ԲՀԿ-ԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆԻ
Արխիվ 12-16
Եթե ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, նույն խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հակառակ կարծիքի է:"Իրավունքի" հետ զրույցում Ստեփան Մարգարյանն ասաց, որ համայնքների խոշորացման ծրագիրը պետք է զուգորդվի համայնքների տնտեսական զարգացման հետ, հակառակ դեպքում ազգաբնակչությունը տեղաշարժ չի զգա: "Համայնքները պետք է կարողանան ինքնուրույն գումար հավաքել: Համայնքները սեփական բյուջե պետք է հավաքեն: Տարեկան 100.000 դրամը բյուջե եք համարո՞ւմ: Կարծում եմ` ծիծաղելի կլինի դրական պատասխանել: Հետեւաբար, պահանջել գյուղապետից ծրագիր իրականացնել, անիմաստ է: Համայնքներին տրվող դոտացիան բավարարում է միայն վարչական ապարատի պահպանմանը",- մանրամասնեց պրն Մարգարյանը:
Անդրադառնալով իր գործընկերոջ` Լյովա Խաչատրյանի այն պնդումներին, թե համայնքների խոշորացումը ոչինչ չի տալու` բացի ավելորդ տեղաշարժից, ոչ մի ծառայություն էլ չի մատուցվելու համայնքի բնակիչներին, պրն Մարգարյանն ասաց. "Ես հարց եմ տալիս, ո՞ր ծառայության մասին է խոսքը: Ինձ ասում են, թե տեղեկանք է ստանում: Ո՞ր տեղեկանքի մասին է խոսում: Գյուղապետարանը շատ վաղուց որեւէ տեղեկանք չի տալիս, տեղաշարժի հարց էլ չկա: Դա շատ պարզունակ մտածողություն է":
Հանձնաժողովի նախագահի տեղակալին հիշեցրինք Լյովա Խաչատրյանի խոսքերը, երբ քյովխեն գնում է, հետեւից գնում են գյուղացիները, երբ քյովխեն չունի "պեչատ", չկան լծակներ, նա գյուղում մնա, որ ի՞նչ անի: "Քյովխեն լինելու է: Գյուղապետն իր տեղում լինելու է: Իրենք ունենալու են գյուղապետարանի ներկայացուցիչ, որը կատարելու է իր նախկին գործառույթները: Չի բացառվում, որ հենց համայնքը նշանակի այդ ներկայացուցչին",- հակադարձեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման հանրաքվեի ցածր մասնակցությանը, Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ միգուցե որոշ գյուղապետներ են հորդորել գյուղացիներին չմասնակցել հանրաքվեին` վախենալով իրենց պաշտոնը կորցնելուց:
Ի վերջո, ո՞րն է նախընտրելի տարբերակը` համայնքների խոշորացման հարցում: "Իդեալականը ինձ համար կլիներ այն, որ մենք ունենայինք խոշոր համայնքներ",- եզրափակեց տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
