ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԿԱ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԿԱ»
Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն արդեն սկսել է, բայց կան գյուղացիներ, որոնք դեռ նախորդ տարի հիմնականում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից վերցրած վարկերը չեն կարողանում մարել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի հետ, ով օրեր առաջ խորհրդարանին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը:
-Պրն Հարությունյան, գյուղատնտեսական վարկերի տրամադրման տեսանկյունից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը կարծես թե մենաշնորհային դիրք է զբաղեցնում եւ բավական բարձր տոկոսներով վարկեր տրամադրում: Նախարարությունն ունի՞ որեւէ լծակ միջամտելու այս գործընթացին:
-Ես միայն կարող եմ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկային միջոցները տեղաբաշխվում են մի քանի բանկերի ու վարկային կազմակերպությունների միջեւ:
-Իսկ եթե խնդիրը դիտարկենք նաեւ վերոնշյալ վարկային ծրագրից դուրս:
-Ես կոնկրետ տեղեկացված չեմ այդ հարցից: Դիմեք գյուղատնտեսության մեկ այլ փոխնախարարի, ով համակարգում է այդ հարցերը:
-Բայց գյուղացիները բողոքում են, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է կարծես մենաշնորհային կարգավիճակով գյուղատնտեսական վարկեր տրամարդում բարձր տոկոսադրույքով:
-Մենաշնորհային դիրք չունի բանկը: Պարզապես այն մասնագիտացած է գյուղատնտեսության ֆինանսավորման հարցում: Հայաստանում այլ բանկեր կան, որոնք եւս տրամադրում են գյուղատնտեսական վարկեր:
-Վերջերս տասը միլիարդ վարկ տրվեց կառավարության կողմից գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար: Մասնավորապես, գյուղատնտեսական արտոնյալ վարկերի տրամադրման` կառավարության կողմից նախատեսված ծրագրի շրջանակում նախատեսվում է սուբսիդավորել տարեկան 14 տոկոսի 6 տոկոսը։ Դրա շնորհիվ ֆերմերները հնարավորություն են ստանում ստանալ գյուղատնտեսական վարկեր տարեկան 8 տոկոսով։ Որոշ ընդդիմախոսներ, օրինակ, նախկին, վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է այդ գումարը գյուղացիներին տալ, եթե իրոք կառավարությունը ցանկանում է օգնել գյուղացիներին:
-Շահառուն, ի վերջո, գյուղացին է: Ուղղակի մեխանիզմն այնպիսին է, որ վարկը տրամադրվում է համապատասխան ֆինանսական մասնավոր կառույցների` բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով: Վարկերը տեղաբաշխելու այլ միջոցներ չեմ պատկերացնում: Սա կայացած մեխանիզմ է:
- Բանկերը գյուղատնտեսական վարկերի համար մեծ տոկոսներ են սահմանում: Արդյոք նախարարությունը բանկերի հետ բանակցություններ վարում է տոկոսադրույքների նվազեցման համար:
-Բանկերն են կառավարում իրենց տոկոսադրույքները, իրենք են որոշում իրենց վարկային քաղաքականությունը: Պետությունը սուբսիդավորման նպատակոբ փորձում է նվազեցնել տոկոսային բեռը գյուղացու վրայից: Նախարարությունն ու կառավարությունը համագործակցելով մի շարք ֆինանսական միջազգային կառույցների հետ, փորձում է մատչելի վարկային միջոցներ ներգրավվել:
-Այս տարի` հունվարից հետո, բանկերը հիմնականում թե գյուղացիներին, թե շարքային քաղաքացիներին դոլարով են վարկ տրամադրում:
- Ես տեղեկացված չեմ: Գյուղացիներից այդպիսի հարցադրում չենք ստացել:
-Գյուղնախարարությունն ինչպե՞ս է աջակցում այն գյուղացիներին, որոնց բանկերը հրաժարվում են գյուղատնտեսական վարկ տրամադրել` տարբեր պատճառաբանություններով:
-Միշտ էլ կոչ ենք արել բանկերին ու վարկային կազմակերպություններին բարենպաստ պայմաններով վարկային միջոցներ տրամադրել գյուղացիներին: Բանկերն ունեն իրենց քաղաքականությունը: Եթե կան մարդիկ, որոնք իրենց պարտավորվածությունը ժամանակին չեն կատարել, բանկն էլ որոշում է կայացնում ֆինանսավորել կամ չֆինանսավորել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
