այս պահին իսլամիստների մոտ գերության մեջ են գտնվում 5 հազար եզդի կին, որոնք ենթարկվում են անմարդկային, սեռական բնույթի բռնությունների. «Անգամ 10-12 տարեկան երեխաներն են սեռական բնույթի բռնությունների ենթարկվել: Այսօր անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել հենց այս հարցի վրա, փորձել հետ բերել բոլոր գերության մեջ գտնվող այն եզդի կանանց, ովքեր հեռու են գտնվում իրենց ընտանիքից: Եվ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ իրենց ընտանիքիներին վերադարձնեն ոչ միայն գերության մեջ գտնվող եզդիներին, այլ նաեւ նրանց, ովքեր գտնվում են լեռներում եւ ենթարկվել են վաճառքի: Ըստ հրապարակված տվյալների` եզդի կանայք վաճառվում են 50-1500 ԱՄՆ դոլարով` գինը տատանվում է` կախված բարետեսությունից: Ավելին` իսլամիստները հրապարակել են այնպիսի տեսանյութեր, որտեղ պայմանավորվում են եզդի կանանց գնի շուրջ»: Ապա հավելեց. «Բայց այս ամենից զատ, մեծ է նաեւ եզդի պայքարող կնոջ դերը, եւ այսօր շատ եզդի կանայք տղամարդկանց հետ մեկտեղ` զենք վերցրած պայքարում են իրենց ընտանիքի, հայրենիքի փրկության համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
