ՍԴ ՆԱԽԱԳԱՀ «ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՄԸ»
Արխիվ 12-16ՍԴ ՆԱԽԱԳԱՀ «ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՄԸ»
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նոր հայեցակարգին:
«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի առաջին մասի մշակումը: Ընտրվել է կառուցվածքային մոտեցումը: Ներկայումս գործող Սահմանադրության երկու մասերին նախագծում համապատասխանում է երեք մաս, որոնք վերաբերում է սահմանադրական կարգին, մարդու իրավունքներին, սոցիալական, մշակութային ոլորտներում օրինակարգության երաշխիքներից: Այսինքն, գործող Սահմանադրության 60 հոդվածներին, նոր նախագծում համապատասխանում են 86-ը: Մյուս մասերի քննարկումները դեռ չեն իրականացվել»,-ասաց ՍԴ նախագահը:
Պարոն Հարությունյանի խոսքով.«Գերագույն խնդիր էր դրված նաև այն, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված: Դրա համար անհրաժեշտ էր մանրակրկիտ աշխատանք, այդ աշխատանքներն արդեն արվել են և ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծել է փորձագետների խումբ, որոնց հետ քննարկումներ են արվում»:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ հանդիպումներին ՍԴ նախագահը մասնավորապես նշեց. «Քաղաքական կուսակցությունների հետ մինչ այս պահը քննարկումներ չեն եղել, քանի որ հանձնաժողովի անդամները դեռ պատրաստ չեն եղել դրան, որոշել ենք, որ հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը կազմակերպել քննարկումներ բոլոր այն կուսակցությունների հետ, ովքեր իրենց դիտարկումներն են արել հայեցակարգի վերաբերյալ, դրանք թվով 14-ն են: Երկու հանդիպում եղել է ՀՅԴ-ի և ԱԻՄ-ի ներկայացուցիչների հետ, որտեղ մանրամասնորեն քննարկվել են իրենց կողմից ներկայացված փաթեթները: Հանդիպում ենք ունեցել նաև ԲՀԿ-ի հետ, նրանք որոշ վերապահումներ են ունեցել, ասելով, թե քննարկումներին կմասնակցեն միայն այն մասով, որոնք չեն վերաբերում կառավարման համակարգի խնդրին: Մնացած բաժինների բովանդակային քննարկումներին կմասնակցեն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
