ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ ցանկացած տարածաշրջանում այս կամ այն իրավիճակով պայմանավորված, ելնելով կոնկրետ պետությունների վարած քաղաքականությունից, շատ արագ կարող է փոփոխվել առկա իրավիճակը եւ տվյալ տարածաշրջանն անսպասելիորեն վերածվել առճակատումների օջախի` հղի բոլոր հնարավոր վտանգներով: Ուստի, ներկա ժամանակաշրջանում, շատ կարեւոր է պետական եւ պաշտոնական մակարդակով պետությունների եւ հատկապես անմիջական հարեւանների հետ լավ հարաբերություններ պահպանելն ու զարգացնելը:
ՀՀ-ն այս առումով մեծ ընտրություն չունի` մեկ պարզ պատճառով. երկու կողմից մեզ շրջապատում են ոչ բարեկամ երկրներ` Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք մինչ օրս շարունակում են հավատարիմ մնալ պետական մակարդակով հայատյաց եւ հակահայկական քաղաքականություն վարելու իրենց սկզբունքներին: Հարեւաններից միայն Իրանն ու Վրաստանն են, որոնց պարագայում միանշանակ կարելի է փաստել, որ Հայաստանն այդ երկու հարեւանի հետ ունի բավական բարձր մակարդակի հարաբերություններ, իսկ հեռանկարներն այս ուղղությամբ խոստանում են ավելի լավ ապագա: Հայաստանի համար հատկապես կարեւոր է Վրաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելու երաշխիքների ամրագրումը:
Ինչ խոսք, հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները ձեւավորվել են դարերի ընթացքում եւ այն փոխվստահության մթնոլորտը, որը առկա է այսօր, մեծ աշխատանքի արդյունք է` ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական երկխոսության տեսանկյունից: Այդուհանդերձ, առավելապես կարեւոր է, որպեսզի ձեւավորված դրական մթնոլորտը պահպանվելուն զուգահեռ օգտակարության տեսանկյունից լինի ավելի արդյունքաբեր: Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը հետագայում ինչպիսի քաղաքական ուղղվածություն կունենա, ինչպիսի հարաբերություններ կհաստատեն մեր հարեւանները միմյանց հետ, անհրաժեշտ է հետամուտ լինել հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու գաղափարին:
Վերը հիշատակված պետական եւ պաշտոնական մակարդակների փոխվստահության հիմքերն էլ ավելի են ընդգծվում, իսկ փոխշահավետ համագործակցության մթնոլորտն ավելի է ջերմանում, երբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ զարգանում է անձնական շփումների եւ փոխըմբռնման ավանդույթը: Այս տեսանկյունից բավական ողջունելի է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների համագործակցությունը` լինի աշխատանքային, անձնական կամ պաշտոնական հանդիպումների մակարդակով: Հ. Աբրահամյանը միշտ էլ աչքի է ընկել իր օտարերկրյա գործընկերների հետ անմիջական շփումների դաշտում հանդես գալու կուլտուրայով, ինչն անխոս ավելի է մոտեցնում առկա խնդիրների հաղթահարման կամ դրանց լուծման հավանականությունը: Վերջինիս` Վրաստան կատարած վերջին այցը նշվածի վառ ապացույցն է: Ավելորդ չէ հիշատակել նաեւ այն փաստը, որ ՀՀ-ի եւ Հարավային Օսիայի ԱԺ նախագահների հանդիպման արդյունքում առաջացած արհեստական լարվածությունը հնարավոր եղավ թոթափել գերազանցապես Աբրահամյան-Ղարիբաշվիլի երկխոսության շնորհիվ:
Ընդհանուր առմամբ, կարելի է եզրափակել, որ Հայաստան-Վրաստան համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում զարգանալու միտում ունի: Նախորդ տարի 2013-ի համեմատությամբ աճ է արձանագրվել մի շարք ոլորտներում` առեւտրատնտեսական, ֆինանսաներդրումային, հաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի, հումանիտար բնագավառներում: Քաղաքական բարձր մակարդակներում կայացած հանդիպումների ժամանակ մշտապես ընդգծվել է Հայաստանի եւ Վրաստանի տարբեր տնտեսական միավորներին ինտեգրման արդյունքում խոչընդոտների հնարավոր առաջացման պարագայում դրանք միասնական ջանքերով հաղթահարելու, եւ, ի հավելումն դրա, նոր իրավիճակը հօգուտ երկկողմ շահերի օգտագործելու ճանապարհով ընթանալու պատրաստակամությունը:
Վրաստանի հարցերով փորձագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑ
Հ.Գ. Այնպես որ, ի հեճուկս մեր որոշ չկամեցողների եւ հաճախ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ արհեստականորեն սեպ խրողների, կարող ենք արձանագրել, որ հայ-վրացական բարեկամությունը շարունակում է մնալ ժամանակակից աշխարհում որպես երկու հարեւան երկրների եւ ժողովուրդների միմյանց հետ հնարավոր բարձր մակարդակներում հարաբերվելու լավագույն օրինակներից մեկը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
