ԵՐԵՔ ԿԻՆ, ՄԵԿ ԱՄՈՒՍԻՆ, ԱՐԴՅՈւՆՔՈՒՄ`«ԱՄՈՒՍԻՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԵՐԵՔ ԿԻՆ, ՄԵԿ ԱՄՈՒՍԻՆ, ԱՐԴՅՈւՆՔՈՒՄ`«ԱՄՈՒՍԻՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
«Արտ ֆեստ» փառատոնի շրջանակներում երեկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Ամուսին եմ ցանկանում» կատակերգության պրեմիերան`ըստ Վ. Կրասնոգորովի «Երեք գեղեցկուհիները» պիեսի: Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ ներկայացման բեմադրության վրա աշխատել է մոտավորապես 6 ամիս, իսկ բեմում փորձերը տեւել են 2 ամիս. «Սա իմ առաջին բեմադրությունն էր մեծ բեմում: Կարծում եմ ներկայացումը կներառվի ուսումնական թատրոնի խաղացանկում: Բացի իմ դիպլոմային աշախատանքը լինելուց , այս բեմադրությունը «Արտ ֆեստի» շրջանակներում ներկայացվում է որպես մրցութային ներկայացում: Ներկայացման հերոսուհիներին ինքս եմ ընտրել, նրանք թատերական ինստիտուտի ուսանողուհիներ են»,-նշեց Գ. Խաչատրյանը եւ հավելեց, որ «Արտ Ֆեստ» փառատոնը օգնում է, որպեսզի հանրությունը ծանոթանա երիտասարդ նոր անուններին:
«Ամուսին եմ ցանկանում» ներկայացման դերասանուհիներից ԻՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով սովորում է թատերական ինստիտուտում նշեց, որ ներկայացման թեման մեր օրերում շատ արդիական է, քանի որ կնոջ կյանքում լինում է այնպիսի տաիրք, երբ նա իր արտաքինով չի կարողանում գրավել սիրելի տղամարդուն.«Այս ներկայացմամբ ցանկանում են մարդկանց ասել, որ երջանկության համար տարիք գոյություն չունի: Եթե մարդը ցանկանա, ապա երջանիկ կլինի: Չնայած կյանքում այդքան էլ ակտիվ չեմ, բայց բեմում ընտրել էի ակտիվ կերպար, սա է իմ ապագան է: Եթե օրերից մի օր տարիքիս պատճառով ինձ թատրոնից «վռնդեն», ուրեմն հենց այսպիսին կլինեմ»,-կես կատակ, կես լուրջ ընդգծեց Ի. Կարապետյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
