"ԵՏՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ՍԿՍԵԼ"
Արխիվ 12-16"ԵՏՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ՍԿՍԵԼ"
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ հետ մեր զրույցն ¥առաջին հատվածը տե՛ս "Իրավունքի" թիվ 54-ում¤ առնչվում է Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերի հետեւյալ խմբին: ԵՏՄ-ն սկսում է ընդլայնվել: Նախ` իր կազմով, ինչի վերջին օրինակը Ղրղզստանի անդամակցությունն էր: Այնուհետեւ` սկսում է ընդլայնվել նաեւ այն երկրների աշխարհագրությունը, որոնց հետ ԵՏՄ-ն այս կամ այն կարգի համագործակցություն է ծավալելու: ԵՏՄ-ի արտաքին համագործակցության ընդլայնման առնչությամբ առանցքային է օրերս հնչած այն հայտարարությունը, որ սկսվում են Չինաստանի հետ համագործակցության ուղղությամբ քննարկումներ: Մասնավորապես, որ ողջ աշխարհի աչքն իր վրա գրաված չինական "Մետաքսի ուղին" անցնի ԵՏՄ-ով: Իսկ դա պետք է, որ շատ հետաքրքրի նաեւ Հայաստանին, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի չինական այցի ժամանակ մեր երկիրն այդ ուղու մասնիկը դառնալու հստակ հայտ ներկայացրեց: Ուրեմն, եթե ԵՏՄ-ն էլ է "Մետաքսի ճանապարհի" հետ կապված համագործակցություն նախատեսում Չինաստանի հետ, դա նշանակո՞ւմ է, որ այդ ծրագրում Հայաստանի շանսերն աճում են: Պարոն Կարայանի մեկնաբանությունը հետեւյալն էր:
- Այո ներկայումս կան ԵՏՄ-ի հետ համագործակցության տարբեր երկրների կողմից հայտեր, եւ արդեն ամենամոտ ապագայում` մայիսի 29-ին ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ Վիետնամի հետ կկնքվի ազատ առեւտրի առաջին համաձայնագիրը. այդ դեպքում, հասկանալի է, նաեւ Հայաստանի արտադրողները կկարողանան առանց մաքսատուրքերի մուտք գործել վիետնամական շուկա:
Չինաստանի հետ համագործակցությունը, անշուշտ, կարեւորագույն ուղղություններից է, հաշվի առնելով այսօր աշխարհում չինական տնտեսության ունեցած դիրքը: Սկզբնական փուլում կլինի տնտեսական համագործակցության, այսպես ասած, ոչ արտոնյալ պայմանագիր. մաքսատուրքերի արտոնություններ նախատեսված չեն: Բայց նկատի է առնվում, որ դա ապագայում կվերածվի ազատ առեւտրի համաձայնագրի:
Ըստ իս` նման պայմանագրերը միայն կարող են օժանդակել "Մետաքսի ճանապարհի" հետ ԵՏՄ-ի համագործակցությանը: Այդ թվում, որ նաեւ Հայաստանն իր տեղն ունենա այդ ծրագրում: Առավելեւս, որ օրերս Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Անդրեյ Սլեպնյովը (ով պատասխանատու է միջազգային առեւտրի հարցերով) տեղեկացրեց, որ նաեւ նախապատրաստվում է Իրանի հետ համագործակցության պայմանագիր, որը եւս Հայաստանին շատ է հետաքրքրում, հաշվի առնելով, որ հենց մեր երկիրն է հանդիսանում Իրանի հետ ԵՏՄ-ի միակ ցամաքային սահմանը:
- Իրանի թեման հաջորդ հարցս էր, որն էլի առնչություններ ունի "Մետաքսի ճանապարհի" հետ:
Գաղտնիք չէ, որ "Մետաքսի ճանապարհի" հարավային թեւը հասնում է մինչեւ Իրան: Այստեղից արդեն կան անորոշություններ. կա Իրանից ապրանքային հոսքը Ադրբեջանª կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի ուղղելու տարբերակը: Կա Թուրքիայի տարբերակը: Վերջապես` կա Հայաստանի տարբերակը, եւ բոլոր այս տարբերակները համարվում են մրցակցային: ԵՏՄ-ի այդ համագործակցությունը Չինաստանի եւ Իրանի հետ ենթադրո՞ւմ է, որ "Մետաքսի ճանապարհի" հայաստանյան տարբերակն սկսում է դառնալ նախապատվելի:
- Կարելի է նաեւ այդպես հասկանալ: Համենայնդեպս, եթե ԵՏՄ-ի համագործակցությունը Իրանի հետ զարգանա, այդ դեպքում ակնհայտ է դառնում, որ "Մետաքսի ճանապարհի" այդ իրանական ուղու մեջ Հայաստանը կունենա մեծ բաղադրիչ` որպես այդ երկրի հետ ուղղակի կապ ունեցող ԵՏՄ միակ պետություն:
Ինչ վերաբերում է թվարկված ադրբեջանական կամ թուրքական տարբերակներին, ապա չմոռանանք, որ այն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, ու ժամանակակից աշխարհում այդ բաղադրիչը կարող է այն աստիճանի անկանխատեսելի լինել, որ ավելի ճիշտ է ենթադրությունների ետեւից չընկնել: Շատ ավելի իրատեսական է այն, որ ԵՏՄ բոլոր անդամները համաձայն են, որ սկսվի Իրանի հետ համագործակցության, հարաբերությունների զարգացման նոր փուլ: Եվ, կրկնում եմ, այստեղ մեզ համար շատ կարեւոր հանգամանք, գործոն է, որ Իրանի հետ սահմանակից միակ ԵՏՄ երկիրը Հայաստանն է: Իսկ այդ փաստը կարող է հանգեցնել նրան, որ մեր երկրի դերը, որպես տրանսպորտային, կոմունիկացիոն ուղի, բարձրանա:
- Դրանից բխող հաջորդ հարցի հասցեատերը միգուցե Դուք չեք, բայց հնչեցնեմ. նման իրավիճակը պե՞տք է, որ էական ազդեցություն ունենա նաեւ Իրանից Հայաստան եկող երկաթուղու ծրագրի վրա:
- Այո, նման իրավիճակում երկաթուղին դառնում է առանցքային հարց…
- Թեմային մեկ այլ կողմից եւս կարելի է մոտենալ: Սլեպնյովը, Իրանի վերաբերյալ հայտարարությունից զատ, նշեց նաեւ, որ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրեր, համենայնդեպս` նման հայտ չկա ո՛չ թուրքական կողմից, ո՛չ ԵՏՄ-ից:
- Համենայնդեպս` այս հարցի հետ կապված Հայաստանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է. չի կարող լինել տնտեսական համագործակցություն` փակ սահմանների պարագայում: Եվ ԵՏՄ մեր գործընկերները կարծես թե համաձայնել են այդ տրամաբանական մոտեցման հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Ի ԴԵՊ
Մեզ հետ զրույցում պարոն Կարայանը ներկայացրեց նաեւ այն մեխանիզմները, որոնցով ԵՏՄ-ում կայացվում են որոշումներ: Ըստ այդմª սկսած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայից, անդամ-երկրների փոխվարչապետների խորհրդից, վերջացրածª վարչապետների եւ ԵՏՄ բարձրագույն մարմին հանդիսացող նախագահների խորհրդով, որոշումների ընդունման համար ունեն կոնցենսուսի անհրաժեշտություն: Ու թեեւ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ ԵՏՄ-ի հետ համագործակցության հայտեր չեն ներկայացրել, սակայն Ղազախստանի նախագահ Նազարբաեւը քանիցս հայտարարել է, որ այդ երկրները համագործակցության ցանկություն ունեն: Մինչդեռª առանց Հայաստանի համաձայնության, Անկարայի համար պարզապես անհնար է դեպի ԵՏՄ ծավալվելը որն, հաշվի առնելով նաեւ, Իրանի օրինակով, Թուրքիայի հետ էլ է դեպի ԵՏՄ տանող միակ ցամաքային ուղին նորից մեր երկիրն է: Ու, թերեւս, այդ հանգամանքն Անկարայում էլ են քաջ գիտակցում, եւ այդ տեսանկյունից հաստատ պատահական չէ, որ վերջին օրերին Թուրքիան նորից սկսեց խոսել Եվրամիության հետ իր ազատ առեւտրի համաձայնագիրը զարգացնելու անհրաժեշտության մասին: Բայց այդ, գեղեցիկ մեդալի մյուս երեսն այն է, որ ԵՄ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ վերջին զարգացումները եւս մեկ ակնարկ էին Անկարային, որ ԵՄ-ի դռները նրա առաջ մնում են փակ: Ու մինչ թուրքերն այդ փակ դռները նորից երկար բախելովª կհիշեն ԵՏՄ-ի մասին, այստեղ էլ արդեն անհուսալիորեն ետ կմնան իրենց տարածաշրջանային թիվ մեկ մրցակցիցª Իրանից:
Մի խոսքով` արձանագրենք, որ Հայաստանի հետ չկարգավորված հարաբերությունները բոլոր ուղղություններով Անկարայի գլխին իսկական պատուհաս են դարձել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
