ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԿՊԱՅՔԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒԺԵՐՈՎ
Արխիվ 12-16ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԿՊԱՅՔԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒԺԵՐՈՎ
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Սակայն որքան մոտենում է հանդիպման օրը, Հայաստանի հավաքականի խնդիրները շատանում են: Այս պատկերին արդեն հասցրել ենք ընտելանալ: Շալանդյան ձեռագրից օգուտ չքաղած ազգային ընտրանին, նոր մարզչի` Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ պետք է փորձի նվազագույն ուժերով դիմակայել պորտուգալացիներին: Եթե Վարդան Մինասյանը իրենից հետո թողեց առողջ, մրցունակ ու իր առավելություններն իմացող թիմ, ապա Շալանդից հետո մնացած թիմն անդեմ ու անատամ էր: Քիչ էին բոլոր դժբախտություները, հիմա էլ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստները մեկը մյուսի հետեւից շարքից դուրս են գալիս: Այդ թվումª պորտուգալացիների դեմ կարեւոր հանդիպումը բաց կթողնի Էդգար Մանուչարյանը: Վերջինս վնասվածք է ստացել եւ բաց կթողնի նաեւ ակումբային մի քանի հանդիպում. "Մեկ ամիս չէի մարզվել վնասվածքի պատճառով, ուղեղի ցնցում էի ստացել: Մարզումների ժամանակ էլ վնասել եմ աքիլլեսյան ջիլս, սակայն ցավազրկումով խաղացի "Դինամոյի" դեմ: Երկրորդ խաղակեսում ցավ զգացի եւ խնդրեցի փոխարինել ինձ: Երեկ ախտորոշվեց աքիլլեսյան ջլի վնասվածք, եւ կսկսեմ մարզվել մեկ ամիս հետո",- Մանուչարյանի խոսքը մեջբերում է "Eurofootball"-ը:
Արաս Օզբիլիսը, թեեւ արդեն վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ, սակայն լավ մարզավիճակի ակնկալիքները իրատեսական չեն լինի: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա վերջինս բաց թողնելով Ռուսաստանի առաջնության վերջին հանդիպումները, հնարավոր է չօգնի նաեւ Հայաստանի հավաքականին:
Առաջատարներից միակ ֆուտբոլիստը, ով այս պահին մարզավիճակի հետ կապված խնդիրներ չունի, Հենրիխ Մխիթարյանն է: Հայ ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի "Վոլֆսբուրգի" դեմ մասնակցել է ամբողջ հանդիպմանը եւ հեղինակավոր գերմանական պարբերականների կողմից արժանացել դրական գահատականնների: "Kicker"-ը նշանակել է 3 ¥նույն գնահատականին են արժանացել նաեւ Միտչել Լանգերակն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը¤: "Bild"-ը նույնպես Մխիթարյանի եւ Լանգերակի խաղին տվել է 3 գնահատականը:
Ամեն դեպքումª միայն Մխիթարյանը բավարար չէ: Իսկ դա նշանակում է, որ Պորտուգալիայի ընտրանու դեմ Հայաստանի հավաքականը ստիպված կլինի նվազագույն ուժերով հասնել ցանկալի արդյունքի: Հակառակ պարագայումª կզրկվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու անգամ տեսական հնարավորությունից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
