"ՉԵՆՔ ՑԱՆԿԱՑԵԼ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՎ ՈՒ ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԳՐԱՎԵԼ"
Արխիվ 12-16Երեկ կայացավ "Սպանել 15 րոպեում" գեղարվեստական ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ընդառաջ` ֆիլմի ստեղծագործական կազմը հյուրընկալվել էր "Ազդակ" լրագրողական ակումբում: Նրանց փոխանցմամբ` ֆիլմը կյանքի կոչելու միտքը եղել է ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր հերոսին մարմնավորած դերասան Էդուարդ Փոռեյանինը: Ստեղծագործական խումբը հավաստիացնում է, որ սցենարային բովանդակությունն ունի հետաքրքիր լուծումներ, ինչն էլ հանդիսատեսին կստիպի շունչը պահած հետեւել իրադարձությունների զարգացմանը, հավատալով, որ վերջում հաղթելու են ամենազորեղ սերն ու մարդկային վեհ արժեքները:
"ՖԻԼՄՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ"
Պրոդյուսեր եւ գլխավոր դերասան ԷԴՈՒԱՐԴ ՓՈՌԵՅԱՆԸ բացառեց ֆիլմում բաց տեսարանների առկայությունը. "Ֆիլմում միակ ինտիմ տեսարանն այն է, որ թեթեւակի հպվում եմ Շուշանի ձեռքին: Մեր ֆիլմում չկան բաց տեսարաններ, համբույր. մենք չենք ցանկացել բաց տեսարաններով, բաց ոտքերով ու բարեմասնություններով հանդիսատեսին գրավել: Մենք հետաքրքիր նորամուծություն ենք արել ֆիլմում, թե որքանով կընդունվի, կասի միայն հանդիսատեսը",- հույս հայտնեց պրոդյուսերն ու հավելեց, որ ֆիլմը նկարահանել են ամերիկյան ոճի ֆիլմերի սիրահարների համար. "Ֆիլմն ուղղված չէ քաղաքական կուսակցություններին կամ կոնկրետ ինչ-որ մեկին, ֆիլմ է` գեղեցիկ սիրո պատմությունով, մարդկային տանջանքով ու տառապանքով, որտեղ վերջում հաղթում է բարին":
"ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ"
Ֆիլմում բաց տեսարանների առկայությունը Է. Փոռեյանի բացառելուց հետո ռեժիսոր ՆԱԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ բացատրեց, թե ի վերջո, ինչ կա ֆիլմում, որ մինչեւ 16 տարեկաններին արգելված է դիտել. "Արդեն բացառվեց ֆիլմում ինտիմ տեսարանների առկայությունը, ոչ մի դերասան կադրում չի ծխում, ոգելից խմիչք չի օգտագործում, առավել եւս` բոլոր հերոսները խոսում են գրական հայերենով: Իսկ ֆիլմը նախատեսված է մինչեւ 16 տարեկանների համար, քանի որ կան սպանության տեսարաններ, արյուն, իսկ մենք հաշվի ենք առել, որ կարող է ֆիլմը դիտեն նաեւ երեխաներ, որոնք բացասական բան չսովորեն ֆիլմից",- եզրափակեց ռեժիսորը:
"ՉԿԱՆ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ"
Գլխավոր դերասանուհի ՇՈՒՇԱՆ ԵՐԻՑՅԱՆՆ էլ, խոսելով իր կերպարի մասին` անկեղծացավ` հավանել է իր կերտած կերպարը. "Ինձ գրավեց այն, որ այստեղ չկան բաց տեսարաններ, շեշտը դրված չէ աղջկա արտաքին գեղեցկության միջոցով հանդիսատես հավաքելու վրա: Ստեղծեցինք այնպիսի կերպար, որը, վստահ եմ, կսիրվի հանդիսատեսի կողմից, հանդիսատեսն ինձ կճանաչի միանգամայն այլ կողմից: Կերպարս բարի, միամիտ, անմեղ ու հասարակ աղջիկ է, որը հենց իր այդ հատկանիշների միջոցով էլ կարողանում է գրավել մեծահարուստի սիրտը":
"ՍՊՈՐՏՍՄԵՆՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
"ԾԵԾ ՈՒՏԵԼ" ՖԻԼՄՈՒՄ"
Է. Փոռեյանը խոսելով ֆիլմում մարտական տեսարանների մասին` ասաց, որ իրեն այդ հարցում օգնել է հոլիվուդյան գերաստղ Սքոթ Էդկինսը, ով համաշխարհային մարտական տեսարանների բեմադրիչ-ռեժիսորն է համարվում: "Մենք միասին ենք բեմադրել ու մշակել ֆիլմի մարտական տեսարանները եւ ստացել բարձրորակ ու գրագետ մարտական տեսարաններ: Ֆիլմի միակ թերությունն այն է, որ ինձ հետ մարտի բռնվող դերասանները եղել են մասսայական տեսարաններում նկարահանվող դերասաններ, որովհետեւ Հայաստանում սպորտսմենների մոտ կա վատ տենդենց. գործող սպորտսմենները չեն ցանկանում "ծեծ ուտել" ֆիլմում, թե իբրեւ բոլորն ինձ կճանաչեն` որպես թույլ ու պարտվող: Ես աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, բայց այդ հոգեբանությունը չունեմ, ֆիլմում անգամ ցույց եմ տալիս, որ ես էլ եմ կարողանում "ծեծ ուտել"":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
