"ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԱՊԱԼԵԼ ԴՈԼԱՐԸ",- ՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Արխիվ 12-16"ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԱՊԱԼԵԼ ԴՈԼԱՐԸ",- ՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Կարծես թե բավականին հետաքրքիր կարծիք են սկսել կազմել թուրքերը` սեփական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Այսպեսª ամերիկյան The Daily Beast-ի փոխանցմամբ. "Նրա քաղաքական ընդդիմախոսները եւ սովորական մարդիկ փողոցներում հաճախ կրկնում են, որ Էրդողանը խելագարվել է": Մինչեւ իսկ. "Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլահ Զեյդանը նշում է, որ նախագահը "կարծում է, որ ինքը սուլթան է": Խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքշեներն էլ պնդում է, թե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փակ դռների հետեւում մարդկանց պատմում է, որ Էրդողանը "խելագարվել է":
ԷՐԴՈՂԱՆԸ ԽԵԼՔԸ ԹՌՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ
Իհարկեª Էրդողանը խելքը թռցնելու պատճառներ ունի: Մի կողմիցª Անկարային շարունակում է նյարդային ցնցումների մեջ պահել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի թեման եւ, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը: Այն աստիճան, որ թեեւ Պուտինի այցից արդեն բավականին ժամանակ անցել է, սակայն Անկարան այդպես էլ կոշտ հակառուսական հռետորաբանությունից դուրս չի կարողանում գալ: Մյուս կողմից էլª առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որին Էրդողանը գնում է ամենեւին էլ ոչ երաշխավորված հաղթողի դիրքերով: Մինչդեռ Վաշինգտոնը լուրջ ազդեցություն ունի հիմնական նախընտրական հակառակորդներիª Թուրքիայի քրդական ուժերի ու, ամենակարեւորը, "գունավոր" գյուլինիստական ընդդիմության նկատմամբ: Եվ դրանից զատ էլª Էրդողանի գլխին է կախել Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը: Այսինքնª գնալով սրվում է վաշինգտոնյան այդ ճնշումների, Պուտինից "նեղանալու", ռուսական "Թուրքական հոսք" գազատարի մեջ ընտրության հարցը, եւ որ տարբերակն էլ ընտրի, մյուս ուղղությունից խնդիրների պակաս չի ունենալու:
Չնայածª կա նաեւ ժամանակ շահելու տարբերակը: "Թուրքական հոսքի" դեմ կռիվ տալու ռեզերվային տարբերակ Վաշինգտոնը կարծես թե գտել է: Նախª պետական դեֆոլտի ռիսկը հաշվի առնելովª դեռ անորոշ է մնում այդ ծրագրում Հունաստանի ներգրավման հարցը, առանց որի "Թուրքական հոսքը" Թուրքիայից այն կողմ չի կարող անցնել: Այնուհետեւª վերջին օրերին բուռն թափով դասական "գունավոր" երեւույթներ են զարգանում նաեւ Մակեդոնիայում:
Իսկ Մակեդոնիան իր հերթին է միակ ճանապարհը "Թուրքական հոսքը" Սերբիա եւ այնտեղիցª մյուս եվրոպական երկրներ հասցնելու համար, հաշվի առնելով, որ մյուս երկուª ալբանական եւ բուլղարական ուղղություններն էն գլխից էլ ամբողջական ամերիկյան վերահսկողության տակ էին: Ու այս իրավիճակն Էրդողանին հնարավորություն է տալիս ժամանակ շահելª "Թուրքական հոսքի" միջոցով հայացքը Ռուսաստան շրջելու հարցում: Բայց նաեւ դեպի ԱՄՆ-ը հետ գնալը եւս կարող է ռիսկային լինել: Նախª թուրքական այդ կոշտությանը Ռուսաստանը եւս սկսել է տնտեսական կոշտությամբ պատասխանել: Եվ երկրորդը. ռուսները սպառնում են Եվրասիական միության բոլոր տնտեսական կամուրջներն Իրանի հետ կառուցել: Մյուս կողմից էլª Չինաստանն է սկսել ակնարկել "Մետաքսի ճանապարհի" ողջ հարավային թեւը Իրան-ԵՏՄ, այսինքնª Իրան-Հայաստան ուղով ուղղորդել, եւ այդ ամենի արդյունքում թուրքերը հայտնվում են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում Իրանից անհուսալիորեն ետ մնալու վտանգի առաջ:
ԴՈԼԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵ՞ՐԸ
Բայց ամենակարեւորըª այս օրերին միանգամից սրվեց նաեւ այն հարցը, թե չի՞ փոխվի համաշխարհային ծանրության կենտրոնը, որից ելնելով` հնարավոր է ապագայի հետ կապված վերջնական որոշումներ ընդունել: Օրերս չինական լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին, որից հետո էլª աշխարհով մեկ ծավալվեց այն ալիքը, թեª Չինաստանը ¥մի շարք մեկնաբանություններովª Ռուսաստանի հետ համատեղ¤ պատրաստվում է վերջին հարվածը հասցնել դոլարի համաշխարհային հեգեմոնիային: Իմաստը մոտավորապես հետեւյալն է. Չինաստանը կարողացել է բոլորի աչքից թաքուն կուտակել մոտ 30 հազար տոննա ոսկի, որը յուանին, որպես ռեզերվային վալյուտա, դոլարին շրջանցելու ռեալ շանս է տալիս: Այն, որ դոլարի հեգեմոնիայի դեմ պայքարի գլխավոր սեպը դառնալու էր հենց ոսկին, հեղինակավոր տնտեսագետները նոր չէ, որ մատնանշել էին: Դրա հետ մեկտեղª փաստ է նաեւ, որ թեեւ պաշտոնապես Չինաստանի ոսկու պետական պաշարը գնահատվում էր մոտ 3-3,5 հազար տոննայի կարգի, ռուսականըª 1,2-1,5 հազար տոննայի, սակայն երկու երկրներն էլ վերջին տարիներին ակտիվորեն ավելացնում էին ոսկու պահուստները, իսկ իրական ծավալների մասին նույնիսկ մոտավոր պատկերացումներ չկային: Եվ դրանից զատ, թեեւ ԱՄՆ-ի պահուստները ¥այդ թվումª ԱՄՆ-ում պահվող այլ երկրների ոսկին¤ պաշտոնապես գնահատվում էր 8-8,5 հազար տոննայի կարգի, սակայն դեռ անցած տարվանից շրջանառվում էր այն վարկածը, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերն աստիճանաբար ոսկին դուրս էին բերել Նահանգներիցª կենտրոնացնելով չինական Շանհայի ոսկու բորսայում: Իսկ ահա համաշխարհային թիվ 1 բորսայի վերածվելու հավակնություններ ունեցեղ Շանհայի բորսան դեռ անցած ամիս սկսեց փորձնական առեւտուր կազմակերպել չինական յուանով, եւ կա այն մասնագիտական կարծիքը, որ այս տարեվերջին տեղի կունենա դոլարից յուանի ամբողջական անցում, որն անմիջապես էլ կարող է նաեւ աշխարհի մասշտաբով ոսկու գնահատումը դոլարից անցկացնել յուանի: Եթե սրան գումարենք չինական մյուս բոլոր հայտնի ֆինանսական նորաստեղծ համակարգերը, որոնք կոչված են պետք եղած դեպքում փոխարինել ամերիկյան վերահսկողության համապատասխան համակարգերին ¥Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ֆինանսական տվյալների փոխանցման համակարգեր եւ այլն¤, նույնպես իրենց ամբողջական կենսունակության մակարդակին նախատեսված է հասցնել այս տարեվերջին, ապա այդ ամենը իրոք հուշում է, որ աշխարհն այդ պահին էլ կմտնի դոլարի գերիշխանության դեմ պայքարի նոր փուլ, որտեղ հիմնական հաղթաթուղթ են լինելու ոսկու մեծ պաշարները: Ու չինացի փորձագետներն էլ կարծես թե այնքան են վստահ, որ անգամ կոնկրետ մեխանիզմներից են խոսում. բավական է, որ Չինաստանն իր վալյուտային պաշարներից 2-3 տրիլիոն դոլար ուղղի ոսկի ձեռք բերելուն, եւ դրանով միանգամից կպայթեցնի դոլարը:
Այն, որ չինական ամբողջովին վերահսկելի լրատվական դաշտը միանգամից այդ թեման դրեց շրջանառության մեջ, արդեն իսկ հուշում է, որ Չինաստանի իշխանություններն են, որ տվեցին այս համաշխարհային խաղի մեկնարկը: Ու չմոռանանքª նախագահի մակարդակով մայիսի 9-ին Ռուսաստան կատարած այցից անմիջապես հետո, ինչը եւս հուշում է, որ Պեկինն ու Մոսկվան գործում են համաձայնեցված:
Ի՞նչ պատասխան կարող է տալ Վաշինգտոնն այս իրավիճակում: Պետքարտուղար Քերին, որ օրերս Ռուսաստանում էր, ապա մեկնեց Չինաստան: Թեեւ այն, որ չինական այս հարվածն սկսվեց Քերիի այդ այցերից անմիջապես հետո, հուշում է, որ քաղաքական լուծումներ չկան:
Բայց ահա նույն այս օրերին "պատահաբար" վերսկսվեցին Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ուղղությամբ օդային գրոհները, ու մինչեւ իսկ այնտեղ բեռներ տեղափոխող իրանական նավերն ստուգելու կամ թույլ չտալու դեպքումª դրանց վրա հարձակվելու հայտարարություններ լսվեցին: Կա նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերի միջոցով տրված պատասխանը. "Ես անկեղծորեն պատասխանում եմ, որ Իրանի համբերատարությունն ու զսպվածությունն էլ սահմաններ ունեն: Եմեն ուղեւորվող իրանական նավերի վրա հարձակումը տարածաշրջանում պատերազմի նոր կրակ կարող է վառել": Թերեւս հենց սա էլ հիմնական վտանգն է. Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը մի կողմիցª դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստանի սահմանները տարածվելու վտանգ ունի: Բայց այս ուղղությամբ նախ պետք է "հրդեհը" անցկացնել Իրանից այն կողմ, որը հաստատ արաբների ատամի բանը չէ: Էլ չասած, որ հաստատ պատահական չէին հենց այդ ուղղությամբ օրերս կազմակերպված ՀԱՊԿ-ի զորավարժությունները: Մյուս կողմից էլª Մերձավոր Արեւելքից կրակը կարող է տարածվել դեպի Ուկրաինա, թեեւ այս դեպքում էլ Կիեւը նախ պետք է կարողանա լուծել Դոնբասի բանակի խնդիրը:
Մի խոսքովª առանց ԱՄՆ-ի անմիջական մասնակցության` լուրջ պատերազմ չի լինի, իսկ ԱՄՆ-ի մասնակցությունը կտանի ուղղակի առճակատման Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որն էլ իր հերթին է բացառված տարբերակ:
Մի խոսքով, թեեւ պատերազմը կլուծեր դոլարի խնդիրը, բայց ընդգծենքª հաղթական պատերազմը, որին առաջին դեմքով մասնակցելուց ԱՄՆ-ին կհաջողվեր խուսափել: Եվ դրա ռեալ տարբերակներն են, որ տեսանելի չեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
