«ՖԻԼՄԸ ԽՐԽՆՋԱՑՈՂ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ ՉԷ»
Արխիվ 12-16«ՖԻԼՄԸ ԽՐԽՆՋԱՑՈՂ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ ՉԷ»
Մայիսի 20-ին կկայանա «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմի պրեմիերան, ինչի առթիվ, երեկ «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, սցենարիստ ՊՈՂՈՍ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, ինչպես նաեւ գլխավոր հերոսներ ՀԱՅԿ ԱՖՐԻԿՅԱՆԸ, ԷԼԻԶԱ ԹՈՒՆՅԱՆԸ եւ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
ՖԻԼՄԸ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԲԱՐԻ ԱՎԱՐՏ
Սցենարի հեղինակի համոզմամբ. «Հիշատակի ֆիլմ է` նվիրված իմ հարազատ ընկերներից մեկին: Ֆիլմում զետեղված են նաեւ բաց տեսարաններ` եթե ֆիլմը սիրո մասին է, մելոդրամա է, ապա այն իր մեջ պետք է ներառի տեսարաններ, որոնք հանդիսատեսին կտանեն դեպի սեր եւ երջանկություն:
Ցավում եմ, որ ֆիլմը չի ունենա այն բարի ավարտը, որին կսպասի հանդիսատեսը»,- տեղեկացրեց Պ. Ամիրխանյանն ու անդրադարձ կատարեց դերասանների խաղին. «Անահիտ Մութաֆյանը սկզբից կերտում էր երկրորդական կերպար, սակայն այնպես ստացվեց, որ ամբողջ ֆիլմի պատմությունը պտտվեց Անահիտի շուրջ, եւ նա դարձավ գլխավոր հերոսներից մեկը: Հայկ Աֆրիկյանը, Էլիզա Թունյանը եւ Անահիտը ստեղծեցին այնպիսի պատմություն, որը հանդիսատեսին կստիպի լացել, ուրախանալ, սպասել եւ ինչու չէ հավատալ փոքրիկ հույսին»: 
Ֆիլմը երկու եղբայրների պատմություն է, ովքեր ապրում են նույն հասարակության մեջ, սակայն իրարից շատ հեռու: Պատմության հիմքում իրական փաստեր են, բայց տրվել է նաեւ գեղարվեստական մոտեցում: Ստեղծագործական կազմի փոխանցմամբ` բացի եղբայրական մեծ սիրուց, ֆիլմում ներկայացված է նաեւ ծնողի սերը որդու հանդեպ, ով հանուն որդու պատրաստ է ամեն ինչի: Սցենարի հեղինակը նաեւ տեղեկացրեց, որ ֆիլմի գլխավոր հերոսն ու իրական հերոսը չեն հանդիպել իրական կյանքում. «Պարզապես, չեմ ցանկացել այդ կերպարներին եւս մեկ անգամ հիշեցնել իրենց ցավը: Ինքս ներկա եմ եղել նրանց ամբողջ պատմությանը»,- ասաց Պ. Ամիրխանյանն ու տեղեկացրեց, որ ֆիլմի պրեմիերային նրանք եւս ներկա կլինեն, բայց վստահ չէ` կցանկանա՞ն հանրությանն այդ մասին տեղյակ պահել, թե` ոչ:
«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ Ի ՀԱՅՏ ԳԱՆ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ»
Ֆիլմի ռեժիսոր եւ դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ գտնում է` ֆիլմը հաջողվել է, պրոֆեսիոնալների կողքին խաղացել են նորահայտ դերասաններ. «Կողմ եմ, որ մեր հայկական ֆիլմարտադրության մեջ լինեն երիտասարդ դերասաններ, որովհետեւ մարդիկ արդեն հոգնել են նույն դեմքերը տեսնելուց: Ժամանակն է, որ էկրաններին ի հայտ գան նոր դեմքեր: Ֆիլմը սկսելիս` դժվարին ճանապարհներով ենք անցել, բայց, փառք Աստծո, կարողացանք ավարտին հասցնել եւ մայիսի 20-ին կհանձնենք հանդիսատեսի դատին»,- վստահեցրեց Ա. Դալաքյանը, ապա տեղեկացրեց, որ նկարահանումները հիմնականում եղել են Երեւանում: Ըստ ռեժիսորի` ֆիլմն ուսուցողական է, սակայն նախատեսված է 16 տարեկաններից բարձր հանդիսատեսի համար` բաց տեսարանների համար:
ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
14 ԱՆԳԱՄ ԱՊՏԱԿ Է ՍՏԱՑԵԼ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՑ
Խոսելով ֆիլմի խոհանոցային տեսարանների մասին` ռեժիսորը մտաբերեց մի քանիսը, թե ինչպես գլխավոր հերոսուհի Էլիզա Թունյանը ստիպված է եղել 14 անգամ ապտակ ստանալ Անահիտ Մութաֆյանից` կադրը բնական ստանալու համար.
«Այդ պահին վիրավորանք էի զգում, իրոք, չկար խաղ, այդ ամենը իրական էր, իրականում ես լացում էի` վիրավորված էի ապտակից: 14 դուբլ ապտակվելուց հետո ասացի` խնդրում եմ, էլ չեմ կարողանում»,- ծիծաղով պատմեց Էլիզան: Ֆիլմի ռեժիսորն էլ հավելեց. «Գիտեք, որ ֆիլմում մեկ դուբլով տեսարաններ հազվադեպ են լինում, մեզ մոտ չեն եղել արհեստական կադրեր: Տեսարան կար, որ գլխավոր հերոսուհին պետք է արյուն ստանար, նա իսկապես կտրեց մատը, որպեսզի արյունը ավելի բնական լինի: Անահիտ Մութաֆյանը մի տեսարանում պետք է օղի խմեր, իսկ ես շփոթել էի օղու շիշը, ու պատկերացրեք` Հյուսիսային պողոտայում անցորդները կարծում էին, թե ինչ-որ մի գիժ կին է քայլում, բայց նա խաղում էր, սա է մեր ֆիլմի հիմքում ընկած` խաղալ բնական, որն այսօր բացակայում է հայ ֆիլմարտադության մեջ»:
«ԿՄԵՐԿԱՆԱՄ,
ԵՐԲ ԿԵՐՊԱՐՆ Է ՍՏԻՊՈՒՄ»
Դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ով ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը, նախ «դժգոհեց». «Չգիտեմ ինչու, բոլոր ռեժիսորներն ու սցենարիստները իմ մեջ տեսնում են մեծ մոր կերպար, գուցե լավ է, որ այդքան մայրական զգացումներ եմ արտահայտում բոլորի մոտ: Արդեն որերորդ դերս է, որ դեռեւս չմայրացած` խաղում եմ մայր: Հայ գրականությունում ու դրամատուրգիայում միշտ հայ կնոջն ու մորը տեսել ենք նվիրված իր ընտանիքին, հանուն ընտանիքի ամեն ինչ զոհաբերող: Այստեղ առաջ են քաշվում հայ կնոջ կերպարի ենթաշերտերը, որ կինն ընտանիքում լինելով դժբախտ, ճիշտ է, նվիրված է ընտանիքին, բայց նա էլ է կին եւ ապրել է ուզում: Կերպարս ճակատագրական կին է, մասնագիտությամբ փաստաբան-իրավաբան, մերժված` ամուսնու, որդու կողմից»,- ֆիլմից որոշակի բացահայտումներ անելուց հետո դերասանուհին խոսելով բաց տեսարանների մասին` շեշտեց, որ դրանք հանդիսատես կորզելու համար չեն. «Հարցազրույցներից մեկում ասել եմ, որ կոմերցիայի համար չեմ մերկանա, բայց երբ կերպարն է ստիպում` կմերկանամ: Նկարահանումների ժամանակ այնքան ինքնաբուխ ստացվեց դա` կերպարն էր ստիպում: Մենք զերծ ենք մնացել կոմերցիայի հետեւից վազելուց: Այսօր, ցավոք, մեր հանդիսատեսի ու հեռուստադիտողի մակարդակը մի քիչ ցածրացել է, բայց մենք չենք փորձել իջնել` այլ իրենց վեր հանել»,- ասաց Անահիտն ու շեշտեց,- «Ֆիլմը խրխնջացող հանդիսատեսի համար չէ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
