ԱԲՈՒ-ԼԱԼԱՅԻ ՔԱՐԱՎԱՆԸ ՄԱԿԵՏԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՄԱԶԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ԱԲՈՒ-ԼԱԼԱՅԻ ՔԱՐԱՎԱՆԸ ՄԱԿԵՏԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՄԱԶԻ ՎՐԱ
Կայացավ «Թանգարանային գիշեր» արդեն ավանդական դարձած ակցիան, եւ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես «Իրավունքը» մշակութասեր հանրության հետ եղավ տարբեր թանգարաններում:
Հատկանշական է, որ տարեցտարի այս միջոցառումը ավելի քաղաքակիրթ ու բովանդակ նշանակություն է ստանում: Եթե նախորդ տարիներին հաճախ ականատես էինք լինում թանգարանների առջեւ միմյանց բրթբրթող հերթերի ու թանգարանի աշխատակիցների` դժկամությամբ հանրությանն ընդունող հայացքների, ապա այս տարի թանգարանային տոն էր ամենքի համար:
ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Իսկական հայուհուն բնորոշ հյուրընկալությամբ մեզ դիմավորեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում: Ավելին` ի տարբերություն մյուս թանգարանների, պատիվ ունեցանք անգամ մեծ բանաստեղծուհու տան գորգի վրայով քայլել դեպի պատշգամբ, ապա լինել հյուրասրահում, մի խոսքով` կապուտիկյանական մթնոլորտում:
Ո՞ՒՐ Է ԱԲՈՒ-ԼԱԼԱՅԻ ՔԱՐԱՎԱՆԻ ՄԱԿԵՏԸ
Եղանք նաեւ մեծ վարպետի` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում` վայելելով իսահակյանական վարդաշատ այգու օդն ու բույրը: Ի դեպ, մեր աչքից չվրիպեց այն, որ Ավ. Իսահակյանի գլուխգործոցի` Աբու-Լալա Մահարու քարավանի մակետն այլեւս թանգարանում չէ: Սակայն, թանգարանի աշխատակիցները ցավով նշեցին, որ այն կոտրվել է վերանորոգման ընթացքում, միեւնույն ժամանակ, ներկայացնելով քարավանն այլ կերպ: Մանրակերտող Էդուարդ Ղազարյանի «հրաշագործության» արդյունքում Աբու-Լալայի քարավանը հայտնվել էր մազի վրա` ապշեցնելով հարյուրավոր այցելուների:
ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ
Նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարանում, հենց մուտքի մոտ, արդեն իսկ ակնառու էր թանգարանի առկա խնդիրը` ժամանակն է այն ընդլայնելու: Թանգարանում, պարզապես, օդ շնչելու հնարավորություն չկար, իսկ այցելուներին ընդունում էին քիչ-քիչ, եւ սա բոլորովին էլ այն դեպքը չէ, որ ասեին` «սիրտներս մեծ լինի» ու տեղավորեին այցելուներին փոքրիկ սենյակներից բաղկացած նեղ թանգարանում:
Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
