ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ ԶԱ՞ԳՍ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ, ԹԵ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ ԶԱ՞ԳՍ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ,
ԹԵ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովում գլխավոր դատախազ Կոստանյանն իր հաշվետվության ժամանակ բավականին մեծ քար գլորեց իր նախորդի` Աղվան Հովսեփյանի բոստանը: Նա նշեց, որ կոռուպցիայի եւ ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարի շրջանակներում փոխվել են դատախազության աշխատակիցների կեսը: Նա նշեց նաեւ, որ դա արվել է "երկար տարիների արատավոր փորձից ազատվելու համար": Մի տեսակ անսովոր է, որպես կանոն, Հայաստանում հաջորդը նախորդի մասին վատ ակնարկներ չի անում: Միգուցե նոր հովե՞ր են փչում` օրինակ, Ռիգայից:
"ՕՍԼԱՅԱԾ ՏՂԵՐՔԻ" ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մինչեւ վերջին պահը անորոշ էր մնացել Սերժ Սարգսյանի Ռիգա մեկնելու հանգամանքը: Նույնիսկ սկզբում Ալիեւի աշխատակազմը հայտարարել էր, որ մազութային սուլթանատի բռնապետը Ռիգա չի գնում, քանի որ Սերժ Սարգսյանը չի գնում, հետո ճշտում մտցրին, թե շատ զբաղված են Համաեվրոպական խաղերի աշխատանքներով: Չմեկնելու համար անմիջապես բոնուս ստացան` Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ներկա է գտնվելու այդ խաղերի բացմանը:
Ինչեւէ, պարզ է, որ ռուսները ոչ այնքան բարի աչքով են նայում Ռիգայի գագաթնաժողովին: Սակայն ՀՀ նախագահի` այդտեղ չմեկնելն էլ չէր հասկացվի, եթե հաշվի առնենք, թե Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչումների ինչպիսի շքերթ է եղել: Բայց ամենակարեւորը` Ռիգայում չարդարացվեցին Արեւմուտքի հույսերը, լույս ընծայել բանաձեւ, ուր Ռուսաստանը քննադատվում է Ղրիմի համար:
Հայաստանն ու Բելառուսը անհապաղ հրաժարվեցին դրանից, ու սկսվեցին բանակցություններ, այսպես կոչված, "փոխզիջումային տարբերակի" շուրջ: Ու թեեւ այդ առումով մեր երկրի համար դժվար է լինելու, սակայն կարծում ենք, որ միանշանակ է` Հայաստանի ստորագրությունը չի կարող հայտնվել հակառուսական երանգ ունեցող որեւէ փաստաթղթի տակ:
Բայց ՀՀ նախագահի մեկնումով բավականին ոգեւորվել են այն կատեգորիայի դեմքերը, ում չարենցյան խմբապետ Շավարշը անվանում էր "օսլայած տղերք": Ավելորդ չենք համարում այդ դասի ներկայացուցիչներից մեկի` Հայաստան-Եվրամիություն հարցերով փորձագետ Արմենակ Մինասյանցից որոշ մեջբերումներ անել: Ահավասիկ. "Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովն իրոք յուրահատուկ է: Ի տարբերություն 2013 թվականի նոյեմբերին կայացած ԵՄ-ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի` այս անգամ եվրոպական առաջնորդները եւ արեւելյան գործընկերները սկզբունքորեն նոր իրողությունների պայմաններում են մեկնում Ռիգա: Մեկ եւ կես տարի առաջ քչերը կարող էին պատկերացնել` ինչպիսի ժողովրդավարական իրադարձություններ եւ փոփոխություններ տեղի կունենային Ուկրաինայում: Մեկ եւ կես տարի առաջ քչերը կարող էին ենթադրել, որ Ռուսաստանը կենթարկվի ԱՄՆ եւ Եվրամիության նմանատիպ ծանր քաղաքական ճնշումների եւ տնտեսական կոշտ պատժամիջոցների: Մեկ եւ կես տարի առաջ քչերը կարող էին ենթադրել, որ Ուկրաինայի արեւելքում կծավալվի լայնածավալ պատերազմ, որի արդյունքում կլինեն մոտ յոթ հազար զոհեր եւ մոտ մեկ միլիոն փախստականներ: Եվ վերջապես մեկ եւ կես տարի առաջ քչերը լավատեսություն կգտնեին ենթադրելու, որ կրկին օրակարգում կլինի եւ նոր թափով կքննարկվի Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագիրը": Փորձագետը նույնիսկ հուսավառվում է. "Իհարկե, հնարավոր է տարբերակ, որի դեպքում Հայաստանը Եվրամիության հետ այդ նոր համաձայնագիրը կարող է ստորագրել անգամ Ռիգայում` նախագահ Սարգսյանի այցի ընթացքում: Սակայն ավելի իրատեսորեն, կարծում եմ, որ Ռիգայի գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո հնարավոր կլինի մեկնարկել երկկողմ բանակցություններ: Հայաստանը փորձում է վերադառնալ իր "եւ-եւ"-ի քաղաքականությանը, իսկ Եվրամիության համար անհրաժեշտ է այս դժվարին պահին ցուցաբերել քաղաքական ճկունություն":
Սակայն "օսլայած տղերքը" անկախ նրանից` ընդդիմադիր են, իշխանամետ, թե, այսպես կոչված, չեզոք, մոռանում են մի կարեւոր հանգամանք` որ ինքը` ԵՄ-ն, հայհոյանք հիշեցնող "ԱլԳ" հապավումը կրող Արեւելյան գործընկերության նախագծի հետ որեւէ լուրջ հեռանկար չի կապում եւ համարում է, խոշոր հաշվով, տապալված նախագիծ:
5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ ԵՆ
Խոշոր հաշվով, օգտապաշտության տեսակետից, Ռիգայից մեզ պետք է հետաքրքրեն միայն Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումները, առաջին հերթին` հանդիպումը Անգելա Մերկելի հետ, քանզի Եվրոպայի պատկերը ձեւավորում են երեք տերություններ` Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա: Առաջին երկուսի հետ ինչ-որ ռեալ օգտակար բաներ կարելի է գտնել, երրորդը, խոշոր հաշվով, աշխարհաքաղաքական հակառակորդ է, ով, ի դեպ, այժմ ամերիկացիներից վերցրել է տարատեսակ շպիոնօնիկներին կոորդինացնելու էտաֆետը:
Իսկ թե ինչ են անգլոսաքսերը որոնում հատկապես մեր տարածաշրջանում, եւ ինչու այդքան ակտիվացել են տարատեսակ 5-րդ շարասյուները` երեւում է "Ազատ դեմոկրատների" փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքից. "Փլվել է ՆԱՏՕ-նախկին ԽՍՀՄ արեւմտյան սահմանը, բայց դա կոնկրետ ինձ համար շատ մտահոգիչ է, որովհետեւ որքան փլվում է արեւմտյան սահմանը, այնքան ավելի աչալուրջ կերպով Ռուսաստանը փորձելու է հսկել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-նախկին ԽՍՀՄ (Թուրքիա-Հայաստան) վերջին սահմանը: Սակայն այստեղ էլ որոշակի առեւտուր է գնացել, որովհետեւ ՀՀ նախագահի ներկայությունը Ռիգայում թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, նախ` համաշխարհային քաղաքականության վեկտորը կարողանում է խուսափել սառը պատերազմից, երկրորդ` այնուամենայնիվ աշխարհում տիրելու է հարաբերական դադար` մինչեւ հաջորդ վերաձեւումը": Այսինքն` մենք շատ կարեւոր հանգույց ենք ե՛ւ ռուսների, ե՛ւ անգլոսաքսերի համար, հետեւաբար անգլոսաքսերը եւս մեկ փորձ անելու են` այստեղ ոտատեղ ունենալ:
Իսկ դա արտահայտվում է բավականին տհաճ ակտիվությամբ: Զորօրինակ, համասեռամոլներին եւ ադրբեջանցիներին պաշտպանող ակտիվիստները հանկարծ դարձել են զինծառայողների "շահերի պաշտպան" ու իրար հետեւից անցկացնում են բավականին ագրեսիվ ակցիաներ` ներքաշելով բանակում որդի կորցրած ծնողներին եւ խաղալով նրանց զգացմունքների հետ: Միաժամանակ քարոզչական դաշտում վերսկսվել է մեր բանակի եւ պաշտպանության նախարարի անձի ամենազազրելի վարկաբեկման արշավը:
Դրան պետք է գումարել եւ "ծիածանագույն" պիղծ ակտիվությունը, ինչպես Հյուսիսային պողոտայում, այնպես էլ պետական մարմիններին հղված լպիրշ նամակ-պահանջագրերի հեղեղը: Հասկանալի է, որ քանի դեռ նույն Եվրամիության հետ առկա են բանակցություններ կամ դրանց իմիտացիա, այդ կատեգորիաներին միջատի պես դեռեւս չեն տրորի, դեռ մի բան էլ, միգուցե փորձեն տպավորություն ստեղծել, որ վերաբերմունքը բարեհաճ է:
Սակայն, ամենայն հավանականությամբ, աշնանը արդեն ձեւեր թափելու կարիք էլ չի լինի: Չէ որ ԵՏՄ-ի ընդհանուր միտումները չեն կարող շրջանցել մեր երկիրը, ուստի մեզանում էլ կընդունվեն տարատեսակ 5-րդ շարասյուների կյանքը դժվարացնող օրենսդրական ակտեր: Եթե առաջ պաշտոնական Երեւանի հայացքն ուղղված էր դեպի Ստրասբուրգ եւ Վենետիկ, այժմ ավելի շուտ ու ավելի շատ մեր վերնախավը նայում եւ նայելու է դեպի Մոսկվա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
