ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՎԵԼ Է "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ" ԲԱՌԸ
Արխիվ 12-16ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ՀԱՆՎԵԼ Է "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ" ԲԱՌԸ
Թուրքիան կրկին օգտագործելով Գերմանիայում ապրող թուրքական համայնքի ուժը` իր ճիրաններն այս անգամ էլ մխրճեց Գերմանիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների կոկորդը: Թուրքերը կրկին ջանք չխնայեցին` ճնշում գործադրելով հասնել Բունդեսթագում ապրիլի 24-ի լիագումար նիստում հնչեցված "1915/16 թթ. հայերի տեղահանության եւ ջարդերի մասին" բանաձեւի մեղմացմանը:
Թուրքական լոբբիի ճնշման տակ Գերմանիայի գործադիր իշխանությունը փորձել է մեղմել ներկայացված բանաձեւը, իսկ Անգելա Մերկելի պահանջով հանվել է "ցեղասպանություն" բառը: Քննարկման ժամանակ, սակայն, Բունդեսթագի մի շարք պատգամավորներ դեմ են դուրս եկել մեղմացված տարբերակին:
Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ: Ներկայումս բանաձեւը քննարկվում է հանձնաժովների կողմից, եւ ենթադրվում է, որ մինչ բունդեսթագյան ամառային արձակուրդը` հունիսի 30-ը, բանաձեւը նորից կքննարկվի, սակայն վերջնական ի՞նչ տեսք կունենա, դեռեւս պարզ չէ: Ըստ Ռ. Սաֆրաստյանի` նոր բանաձեւը կարելի է մեկ քայլ առաջ համարել 2005 թվականին ընդունվածի համեմատ, որտեղ նույնիսկ ենթատեքստում "ցեղասպանություն" եզրույթը չէր էլ օգտագործվել: "Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք արվեցին Բունդեսթագի նախագահի եւ Գերմանիայի նախագահի կողմից, որտեղ շատ հստակ նշվում էր "ցեղասպանություն" բառը, բանաձեւի նոր տարբերակում չի լինի: Այսինքն, բանաձեւը կունենա ավելի "մեղմ" բնույթ, եւ փորձ կարվի Թուրքիային շատ "չնեղացնել":
Իսկ այն, որ վերջին մեկ ամսում Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրներից Թուրքիան իրար ետեւից ետ է կանչում իր դիվանագիտական կառույցների ղեկավարներին, ընդամենը թուրքական ցուցամոլության արդյունք է, քանի որ, ըստ Ռ. Սաֆրաստյանի` Թուրքիան, եթե կտրուկ քայլեր է կատարում, ապա հետագայում կամաց-կամաց ետ է վերադառնում նույն վիճակին, քանի որ ինքը կախվածության մեջ է այդ նույն երկրներից:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
