ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՆԵՐԵԼ, ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ` ՈՉ
Արխիվ 12-16ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՆԵՐԵԼ, ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ` ՈՉ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատաքննական նիստը: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Դիանա Գրիգորյանը: Բայց արի ու տես, որ նիստին Լ. Բարդակչյանը ներկայացավ ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ անունով նոր փաստաբանով, ով միջնորդություն ներկայացնելով` նշեց. «Հայցվորի դատապաշտպանը փոխվել է իմ տեսքով»: Ապա խնդրեց նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ծանոթանալ գործին, քանի որ դատաքննական նիստից ընդամենը երկու օր առաջ էր նոր փաստաբանը ստանձնել գործը: Միջնորդությունը բավարարվեց եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 10-ին, ժամը` 12:30-ին: Սակայն, ուշագրավ քննարկում ծավալվեց նիստից հետո, երբ դատավորը հորդորեց հաշտության եզրեր գտնել` ասելով. «Քույր եկեղեցիներ եք, անհարմար է»: Ասվածը զարմացրեց անգամ հայցվորի փաստաբանին. «Ո՞վ»: Պարոն Ափինյանը շարունակեց. «Հայկական Առաքելաականը եւ Ավետարանականը: Աստված կարող է ներել, Դուք չե՞ք կարող»: Հարցից կարկամած Լ. Բարդակչյանը սկսեց խոսել. «Մենք ներելու խնդիր չունենք…»: Իսկ այդ դեպքում, թե ինչու է դատարան եկել Լ.Բարդակչյանը մեկ Աստված գիտի, մեկ էլ ինքը: Ինչեւէ, հիշեցնենք, որ «Իրավունքը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայորդաց տների տեսուչ տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել էր, թե որքանով կարելի է դիտարկել Հայ Առաքելական եւ Երեւանի Ավետարանական եկեղեցիները որպես քույր եկեղեցիներ, որին ի պատասխան Հայր Սուրբը նշել էր. «Ոչ մի քույր թույլ չի տա իր քրոջ զավակներին գողանալ: Չեմ կարող հասկանալ մեկ բան` ինչպես մեկը կարող է հայտարարվել քույր եկեղեցի` գողանալով իր քույր եկեղեցու անդամներին` դարձնելով իր եկեղեցու անդամ: Այստեղ ես քույրություն չեմ տեսնում: Բառը օգտագործելուց առաջ նախ պետք է անդրադառնանք, թե գործն ինչպիսի ընթացքով է զարգանում: Դժբախտաբար, գործը բացասաբար է զարգանում»:
Հավելենք, որ հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
