ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ՕԶԲԻԼԻՍԻ ՓՈԽԱՐԵՆ "ՍՊԱՐՏԱԿԸ" ԿԼՔԻ ՅԱԿԻՆԸ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ՕԶԲԻԼԻՍԻ ՓՈԽԱՐԵՆ
"ՍՊԱՐՏԱԿԸ" ԿԼՔԻ ՅԱԿԻՆԸ
Մոսկվայի "Սպարտակի" հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի շուրջ ստեղծված դրամատիկ պատմությունը կարծես թե սկսում է հանգուցալուծվել: Ընդ որում, կարծես ոչ թե հայ ֆուտբոլիստներն են ստիպված լինելու լքել թիմը, այլª ազգությամբ թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը:Ամեն դեպքումª "Սպարտակը" շարունակում է ամեն կերպ հիասթափեցնել երկրպագուներին, թեեւ հայ ֆուտբոլիստները խաղադաշտում չեն եւ այդ պարտությունների մեղքը նրանց վրա բարդել հնարավոր չէ: Ակումբի ղեկավարությունը փորձում է խաղային ճգնաժամից դուրս գալու միջոցներ փնտրել: Այդ միջոցներից մեկը նոր ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները գնելն է, բայց այսքանով մոսկովյան ակումբի խնդիրները դժվար թե ավարտվեն: Եվ ահա "Սպորտ-Էքսպրեսի" փոխանցմամբª թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն արդեն գործնականում պաշտոնանկ է արվել եւ թիմը կլքի առաջնության ավարտից հետո: Այս որոշմանը, ըստ աղբյուրի, ակումբի ղեկավարությունը եկել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած խոշորª 4:0 հաշվով պարտությունից հետո: Այս պարտությունից հետո "Սպարտակի" բաժնետեր Ջեւան Չելոյանցը թեեւ նշել է, որ ակումբը չի քննարկել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին հեռացնելու հարցը, բայց նաեւ, որ. ""Սպարտակի" խաղի որակից գոհ չեմ: Մրցաշրջանը կամփոփենք տնօրենների խորհրդի ժամանակ: Մարզիչը գոնե պետք է ռուսախոս լինի: Մեզ անհրաժեշտ են ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք ոչ միայն լավ կխաղան "Սպարտակում", այլեւ ներքուստ կլինեն սպարտակցի":
"Մարզիչը գոնե պետք է ռուսախոս լինի" արտահայտությունը գնահատվում է որպես Յակինի հեռանալու մասին ակնարկ: իսկ այդ դեպքում Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի կարգավիճակը թիմում կարող է կտրուկ փոխվել: Հատկապես, որ Արաս Օզբիլիսը վերականգնվել է վնասվածքից եւ վերսկսել է մարզումները մոսկովյան ակումբի գլխավոր թիմի ընդհանուր խմբում: Օզբիլիսի վերադարձի մասին Championat.com-ի հետ խոսել է "Սպարտակի" մամուլի քարտուղար Ֆյոդոր Տուրբինը. "Օզբիլիսն աշխատում է առաջին թիմի ընդհանուր խմբում: Նա ներողություն է խնդրել եւ զրկվել է պարգեւավճարներից: Այժմ խաղացողի, մարզչական շտաբի եւ մյուս ֆուտբոլիստների միջեւ չկա որեւէ թյուրըմբռնում": Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա վերջինս վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել է ելույթները այս մրցաշրջանում եւ ապաքինվելուց հետո միայն հնարավորություն կունենա գուցե արդեն "Սպարտակի" նոր գլխավոր մարզչի հետ քննարկելու ակումբը լքելու կամ մնալու հարցը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
