"ՄԵՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՏՄ-ԻՆ ՀԱՄԸՆԿԱՎ ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ"
Արխիվ 12-16"ՄԵՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՏՄ-ԻՆ ՀԱՄԸՆԿԱՎ
ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ"
Եվ այսպես, քիչ-քիչ ավարտին է մոտենում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կես տարին: Իհարկե, ժամանակահատվածը շատ քիչ է` գնահատականներ տալու համար, առավել եւս, որ հայաստանյան հանրությունը, ասենք` նաեւ գործարար դաշտը, դեռ հստակ պատկերացումներ չունի այն մեխանիզմների մասին, որոնցից լիարժեք օգտվելու դեպքում միայն հնարավոր կլինի օգտվել ԵՏՄ-ի տված հնարավորություններից: Օրինակ` փոքր ձեռներեցությամբ զբաղվողներից մեկն օրերս մեզ այսպես ներկայացրեց իր մտավախությունները. "Իհարկե` մեծ ուրախությամբ բիզնեսս կզարգացնեի նաեւ Ռուսաստանում: Բայց թե ինչից պետք է սկսել, ինչի եմ այնտեղ բախվելու, ինչ ռիսկեր կան, ինչքանով համոզված լինեմ, որ ԵՏՄ-ի օրենքների փոխարեն` իմ առաջ չեն դրվի գուցե նաեւ ապօրինի պահանջներ, նման իրավիճակում ում դիմեմ, ումից օգնություն սպասեմ: Չէ որ իմ բավականին համեստ բիզնեսը առաջին իսկ նման հարվածից կարող է պարզապես ոչնչանալ: Դե, ես էլ նախընտրում եմ դեռ ռիսկի չգնալ. սպասենք, տեսնենք ինչ կլինի":
Ժամանակի ընթացքում, թերեւս, մարդիկ կամաց-կամաց կսկսեն իրավիճակը պատկերացնել: Ու, հասկանալի է, այդ ժամանակահատվածն առավելագույնս կրճատելու համար մեր պատկան պետական կառույցները պետք է հնարավորինս ակտիվացնեն բացատրական աշխատանքները: Հենց այդ նպատակին էլ միտված էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ հետ մեր այս զրույցը:
-Պարոն Կարայան, հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատերերը դեռ քիչ պատկերացում ունեն ԵՏՄ շուկա մուտք գործելու իրենց հնարավորությունների մասին. ո՞ւր գնան, ո՞ւմ դիմեն, ինչպե՞ս վարվեն եւ այլն:
- Առաջին քայլով, կարծում եմ, գործարարը ճիշտ կվարվի, եթե ուսումնասիրի ԵՏՄ օրենսդրությունը, թեկուզեւ այն մասով, որը վերաբերում է իր գործունեությանը: Այն առումով, որ հենց այդ օրենսդրությունն է ապահովում, որ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքների, ծառայությունների, աշխատանքի եւ կապիտալի ազատ տեղաշարժ իրականացվի: Այսինքն` Միությունն այդ բոլոր պայմանները ստեղծում է, եւ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո այդ ամենից կարող են օգտվել մեր քաղաքացիներն ու ձեռնարկատերերը:
- Այնուամենայնիվ, եթե հայաստանյան ընկերությունը ցանկանում է, ասենք, Ռուսաստանում որեւէ պատվեր շահել, պարզապես պետք է գնա ու համապատասխան մրցույթին մասնակցի՞:
- Այո: Ընդ որումª ԵՏՄ-ն իր անդամներին եւ, մասնավորապես, հայաստանյան բիզնեսին հնարավորություն է տվել մասնակցել մյուս անդամ երկրների` մինչեւ իսկ պետական գնումների համակարգին: Ցանկացողը կարող է հայտ ներկայացնել ու մասնակցել:
- Բայց մարդիկ համեմատաբար փոքր խնդիրներից են ավելի շատ վախենում: Ասենքª ինչ-որ ցածր օղակի ոստիկան մոտենում է, թեª գնացինք բաժանմունք. նման բողոքներ էլ են եղել:
- Նույնիսկ սպասելի էր, որ սկզբնական փուլում որոշակի խնդիրներ եւ խոչընդոտներ կլինեին: Ի վերջոª Հայաստանը մի քանի ամիս է, որ այդ համակարգում էª ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների, որ ունեին Մաքսային միության շրջանակներում համագործակցության փորձը: Այդ բոլոր խնդիրներն աստիճանաբար կհարթվեն: Իսկ այս պահին գործարարը խնդիր ունենալու դեպքում առաջին հերթին կարող է դիմել մեր նախարարությանը: Դրանից հետո` կա եվրասիական մարմիններին եւ մինչեւ իսկ Եվրասիական դատարան դիմելու հնարավորությունը, այդ թվում` նաեւ մեր նախարարության միջոցով:
- Խոսքը նաեւ անհատ քաղաքացիների մասի՞ն է:
- Բոլորի: Հասկանալի է, եթե կոնկրետ խնդիրը կապված է ԵՏՄ-ի, դրա օրենսդրության հետ:
- ԵՏՄ-ին մեր անդամակցությունը հաշված ամիսների պատմություն ունի` չնչին ժամանակահատված նման հսկա ինտեգրացիոն համակարգի համար: Այնուամենայնիվ, գոնե նախնական գնահատականներ կփորձե՞ք տալ:
- Գնահատականներ տալը բարդ է ոչ միայն քիչ ժամանակահատվածի պատճառով, այլ նաեւ, որ դա բավականին դրամատիկ ժամանակաշրջան էր: Մեր անդամակցումը համընկավ հայտնի բարդ տնտեսական գործընթացների հետ, եւ դրանցից միայն մեկը` ռուբլու փոխարժեքի խնդիրը արդեն իսկ բավական էր մեր արտահանման ծավալների վրա էականորեն ազդելու համար: Բայց իրավիճակն աստիճանաբար սկսում է կարգավորվել, որից հետո միայն հստակ կդառնան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության էֆեկտները:
Չնայածª այս պահին եւս որոշակի էֆեկտ տեսանելի է: Այն, որ մենք ստացանք առաջնային անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ` առանց ռուսական արտահանման մաքսատուրքերի ներմուծելու հնարավորություն, արդեն իսկ վկայում է ԵՏՄ-ին անդամակցության կոնկրետ առավելությունների մասին: Խոսքը հատկապես էներգակիրների, ցորենի մասին է: Օրինակ` ցորենի մասով այս տարվա հունվարից Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ցորենի արտահանման բավականին լուրջ սահմանափակումներ սահմանեց, որը, սակայն, Հայաստան ներմուծվող ցորենի վրա չազդեց:
Մի խոսքովª հիմնական խնդիրը, կրկնում եմ, ռուբլու դեվալվացիան էր, որի ազդեցությունը Հայաստանի վրա, հասկանալի է, կապված չէր ԵՏՄ-ին մեր անդամակցության հետ: Ավելին. եթե չլինեինք ԵՏՄ-ի կազմում, դրա բացասական ազդեցությունն ավելի մեծ չափով կզգայինք:
- Նույն ցորենի (ասենք` որոշ այլ ապրանքատեսակների եւս) հետ կապված տարեսկզբին որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, եղան: Ռուսական ցորենը նավով հասնում էր Փոթի, բեռնաթափվում վագոններ, եւ արդեն փաստաթղթերով դա դառնում էր Վրաստանից իրականացված ներկրում` համապատասխան մաքսատուրքերով հանդերձ: Դրան լուծում եղա՞վ:
- Այդ խնդիրն իրոք կար, եւ այն հնարավորինս արագ կանոնակարգվեց: Այդ կարգի տեխնիկական խնդիրները, պայմանավորված ԵՏՄ-ի հետ մեր սահմանի բացակայությամբ, իհարկե այս նախնական փուլում հնարավոր էին: Սակայն այստեղ հիմնականում հստակեցման հարցեր են, եւ ինչպես ցորենի դեպքում, այդ հստակեցումն արագորեն արվեց:
Դրա հետ մեկտեղ, այդ կարգի ակտուալ հարցեր էլի կան: Օրինակ` ավելացած արժեքի հարկի վերադարձման խնդիրը: Օրերս Հայաստանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Թիմուր Սուլեյմենովը (ով պատասխանատու է հարկային քաղաքականության հարցերով): Նրա հետ եւս այդ հարցերը քննարկեցինք, եւ մոտ ժամանակներս Հայաստանը կներկայացնի հարցի լուծման իր տարբերակը` հաշվի առնելով ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայության առանձնահատկությունը: Այսինքն` Հայաստանի համար մենք կփորձենք ավելի պարզեցված մոտեցումներ առաջարկել:
Բավականին ակտուալ խնդիր էր նաեւ Հայաստանի արտահանման խրախուսման հարցը, որի առնչությամբ վերջերս Ազգային ժողովն ընդունեց օրենքներ…
- Խոսքը նաեւ "խոպանչիների օրենքի" մասի՞ն է:
- Այո: Օրենքը սխալմամբ այդ անունով կնքվեց, թեեւ արդեն բոլորն էլ հասկացան, որ այն ոչ մի կապ չունի "խոպանչիների" հետ: Ընդ որումª քննարկումների ժամանակ հնչեց նաեւ այն հարցը, թե այդ օրենքը չի՞ հակասում ԵՏՄ-ի օրենքներին, ու եւս մեկ անգամ ասեմ, որ ոչ: Եվ Թիմուր Սուլեյմենովը եւս հայտարարեց, որ այդ օրենքը ոչ մի կերպ չի հակասում ԵՏՄ-ի մեխանիզմներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Սուրեն Կարայանի մեկնաբանությունը` կապված հարցի հետ, թե ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը` Իրանի հետ ԵՏՄ-ի սպասվող համագործակցությունից, կներկայացնենք մեր վաղվա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
