«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑԻՆ»
Արխիվ 12-16«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԱՏՆԵՐԻ
ԱՐԱՆՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑԻՆ»
Երեկ ողջ աշխատանքային օրը խորհրդարանը շարունակեց քննարկել «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը: ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից ստացան «ԵՍակենտրոն», երկարաշունչ եւ արտիստիկ պատասխաններ, որն ավելի շատ յուրատեսակ դասախոսության էր նման: Պարոն Կոստանյանի դարակազմիկ հաղորդման մասին էլ, «Իրավունքը» զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
«ՊԱՐՈՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ ԷՐ` ԶՈՒՏ
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ»
–Տիկին Վարդանյան, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ձեր հարցից պարզ դարձավ, որ նա անգամ տեղյակ չէր դատախազության բացթողումների մասին Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցում տեղ գտած փաստերից եւ արդյունքում վերացական պատասխան տվեց:
– Դա շատ մտահոգիչ է, որովհետեւ սահմանել ենք, ստեղծել ենք ՄԻՊ-ի ինստիտուտը եւ, բնականաբար, բոլոր կառույցները պետք է հաշվի նստեն դրա հետ: Օրենքի համաձայն` հենց ՄԻՊ-ը կոչված է վերհանել խնդիրները եւ դա ներկայացնել տարեկան զեկույցում: Ինձ համար անընդունելի է, որ գլխավոր դատախազը մատների արանքով է նայում ՄԻՊ-ի զեկույցին: Նույնիսկ իմ գնահատմամբ` նշանակություն էլ չտվեց դրան, մինչդեռ իրականում բարձրացված խնդիրներն առկա են: Եվ նրա այն դիտարկումը, որ դա չպետք է որպես 100 տոկոսանոց ճշմարտություն ընդունել, թերեւս կարելի է համաձայնել: Բայց դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշմարտություն չընդունելու դեպքում այդ խնդիրները վերանալու են: Հետեւաբար, պատշաճ վերաբերմունք է պետք ցուցաբերել այն խնդիրներին, որոնք վերհանվել են: Ավելին` դրանցից մի մասը համակարգային խնդիրներ են, եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն լուծելու համար, որովհետեւ այդ խնդիրներից բխում է նաեւ մարդու իրավունքների ոտնահարումները: Ու, անկեղծ ասած, ես էլ հասկացա, որ բարձրացված հարցերի մասին պարոն Կոստանյանը խոսում էր` զուտ ենթադրություններից ելնելով:
ԻՆՉՈ՞Ւ ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ ՉԻ ԲՈՂՈՔԵԼ
ՀԵՆՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
–Շատ խոսվեց ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանի 72-ժամյա ձերբակալության մասին: Սակայն, ըստ գլխավոր դատախազի, ստացվում է, որ տիկին Ենոքյանը համաձայն էր, որ իրեն` որպես կասկածյալ, ձերբակալեն, քանի որ որեւէ բողոք չի ներկայացրել դատախազություն:
– Իհարկե, դա այն բողոքը չէ, ինչ-որ հասկանում ենք քրեական դատավարության իմաստով, բայց այն, որ տիկին Ենոքյանը բողոքել է եւ հայտնել է իր անհամաձայնությունը, միանշանակ է: Դեռեւս մեղադրանքի վերաբերյալ չբողոքելը չի նշանակում, որ մարդը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին: Եվ այստեղ արդեն նաեւ պաշտպանն ունի իր անելիքը: Իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի մարտավարությամբ են շարժվելու այդ ամբողջ դատավարության ընթացքում: Բայց այն, որ տիկին Ենոքյանը նաեւ հրապարակավ տարբեր լրատվամիջոցներում հայտնել է իր բողոքը, իր անհամաձայնությունը, կարծում եմ` բոլորը դրանից տեղյակ են:
– Իսկ դա իսկապե՞ս բավական չէր` դատախազության կողմից որպես բողոք ընդունելու համար:
– Քրեական դատավարության տեսանկյունից դա բավարար չի կարող դիտարկվել, որովհետեւ այստեղ անհրաժեշտ է նաեւ բողոքը պատկան մարմնին եւ ոչ միայն հրապարակային ներկայացնելը:
– Չե՞ք փորձել պարզել, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ տիկին Ենոքյանը բողոք չի ներկայացրել դատախազությանը:
– Անկեղծ ասած, չեմ խոսել նրա հետ: Բայց միգուցե պաշտպանական կողմը մշակում է բոլորովին այլ մարտավարություն: Ես մանրամասներին չեմ տիրապետում, հետեւաբար, առաջիկա զարգացումները ցույց կտան, թե խոսքը ինչի մասին է: Բայց, միեւնույն ժամանակ, պիտի չհամաձայնեմ գլխավոր դատախազի այն դիտարկմանը, որ 72-ժամյա ձերբակալությունը հիմնավոր էր եւ պարտադիր: Չեմ կարծում, որ Գոհար Ենոքյանը, հիպերտոնիկ հիվանդ լինելով հանդերձ, 73 տարեկան հասակում պետք է խոչընդոտներ ստեղծեր օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմանը:
«ԼՈՒՍՆԻՑ ՉԵՆՔ ԻՋԵԼ, ԵՎ ԲՈԼՈՐՍ ԷԼ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ` ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԷՑ-ԵՐՈՒՄ»
–Ի դեպ, գլխավոր դատախազը նաեւ ՀԷՑ-երում տեղի ունեցող թալանի մասին նշեց, որ քրեական գործ հարուցելու համար պետք է համապատասխան հաղորդում տրվի դատախազություն: Մինչդեռ այս մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր անգամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Չե՞ք կարծում, որ գոնե այս հարցում դատախազությունը պարտավոր է պաշտպանել հանրային գերակա շահը:
– Կարծում եմ, որ հենց նախարարի հայտարարությունը արդեն իսկ պետք է իրենց համար հիմք հանդիսանա, որպեսզի վերջիններս ձեռնարկեն քայլեր: Ասել, որ այստեղ միայն հայտարարությունը բավարար չէ, ու անհրաժեշտ է պատկան մարմնում հաղորդում ներկայացնել, կարելի է զուտ որպես արդարացում դիտել: Օրենքը հնարավորություն է տալիս հայտարարությունների դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Առավել եւս, որ լուսնից չենք իջել, եւ բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում ՀԷՑ-երում:
ԸՍՏ Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ` «ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ԱԺ-Ն ԻԶՈՒՐ ԼՍՈՒՄՆԵՐ
ՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐ Է ԱՆՈՒՄ»
–Անդրադառնանք նաեւ «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդմանը, որտեղ հանցագործություններին նպաստող հանգամանքների մասին մասնավորապես նշված է, թե դրանք, օրինակ, ոստիկանության, ճանապարհային ոստիկանության կամ ՏԻՄ-ի բացթողումներն են: Արդյո՞ք չի ստացվում, որ այս հարցում մեղավոր են բոլոր պատկան մարմինները, բացի դատախազությունից:
– Մեզ մոտ առանձին դեպքերում, երբ տարբեր պատկան մարմիներ չեն կարողանում իրենց գործառույթները լիարժեք կատարել, սկսում են փնտրել մեղավորներ: Եվ եթե մի քիչ ավել ժամանակ ունենային եւ հնարավորություն, մեղավոր կարող էր համարվել նաեւ Ազգային ժողովը, որովհետեւ ինչ-որ հարցեր բաց է թողել: Կամ, օրինակ, մեղավոր կարող էր լինել հասարակ քաղաքացին, որովհետեւ օրենքով սահմանված ինչ-որ պարտավորություններ չի կատարել: Այնպես որ, ամենից հեշտ տարբերակը սեփական խնդիրների լուծումները չգտնելու եւ պատշաճ լուծումներ չտալու համար մեղադրել տարբեր մարմիններին: Միեւնույն ժամանակ, ասել, թե մյուս մատնանշված մարմիները` ճանապարհային ոստիկանությունը կամ ՏԻՄ-ը, աշխատում են փայլուն, դա էլ ազնիվ չէ: Բայց յուրաքանչյուր կառույց եւ հատկապես դատախազությունը, պետք է պատշաճ կատարի իր պարտականությունները եւ մեղավորներ չփնտրի իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքում:
– Այնուամենայնիվ, որոշ առումով կարելի է ասել նաեւ Ազգային ժողովի հասցեին էլ «մեղադրանք» հնչեց, քանի որ պարոն Կոստանյանի գնահատմամբ` ստացվում է, որ ԱԺ լսումների վրա իզուր ժամանակ է ծախսում:
– Պարզվեց, որ մենք իզուր լսումներ եւ հանձնաժողովի նիստեր ենք անում, քանի որ իր գնահատմամբ` դրանք առարկայական արդյունքներ չեն բերելու: Չգիտեմ էլ, ինչ ասեմ նման գնահատականի համար...
«ՎԻՃԱԿԸ ՍՈՍԿԱԼԻ ԵՂԵԼ Է ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ԷԱՊԵՍ
ՉԻ ՓՈԽՎԵԼ ՀԻՄԱ»
–Գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման մեջ որոշ խոսուն տվյալներ կան: Օրինակ, ակնառու է, որ հանցագործությունների բացահայտման եւ հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման ցածր ցուցանիշ կա:
– Որոշակի աշխատանք, բնականաբար, կատարվում է, որովհետեւ դա իրենք ի պաշտոնե պարտավոր են անել, սակայն որքանո՞վ է դա բավարար: Այստեղ արդեն պետք է իմ անհանգստությունն ու մտահոգությունն արտահայտեմ, որ ամեն տարի էլի նույն թվերը ներկայացվում են` մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց իրականության մեջ ի՞նչ է փոխվում, ոչինչ: Եվ նաեւ դատախազի կողմից մատնանշված այն հանգամանքը, որ ոչ ոք չպետք է դատապարտվի` իր չկատարած արարքի համար, այդ սկզբունքը միանշանակ գործում է: Բայց դեռ չենք կարողացել հասնել նրան, որ կատարած արարքի համար պատասխանատվության ենթարկեն: Դա արդեն իսկ խիստ մտահոգիչ է, որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ շատ շատերն իրենց կատարած արարքի համար, պարզապես, պատասխանատվության չեն ենթարկվում եւ առանձին դեպքերում նույնիսկ օգտվում են հովանավորչությունից:
– Դատախազությունն այսօր նախորդ աշխատակազմի կեսին փոխել է` պատճառաբանելով անգրագիտությունն ու կոռումպացված լինելը: Որպես ոլորտին քաջածանոթ անձ, արդյո՞ք նախկին դատախազի օրոք նկատել էիք, որ այդպիսի սոսկալի իրավիճակ կար եւ այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել:
– Վիճակը սոսկալի եղել է նախկինում եւ էապես չի փոխվել հիմա: Կիրթ կադրերով դատախազությունը համալրելն իհարկե դրական քայլ է: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ ունենք դրական արդյունքներ: Եվ հենց այդ է հարցը. երբ դատախազը նշում է, որ ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը, այդուհանդերձ այդ ջանքերի արդյունքները չենք տեսնում: Միայն հայտարարություններ անելով չէ, պրակտիկայում պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ է տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
