ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԼԱՔՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՅՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԼԱՔՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՅՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎՐԱ
Խորհրդարանում լսվելու է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հաղորդումը 2014 թվականի դատախազության գործունեության մասին: Դատելով դատախազության ներկայացրած հաղորդումից` գրեթե բոլոր հանցագործությունների մասով արձանագրել է բավականին տպավորիչ աճ:
Սակայն ամենամեծ աղմուկը խոստանում է հանցագործությունների բացահայտմանը դատախազության տված գնահատականները: Մասնավորապես, որ բացահայտման ցածր ցուցանիշների պատճառներն են քննության որակը եւ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը. "Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը": Ավելին. "Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում տեղ գտած թերությունները... նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հանցագործությունների կատարման համար": Ապաª սլաքը ուղղվում է ոստիկանության կողմ. "Օպերատիվ աշխատանքների ոչ բավարար մակարդակի, այն է` ժամանակին տեղեկություն չստանալու արդյունքում, կատարվածի մասին տեղեկությունը ստացվում է միայն դեպքից (սպանություն, ծանր մարմնական վնասվածք) հետո":
Մի խոսքովª բոլորը մեղավոր են, բացի դատախազությունից: Իսկ վերջինս, որպես ինքնաարդարացում, պնդում է, թե իրավապահներին տալիս է անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ, սակայն չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունավետությունը:
Այն, որ նման երանգավորում ունեցող հաշվետվությունը խոսում է իրավապահ համակարգում եղած ներքին "պատերազմների" մասին, կարելի է հասկանալ: Դժվար չէ կռահել նաեւ, որ պատասխանն էլ չի ուշանալու: Արդյունքումª խորհրդարանական այս քննարկումները կանցնեն միանգամայն "ուրախ" մթնոլորտում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
