ԴՈՒՔ "ԵՎՐՈՊԱԿԱՆՈՐԵՆ" ԷԼ ՃԻՇՏ ՉԵՔ, ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Արխիվ 12-16ՆԵՐԵԼՈՒ ՄՈԼՈ՞ՒՑՔ
Հասկանալի է, որ դատարանն ինքնագլուխ չէր որոշի` Հ. Գալաջյանին պարտավորեցնել ներողություն խնդրել որեւէ մեկից, եթե չլիներ այդ որեւէ մեկի գրավոր պահանջը` դատարան ներկայացված հայցադիմումի տեսքով: Անհասկանալին այն է, որ Հ. Գալաջյանին քիչ, թե շատ ճանաչողը կարող է ենթադրել, թե Հ. Գալաջյանը կարող է դավաճանել իր սկզբունքներին եւ պարտադրված ապաշխարանքով մեղանչել սեփական բնության դեմ: Հետեւաբար, հիվանդ պատկերացում է պետք ենթադրելու, թե` անգամ (կամ հատկապես) ԴԱՀԿ ծառայության միջամտությամբ "ներողությունը" կարող է բավարարել մարդ-արարածի ինքնասիրությունը: Սակայն ապավինենք ԴԱՀԿ-ին գոնե այն մասով, որ նա կպարտադրի բավարարված զգալ իրեն` ներելու մոլուցքով տառապող որեւէ մեկին…
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻ՞Ն ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ
Հայրենական իրավապահ ու դատական մարմինների գործունեության որոշ յուրահատկություններին ծանոթ անձինք կարող են վկայել բազմաթիվ այն դեպքերի մասին, երբ քննիչի, դատախազի, դատավորի կողմից ստորագրված որոշումներն ու վճիռները կայացրել էր… համակարգիչը: Արդարադատության այդ "թշնամու" դեմ պայքարել գրեթե հնարավոր չէ, քանի որ լինելով ստորագրված ու կնքված, իրավական այդ ակտերը դատապարտված են արտահայտել իրավապահի կամ դատավորի ներքին համոզմունքը…
Ինչ փաստերի ու հանգամանքների հիման վրա էր համակարգիչը ձեւավորել դատավոր Ա. Մելքումյանի ներքին համոզմունքը Հ. Գալաջյանի գործով` առնվազն վճիռը հրապարակելու պահին եզրակացնել հնարավոր չէր. դատական ակտը կողմերին հանձնելու համար պատրաստ չէր…
Քթամազությո՞ւն է:
Եկեք չշտապենք գնահատական տալուն, բայցեւ` չխուսափենք դրանից:
Դատարանի վճռի եզրափակիչ մասին նախորդում էր դատարանի հետեւյալ հավաստիացումը.
"Վերոգրյալ միջազգային, սահմանադրական, ներպետական օրենսդրական նորմերի կանոնակարգման, դրանց մեկնաբանման ու գործով հաստատված փաստերի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 73, 124, 130-132 եւ 140-140-1 հոդվածներով` դատարանը…": Նշված իրավական այդ փաստաթղթերից գրեթե բոլորը պահանջում են, որպեսզի դատարանի վճիռը հրապարակվի` ձեռքի տակ ունենալով բոլոր էջերը կնքված ու վերջին էջը ստորագրված դատական ակտը: Դատական պրակտիկայում դատավորը հիմնականում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը, սակայն անվիճելի է, որ վճռի մեխն է հանդիսանում նրա պատճառաբանական մասը, որում, անգամ ստորակետի փոփոխման դեպքում կարող է փոխվել եզրափակիչ մասի տրամաբանությունը: Եվ պատահական չէ, որ օրենքը պահանջում է հրապարակել վճիռը, այլ ոչ թե դրա եզրափակիչ մասը:
Այս դրույթի հիշատակումը քթամազություն չէ. ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ դատական ակտի "համակարգչային վրիպակները" տրամագծորեն փոխել են իրավական ակտերի էությունը…
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԳԱՅՈՍ ՍՎԵՏՈՆԻՈՍ ՏՐԱՆՔՎԻԼԻՈՍԻՆ
Եվրոպան, հավանաբար, կծափահարի դատավոր Արայիկ Մելքումյանի վճռին: Եվ դա բնական է, քանի որ Մեծ Բրիտանիայի Նոտինգեմ համալսարանի Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ֆակուլտետի շրջանավարտը արդարացրել է իրեն` ճիշտ գնահատելով "եվրոպական արժեքները": Սակայն, ըստ իս, դատարանն այնուամենայնիվ չի հստակեցրել, թե ումից` ԴԱՀԿ-ի պարտադրանքով պետք է ներողություն խնդրի Հ. Գալաջյանը: Չէ, այդ անձանց անուն-ազգանունները ճշտված են, սակայն դատական ակտից ինձ համար պարզ չէ. ՀՀ այդ քաղաքացիները պաշտպանո՞ւմ են համասեռամոլներին, թե` ոչ: Այդ հանգամանքը անչափ կարեւոր է հենց մեզանից շատերի կողմից կուռք դարձված արժեքների զոհը չդառնալու համար:
Եվրոպան կար նաեւ հազարամյակներ առաջ, իսկ Հռոմեական իրավունքը այսօր էլ դավանվում է արդարադատության մեր համակարգում:
…2000 տարի առաջ հռոմեացի Սվետոնիոսը այսպես էր գնահատել աշխարհը նվաճած Հուլիոս Կեսարին. "Նրա բարոյականության միակ բիծը Նիկոմեդոսի հետ կենակցությունն էր, բայց դա եղել է անջնջելի ամոթ եւ հանգեցրել է համընդհանուր խայտառակության…":
Սվետոնիոսից առ այսօր որեւէ մեկը որեւէ ապացույց չի պահանջել, որ համասեռամոլությունը` "համընդհանուր խայտառակության" արատ է…
Հետաքրքիր է. այդ հարցում ինչպիսի՞ դիրքորոշում կընդունի վերաքննիչ քաղաքացիականի եռյակը…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
