"ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ..."
Արխիվ 12-16"ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ..."
2015 թ. օգոստոսից նախատեսվում է Հայաստանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հանրապետության քաղաքացիները մեկ կվատ/ժամ էլեկտրաէներգիայի համար 41 դրամի փոխարեն կվճարեն ենթադրաբար 58 դրամ: Դրա առնչությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում է.
–ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորմամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անհրաժեշտ է` համակարգի կայուն աշխատանքներն ապահովելու համար: Սակայն հանձնաժողովը եւ պատկան մարմիններն անտեսում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ հանրապետությունում սպասվելու է համատարած թանկացում` արտադրվող բոլոր արտադրատեսակների եւ ծառայությունների համար: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով գնաճը կկազմի 15 տոկոսից ավելի, քանի որ հոսանքի սակագնով են պայմանավորված ազգաբնակչության կոմունալ վճարումներն ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
...Սոցիալական այս իրավիճակում տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում, մասսայական գործազրկության, համատարած աղքատության պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի ներքաղաքական կյանքում: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում է հասարակության արդարացի պահանջը եւ դիմում է ՀՀ կառավարությանը` կանխելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնարավոր որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ եւ գործնական քայլեր կիրառելով` սոցիալական լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ, հակառակ դեպքում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ամենաակտիվ եւ վճռական մասնակցությունը կունենա համաժողովրդական պահանջը կարգավորելու գործընթացում:
