ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԱՆՈՐՈՇ
Արխիվ 12-16ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԱՆՈՐՈՇ
Ազգային ժողովում տեղի ունեցող գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ հարցուպատասխանի շրջանակներում, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց բարձրացրեց այն մասին, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ ոտնահարվել են հայ երեխաների իրավունքները: Մասնավորապես Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվել են ֆիլմեր, որոնք քարոզում էին համասեռամոլություն եւ պարունակում էին բաց, սեռական տեսարաններ: Սակայն ֆիլմերի ազդագրերում նշված չէր զգուշացում՝ 16+: Հ. Բաբուխանյանը նշեց, որ այդ մասին բազմաթիվ քաղաքացիներից ստացել է բողոք, իսկ մամուլում եղել են մի շարք հրապարակումներ:
Սակայն մինչ կոնկրետ հարցին անցնելը Հ. Բաբուխանյանը նշեց, որ իր հարցումը գլխավոր դատախազին 4 անգամ վերահասցեագրվել է տարբեր ատյաններ եւ նա պատասխանը ստացել է ոչ դատախազական համակարգից, այլ կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետից: Պատգամավորը փաստեց, որ ըստ էության դա օրենքի խախտում է, քանի որ պատգամավորը իրավունք ունի ոչ միայն հարց տալ եւ պատասխան ստանալ ցանկացած պաշտոնյայի, այլեւ մասնակցել իր բարձրացրած հարցի քննարկմանը, ինչը տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է ի վերջո ստացված պատասխանին, ապա այնտեղ նշվում է, թե Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ Բրիտանական խորհրդի կայքէջում նախազգուշացում է եղել, որ ֆիլմերը 12 տարեկանից բարձր դիտողների համար են: Հ. բաբուխանյանը իր անհամաձայնությունը հայտնեց նման դիրքորոշման հետ, քանի որ 12 տարեկանները նույնպես անչափահասներ են, իսկ կինոթատրոն գնացողները պարտավոր չեն ուսումնասիրել սոցցանցերում եղած գրառումները, կամ Բրիտանական խորհրդի կայքէջը: Նման նախազգուշացումը պետք է լինի կինոթատրոնների ֆիլմերի ազդագրերում:
Իր պատասխանում Գ. Կոստանյանը, իր սովորության համաձայն, որեւէ կոնկրետ բան չասաց, այլ ընդհանուր խոսքեր պատգամավորների հետ համագործակցելու մասին եւ այս դեպքում որեւէ կապ չունեցող ստանդարտ մեկնաբանույթյուններ, թե պատգամավորներին չի տրամադրելու քննության գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա: Իսկ այն փաստը, որ պատասխանը եկել է ոստիկանությունից, մեկնաբանեց, թե դեպքի առնչությամբ հնարավոր էր հարուցել քրեական գործ եւ դա պետք է ուսումնասիրեր ոստիկանությունը: Նա նշեց նաեւ, որ պարտադիր չէ պատգամավորական հարցմանը պատասխանի անձամբ գլխավոր դատախազը եւ դատախազության ցանկացած աշխատակից արտահայտում է ամբողջ դատախազության տեսակետը:
Հ.Գ. Մի խոսքով, եթե ձեզ, հարգելի ընթերցող, դատախազության որեւէ աշխատակից որեւէ բան ասի, իմացեք, որ դա նաեւ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պաշտոնական տեսակետն է: Այդ դեպքում պարզ չէ, թերեւս ինչ անել այն դատախազների տեսակետների հետ, որոնք հակաօրինական հայտարարաություններ կամ գործողություններ են կատարել: Արդյոք դրանք նույնպես կատարվել են Գ. Կոստանյանի անունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
