ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՉՕԳՆԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Արխիվ 12-16ՉՕԳՆԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ
"Իրավունքը" ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ պարզեց` ինչու Դաշնակցությունը չմիացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին` էլեկտրաէներգիայի թանկացման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: "ՀՅԴ-ն չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, քանի որ կողմ ենք, որ խորհրդարանական լսումներ անցկացվեն, մանրամասներ վեր հանվեն",- ասաց նա:"Չմոռանանք նաեւ, որ մեր գործընկերները հաճախ այդ ուղղությամբ ստեղծում են մի բան, հետո էլ սկսում են հետ կանգնել, չեն պարտադրում, որ մարմինն աշխատի: Չենք ցանկանում գազի հանձնաժողովի հետ կապված պատմությունը կրկնվի",- ասաց պրն Մինասյանը:
ՀԱԿ-ին չմիանալու մյուս պատճառը նաեւ, ըստ պատգամավորի, այն է, որ միգուցե առաջ քաշվի ՀԷՑ-ում աուդիտ անելու պահանջը:
Արծվիկ Մինասյանից նաեւ հետաքրքրվեցինք` համաձա՞յն է ընդդիմադիր ՀԱԿ-ի այն գնահատականներին, թե ՀԷՑ-ում կատարվել է թալան ու գողություն: "Որպես մարդ` կարող եմ ընդունել ցանկացած դիտարկում, բայց որպես պատգամավոր ու տնտեսագետ` ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր նման հայտարարության հիմքում լինեին փաստեր: Լավ կլիներ, որ մինչեւ լիարժեք պատկերացում չունենանք խնդրի մասին, հայտարարություններ չանենք",- պատասխանեց Մինասյանը:
Այնուամենայնիվ, թեկուզ սոլիդարությունից ելնելով` չէ՞ր կարելի միանալ ՀԱԿ-ին` որպես ընդդիմադիր գործընկերոջ: Դաշնակցական պատգամավորն ասաց, որ իրենք շարժվում են ոչ այնքան սոլիդարության, որքան անհրաժեշտության ու հիմնավորվածության տեսանկյունից: "Միայն այն, որ ընդդիմություն ենք եւ ընդդիմության բոլոր նախաձեռնություններին պետք է միանանք, այդքան ճիշտ չենք համարում",- եզրափակեց քաղաքական գործիչը:
ԲՀԿ-ն եւս չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը` ասելով, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը ամիսների աշխատանք է, իսկ հոսանքի գինը պատրաստվում են բարձրացնել, հավանաբար` հունիսին կամ հուլիսին: Դատելով ընդդիմադիր ուժերի հայտարարություններից` կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անգամ ի զորու չեղավ միավորել ընդդիմադիրներին, իսկ նախկին "քառյակ"-"եռյակ" ձեւաչափը կարելի է միայն որպես քնքուշ մութի թեւ ու քաղցր հուշ դիտարկել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
