ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ «ՔՈՉԱՐԻՆ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՅՈՒՆԵՍԿՕ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ «ՔՈՉԱՐԻՆ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՅՈՒՆԵՍԿՕ
ՀՀ մշակույթի նախարարությունը «Քոչարի» հայկական ավանդական պարը ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու համար կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ: Այս անգամ էլ չի բացառվում, որ մեր հարեւանները բարձրացնեն վայնասուն եւ աշխարհով մեկ աղաղակեն, թե «Քոչարին» իրենց "ավանդական" պարն է: Այս հանգամանքը հաշվի առնելով նախարարությունը նախատեսել է բոլոր միջոցները` հարեւաններին հակառակը ապացուցելու համար:
Նշենք, որ նախորդ տարի, երբ հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգություն, հարեւան Ադրբեջանը տեղը չէր գտնում, դիմեց հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներին, որպեսզի ձախողի գործընթացը, սակայն չկարողացավ: Ադրբեջանից եւ Թուրքիայից մեր մշակութային ժառանգությունը պահպանելու միակ ձեւը սա է, քանի որ վերջիններս արդեն սովորություն են դարձրել սեփականաշնորհել հայկական մշակույթը` փոխանակ իրենց սեփականը ստեղծեն: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայկական ավանդական պարի մի շարք մասնագետների հետ եւ փորձեց պարզել, թե բացի "Քոչարի" պարից, հայկական որ պարերն են վտանգված:
«ՉՊԵՏՔ Է ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՀԱՍՆԻ»
«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
- Հայկական մշակույթի հետ կապված` չպետք է դանակը ոսկորին հասնի` նոր մտածեն, այլ բոլորս պետք է գիտակցենք, որ ցանկացած ժամանակ վտանգ կա, որ մեր մշակույթը կգողանան: Շատ լավ է, որ այս հարցը բարձրացվել է, ինձ դիմել են, եւ բոլոր հնարավորություններով` նյութերով օգնել եմ: Այն ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել նախնիներից, պետք է պահպանվի: Շատ պարեր ունենք, օրինակ Վանի քոչարին, մարտական գեղեցիկ պարեր, «Թամզարան», «Յարխուշտան», որի համար էլ մեծ պայքար է գնում: Այս պարերի հետ կապված` միշտ էլ խնդիրներ եղել են եւ կլինեն, այդ պատճառով էլ դիմել եմ, որպեսզի դրանք նկարահանվեն եւ պահպանվեն, բայց կարելի է ասել` ստացել եմ չնչին պատասխաններ: Միանշանակ, այս անգամ էլ հարեւան երկրները կսկսեն անհանգստանալ, թշնամին միշտ էլ ձգտել է լինել առաջին դերում, բայց չենք թողնելու, որ ստանձնի այդ դերը:
«ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔՈՉԱՐԻԻ ԲՈԼՈՐ
ՏԵՍԱԿՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ»
«Սասնա ծռեր» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ.
- Այսօր հայկական ավանդական քոչարիի բոլոր տեսակները վտանգված են: Ունենք գովնդների շարաններ, որոնք նույնպես վտանգված են: Թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը մեզ հետ ապրել են մեկ տարածաշրջանում, մեր հայկական պարերը կարծես թե դարձել են բոլորինը, ճիշտ է կողք կողքի են ապրել տարբեր ազգեր, բայց մշակույթ ունեցել են միայն հայերը: Երբ սկսվեցին հայերի հալածանքները, հայը մտածում էր միայն կյանքի մասին, եւ մի պահ մշակույթը մոռացության մատնվեց: Հենց այդ ժամանակ էլ մեր հարեւանները սկսեցին յուրացնել հայկական ծեսերը, մշակույթը: Ահա թե ինչու են նրանք միաձայն բողոքում, թե մենք ենք նրանցից մշակույթը վերցրել: Նույնիսկ մասնագետները հետ չեն նայում, որպեսզի հասկանան, թե իրենց մշակույթը որտեղից է եկել: Պետք է տեր լինենք մեր երկրին, բանին ու գործին` մեր մշակույթը ոտնձգություններից փրկելու համար:
«ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ»
«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ.
- Մենք հայկական հինավուրց շատ պարեր ունենք, որոնք, իմ կարծիքով, խիստ պահպանության կարիք ունեն: Ազգագրական պարի այնքան տեսակներ կան, որոնք պետք է պահպանել: Այսօր Ռուսաստանի Դաշնությունը այն եզակի երկրներից է, որտեղ հայկական համայնքները պահպանում են բոլոր տեսակի ավանդույթները: Որովհետեւ որպես ազգ, մեր ինքնագիտակցությունը, ինքնությունը եւ հայ մնալու կարեւորությունը գիտակցում ենք:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
