ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ
ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Էլցանցերի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը գրեթե ամբողջովին ստվերեց անգամ այնպիսի թեման, ինչպիսին է Ռիգայի ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Դա հասկանալի է` էլեկտրաէներգիայի սակագինը էապես ավելի է հետաքրքրում մեր հանրությանը, քան տարատեսակ բարդ մատերիաները: Ավելին, քան եվրոպացիների հետ ստորագրվելիք կամ չստորագրվելիք` դեռեւս անհայտ բովանդակությամբ հռչակագիրը, ու առավել եւս ավելին, քան սահմանադրական բարեփոխումների մոդելները: ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՄԱԽՄԲՎԵՑԻՆ
4000 էջ` ահա Ռոբերտ Նազարյանին ներկայացված սակագնային առաջարկի ծավալը: Պարզ է, որ այդպիսի քանակով մակուլատուրա չի կարդալու ո՛չ Նազարյանի հանձնաժողովը, ո՛չ էլ պատգամավորները: Ի դեպ, ամենեւին էլ փաստ չէ, որ իշխանությունը պիտի համաձայնի այդ առաջարկությանը կամ համաձայնի այն չափով, որն առաջարկում են էլցանցերը: ՀՀԿ ներկայացուցիչները նույնպես դրական չեն արտահայտվում այդ առաջարկության վերաբերյալ, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղղակիորեն ասում է, որ սակագնի բարձրացումը վնաս է հասցնելու տնտեսությանը:
Այնուամենայնիվ, փիլիսոփայելու մեծ սեր ունեցող Գուրգեն Արսենյանը տրտնջաց եւ մի բան էլ դասախոսություն կարդաց, թե ինչու է Գալուստ Սահակյանն անջատում ընդդիմադիրների խոսափողները, երբ վերջիններս խոսում են հոսանքի սակագնից: Դե պարզ է, ընդդիմադիրները թեմայի վրա ինքնահաստատվել են ուզում, դա միանգամայն բնական ձգտում է:
Սակայն նույնիսկ սակագների հարցով խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ: ՀԱԿ-ի ստորագրահավաքը` ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով արտահերթ նիստ գումարելու համար, փաստացի տապալվեց` ստորագրեցին երկու տասնյակից քիչ պատգամավորներ: ԲՀԿ-ն հանձնաժողով ստեղծելու գաղափարը չի կիսում եւ կողմ է խորհրդարանական լսումներին, այդ լսումների գաղափարին կարծես թե դեմ չէ եւ ԱԺ մեծամասնությունը: Իսկ Դաշնակները բավականին հեռու մնացին ՀԱԿ-ի նախաձեռնությունից, թեեւ հավաստիացնում են, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն: Դե, կամ նախաձեռնողի` Լեւոն Զուրաբյանի դժբախտ կերպարանքն է վանում, կամ, ինչն ավելի հավանական է, ՀՅԴ-ն չի ցանկանում հակադրվել ՀՀԿ-ին, որի հետ սահմանադրական բարեփոխումների հարցում, կարծես թե, կատարյալ համաձայնության է եկել: Դաշնակները, անկախ այլ թեմաների հանրային հնչեղության աստիճանից, բավականին հետեւողական են եւ չեն շեղվում իդեա-ֆիքս դարձած սահմանադրական բարեփոխման եւ խորհրդարանական կառավարման մոդելի սեփական նպատակից:
Ինչեւէ, այնուամենայնիվ, եթե ռեալ բարձրացում լինի, ապա հանրային տրամադրությունների վրա խաղալու հնարավորություն կստանան եւ 5-րդ շարասյուները: Բայց պարզապես նրանց համակարգողն է փոխվել: Եթե մինչ այդ, խառնակչությունները համակարգում էր "քեռի Սեմը", ապա այժմ դա դարձել է բրիտանացիների բաժին:
ՌԻԳԱՅՈՒՄ ՈՉ ՄԻ ԷԱԿԱՆ ԲԱՆ ԷԼ ՉԻ ՓՈԽՎԻ
Հարցերի հարցը, որ հետաքրքրում է բոլորին` արդյո՞ք Սերժ Սարգսյանն էլ կմեկնի Ռիգա: Սակայն դրա պատասխանը մինչեւ հիմա չի հնչել, այսինքն` որոշումը դեռ կայացված չէ: Ավելին, Ռիգայի նախաշեմին ընդունելով Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանի հավատարմագրերը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ Արտգործնախարարությունը սովորականից մի տեսակ ավելին են հրապարակավ շեշտել Աֆրիկյան տարածաշրջանի կարեւորությունը: Այսինքն` Ռիգան, կարծես թե, առանձնապես չի կարեւորվում:
Դե պարզ է, որ ՀՀ նախագահի Ռիգա մեկնելն իմաստ կարող է ունենալ միայն մի դեպքում` եթե այդտեղ հանդիպում լինի Իլհամ Ալիեւի հետ: Բայց դատելով լրատվահոսքից` այժմ գնում է ՀՀ պաշտոնական դիրքորոշման կարծրացում Արցախի հարցով: Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցն ընդհանրապես հարուստ է կոշտ շեշտադրումներով, եւ որոշ վերլուծաբաններ այն նույնիսկ սենսացիոն են որակել: Մազութային սուլթանատի մասին շատ խիստ է արտահայտվել եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այնպես որ, Ռիգայում առանձնապես բան չի փոխվի, թեեւ բազում գրանտակերներ եւ քարոզիչներ, ովքեր այժմ նույն Ռիգայում մասնակցում են մեդիաֆորումի, շեշտում են, որ անհամբեր սպասում են ՀՀ պատվիրակությանը: Սակայն մեր նույնիսկ արեւմտամետ լուրջ գործիչները իրենք էլ են ընդունում, որ ակնկալիքներ առանձնապես չկան: Այսպես, ժառանգական Թեւան Պողոսյանն ավելի շուտ հնչեցնում է իր ցանկությունները: "Ու հիմա, այս նոր իրավիճակում, ունենք հետեւյալը. հայկական կողմի ակնկալիքն է, որ ԵՄ անդամ երկրների կողմից կհաստատվի համապատասխան բանակցային մանդատը, եւ մոտ ապագայում մեկնարկեն բանակցությունները: ԵՄ-ի համար հիմնական քաղաքական թիրախն է պաշարներ հավաքագրելը, կոնսոլիդացիան եւ Արեւելյան գործընկերության ապագան",- հավելեց պատգամավորը: Բայց միաժամանակ խոստովանում է, որ ակնկալիքներ չկան. "Թեպետ Հայաստանը Եվրոպային հայտարարում է "եւ-եւ"-ի իր պատրաստակամությունը, սակայն դրան ուղղված ներքին որեւէ տեղաշարժ չի երեւում: Ներքին դիսկուրսներն այդպես էլ սահմանափակվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունն ընգծելու ջահն ավելի վեր բարձրացնելու ճիգերով: Եվրոպական ջահն անտեսվեց: Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները մեկ ելք ունեն: Արդեն երկու տասնամյակ է երկրի օրակարգում են կոռուպցիան վերացնելու, պետական կառավարման որակը կտրուկ փոխելու, շուկան մենաշնորհներից պաշտպանելու, ավելի ազատական ու մատչելի դարձնելու, սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ներդնելու եւ երկիրն արդիականացնելու այլ խնդիրներ":
Հարկ է նշել, որ Ռիգայի նախաշեմին հայ հանրությունը նաեւ նոր հակաարեւմտյան եւ հակաեվրոպական պատվաստում ստացավ: Կոնչիտայի ուսերին գցած եռագույնի պատկերը ցնցումային աստիճանի այնքան գարշելի էր, որ հիմա Արեւմուտք եւ Կոնչիտա բառերն ընկալվում են որպես հոմանիշ: Իսկ դա նշանակում է, որ հանրությունը մի բան էլ դեմ է, որ Ռիգայում որեւէ ռեալ բան ստորագրվի: Ձեւական հռչակագրային որեւէ թուղթ հանրությունը մի կերպ կմարսի, սակայն դրանից ավելի ցանկացած բան, այսինքն այն, ինչը Թեւան Պողոսյանն անվանում է "եվրոպական ջահ", հանրության միայն զզվանքն է առաջացնում: Այնպես որ, Ռիգայի նախաշեմին էլ ԵՏՄ-ն լրացուցիչ պլյուս գրանցեց ՀՀ հանրային կարծիքում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
