ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՈՒՏԵԼՈՒ ՎԱՅՐ ՉԷ
Արխիվ 12-16ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՈՒՏԵԼՈՒ ՎԱՅՐ ՉԷ
Մայիսի 16-ին Հայաստանի շուրջ 111 թանգարաններում մեկնարկեց "Թանգարանային գիշեր" համաեվրոպական նախաձեռնությունը: Ծրագրի շրջանակներում բոլոր թանգարանները, մինչեւ կեսգիշեր, բաց էին արվեստասեր հասարակության համար: Այցելուների համար նախապատրաստվել էին մշակութային տարբեր ծրագրեր, որպեսզի հայ հասարակության համար օրը տոն դարձնեին: "Իրավունքը" շրջելով երեւանյան մի քանի թանգարաններով, եղավ նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ "Թանգարանային գիշերը" գերհագեցած էր տարբեր միջոցառումներով` ազգագրական երգ ու պարից մինչեւ պատմական Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսություն: Այցելուների մեծ մասը թանգարան էր եկել ընտանիքով. ուրախալի էր տեսնել, թե ինչպես է հայրը` 7-8 տարեկան երեխաների ձեռքից բռնած, շրջում ցուցասրահներով եւ ծանոթացնում նրանց պատմությանը: Սակայն, պարզվում է, միշտ չէ, որ ընտանիքները թանգարան են գնում ցուցանմուշներին ծանոթանալու համար:
Մարդկանց մի մասը կարծես եկել էր ոչ թե թանգարան, այլ քաղաքից դուրս: Թանգարանի միջնաբերդը, որը բացառիկ նմուշ է եւ իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, այդ օրը ոմանց համար դարձել էր արեւածաղիկ կեղեւազրկելու վայր: Այս "պարտաճանաչ" այցելուները միջնաբերդ էին բարձրացել արեւածաղկի տոպրակներով "զինված" եւ շրջում էին ոչ թե միջնաբերդն ուսումնասիրելով, այլ արեւածիկ ուտելով եւ թքելով: Բոլոր քարերն ու գրություններն ուշադիր ուսումնասիրող երեխան ի՞նչ պետք է սովորի այն զույգից կամ այն մարդկանցից, որոնք շուրջբոլորն աղտոտել էին արեւածաղկով: Երբ այցելուներից մեկի նյարդերը տեղի տվեցին ու նկատողություն արեց, թե թանգարանի տարածքը չի կարելի աղտոտել, ստացավ հետեւյալ "տրամաբանական" պատասխանը` եղածը արեւածաղիկի կեղեւներ չե՞ն, քամին կքշի մի տեղ կտանի էլի: Ահա այսպիսի տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց պատճառով էլ շատ հուշարձանների տարածքներ դարձել են աղբանոցներ: Նման մարդկանց համար հաջորդ տարի երեւի պետք է թանգարանի մուտքին փակցնել "Արեւածաղկով մուտքն արգելվում է" գրությունը, որպեսզի հասկանալի լինի, որ թանգարանը արեւածաղիկ ուտելու վայր չէ: Այս ամենն ինչքան էլ խանգարի արեւածաղկի բիզնեսով զբաղվողներին, որոնց բիզնեսն այդ օրը "վերելք" ապրեց, գոնե կօգնի թանգարանները զերծ պահել աղտոտվածությունից:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
